Հնագետները մոտ 2,5 հազար տարվա վաղեմության մոնումենտալ արձան են հայտնաբերել ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հին Սարդիսում, հայտնում է Harvard Gazette-ը։
Ավելի քան 2,1 մետր բարձրությամբ քանդակն անսովոր լավ է պահպանվել և գրեթե ամբողջական է եղել։
Այն հայտնաբերվել է մայիսի վերջին՝ հռոմեական սյունաշարի պեղումների ժամանակ։ Արձանը կոտրված է եղել երկու մասի և օգտագործվել է որպես հին ճանապարհի սալաքար. այն տեղադրել էին դեմքով դեպի ներքև։ Հուլիսի 13-ին բեկորները հանել են հողից և տեղափոխել վերականգնման լաբորատորիա։
Հետազոտողները կարծում են, որ արձանը ստեղծվել է մ.թ.ա. մոտ 470–450-ական թվականներին՝ Աքեմենյան Պարսկաստանի կողմից Լիդիան նվաճելուց հետո։ Միևնույն ժամանակ դրանում գրեթե չկան պարսկական ոճական գծեր։ Ընդհակառակը, քանդակագործը համադրել է հունական արվեստի առանձնահատկությունները Անատոլիայի ավանդական հագուստի և ավելի վաղ ժամանակաշրջանին բնորոշ սանրվածքի հետ։
Հենց սա էլ գտածոն դարձնում է առանձնապես հետաքրքիր։ Հնագետների խոսքով՝ վարպետն ակնհայտորեն ծանոթ էր իր ժամանակի արդիական գեղարվեստական հնարքներին, սակայն գիտակցաբար դիմել էր մի ոճի, որը գոյություն է ունեցել արձանի ստեղծումից մոտ մեկ դար առաջ։ Հնարավոր է՝ այդ կերպ նա ընդգծել է Լիդիայի անցյալի հետ կապը։
Թե ում է պատկերում արձանը և որտեղ է սկզբնապես կանգնեցված եղել, առայժմ անհայտ է։ Վարկածներից մեկով այն կապում են տեղական մայր աստվածուհի Կիբելեի՝ դեռևս չհայտնաբերված սրբավայրի հետ։ Հնարավոր է, որ քանդակը պատկերել է ազդեցիկ մի անձի, որը ցանկացել է իրեն հավերժացնել աստվածության կողքին։

Հնագետները ցանկանում են հայտնաբերել նաև արձանի սկզբնական հետքերը։ Վերականգնումից հետո բեկորները կմիացվեն, իսկ արձանը կցուցադրվի Թուրքիայի հնագիտական թանգարաններից մեկում։
Լիդիական թագավորությունը Հին Ասիայի արևմտյան մասում գտնվող հին պետություն է եղել, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. VII–VI դարերում և սերտ կապ է ունեցել հունական աշխարհի հետ։
Leave a Reply