Ծննդյան 80-ամյակը հաճելի առիթ է՝ անդրադառնալու մի մարդու, պետական ու կուսակցական գործչի կերպարին, ում հետագիծը նկատելի է Գորիսի տարածաշրջանի վերջին հիսուն տարվա անցուդարձում, ում ներկայությունը տեսանելի է այսօրվա մեր ընթացքի մեջ, ով շարունակում է յուրօրինակ փայլ հաղորդել Սյունիքի՝ շատ թե քիչ պահպանված մտավորականության առաջապահ փաղանգին։
Խոսքը Սուրեն Բախշիի Վարդանյանի մասին է…
***
Ծնվել է 1946 թ․ օգոստոսի 24-ին Գորիսի շրջանի Տանձատափ գյուղում։
1964 թ․ ավարտել է Տաթևի միջնակարգ դպրոցը։
1964-69 թթ․ սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում և ավարտելով՝ ստացել անասնաբույժի մասնագիտություն։
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատել է Բարձրավան գյուղում՝ անասնաբուժական տեղամասի վարիչ։
Այնուհետև՝ 1969-70 թթ․, ծառայել է խորհրդային բանակում։
Զորացրվելուց հետո՝ 1971 թվականին, նշանակվել է կոմերիտմիության Գորիսի շրջկոմի հրահանգիչ, ապա` բաժնի վարիչ։
1974-91 թթ․ աշխատել է կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմում՝ նախ՝ հրահանգիչ, ապա` քաղլուստան վարիչ, 1979 թվականից՝ կազմակերպական բաժնի վարիչ։
1982-ին ընտրվել է շրջկոմի քարտուղար, 1983-ին՝ 2-րդ, իսկ 1990 թվականին՝ 1-ին քարտուղար՝ պաշտոնավարելով մինչև 1991 թ․ սեպտեմբեր, երբ լուծարվեցին կուսակցության շրջկոմները։
Աշխատանքին զուգահեռ՝ 1975 թվականին, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը, որն ավարտել է 1980-ին։
1991-94 թթ․ աշխատել է «Ագրոբանկի» Գորիսի մասնաճյուղում, ապա՝ «Թամամ» արտադրական կոոպերատիվում՝ իրավախորհրդատու։
1994 թ․ նշանակվել է Գորիսի միջշրջանային դատախազի օգնական, 1999 թ․ հունվարից՝ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ՝ համակարգելով դատախազության աշխատանքը Գորիսի տարածաշրջանում։
2007 թվականին անցել է կենսաթոշակի։
***
Մոտ երեք տասնամյակ Սուրեն Վարդանյանը կոմերիտական-կուսակցական աշխատանքի առաջնագծում էր։
Եվ, կարծեք, պետք է լիներ այդ ժամանակ իշխող կոմունիստական գաղափարախոսությամբ պարփակված-կաղապարված, կուսակցության դիրեկտիվներով ապրող ու առաջնորդվող անձնավորություն, սակայն․․․
Ինքը Հայաստանի կոմունիստական կուսակցության այն ճյուղի ներկայացուցիչներից էր, ովքեր, կոմունիստական գաղափարներ կրելուց առաջ՝ ազգային ոգու ու գաղափարների ջատագով էին։ Այսինքն՝ իշխող քաղաքական ուժի հնարավորություններն առավելագույնս ծառայեցնում էին հայրենի երկրամասի զարգացմանը, մեր ազգային ոգու պահպանմանը, Գորիսի տարածաշրջանի հոգևոր-մշակութային հարուստ ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը։
Ասվածը հաստատող-հավաստող բազմաթիվ օրինակներ կարող ենք հիշել։
Ճշմարտությունը պահանջում է փաստել՝ Գորիսի շրջանի ղեկավարներ Արամ Հարությունյանի և հատկապես Ռոբերտ Ալեքսանյանի իշխանավարման տարիներին Գորիսում (արդեն իսկ) կյանքի էին կոչվում նախագծեր, որոնք ձևով ու բովանդակությամբ ոչ միշտ էին տեղավորվում կոմունիստական գաղափարախոսության կաղապարի մեջ։
Պատահական չէ, որ 1988-ին սկիզբ առած հայոց ազգային զարթոնքի բնօրրաներից մեկը (հանրապետության մասշտաբով) Գորիսն էր։
Սուրեն Վարդանյանն այդ ժամանակաշրջանում Գորիսը ղեկավարող թիմի առանցքային դեմքերից էր։
Պետական և կուսակցական գործչի նրա տեսակը նկատել էր նաև մեր նշանավոր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ իր «Ընտիր երկեր»-ի՝ Սուրեն Վարդանյանին նվիրած օրինակի ընծայագրում. «Սիրելի Սուրեն, ես անկեղծորեն ուրախ եմ, որ քեզ նման մաքուր հայորդին տեղ ունի մեր կյանքը կառավարողների մեջ» (26․08․87 թ․)։
***
Սուրեն Վարդանյանը, ինչպես նշեցինք, առաջին մասնագիտությամբ անասնաբույժ է, երկրորդ մասնագիտությամբ՝ իրավաբան, բայց․․․
Ինքնակրթությունն ամբողջ կյանքում ուղեկցել և ուղեկցում է նրան։ Ու տարիների ընթացքում դարձել է հայրենագիտության իսկական մասնագետ, հայրենի եզերքը մանրամասն ճանաչող այր, ում ծանոթ է Գորիսի տարածաշրջանի ամեն մի անկյուն։
Դարձել է նաև մշակութաբան՝ բառի իսկական իմաստով։ Նրա հետ կարելի է օրերով զրուցել մշակութային ամենատարբեր հարցերի շուրջ՝ մանրանկարչությունից, հոգևոր երգերից ու շարականներից, սյունիքյան ժայռապատկերներից մինչև դասական երաժշտություն ու պոեզիա, մինչև գեղանկարչություն ու քանդակագործություն։
Հարազատացել է գրականագիտության հետ. քաջածանոթ է հատկապես Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի, Գարեգին Սևունցի, Սուրեն Այվազյանի, Գուսան Աշոտի և, իհարկե, Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր գրիչների ու ծաղկողների ժառանգությանը։
***
Սուրեն Վարդանյանի կենսագրության մեջ կա մի դրվագ, որ առաջին հայացքից դժվար ընկալելի է։
1990 թվականին, երբ հանրապետությունում փաստացի հաստատվել էր երկիշխանություն, երբ կոմունիստական կուսակցությունն այլևս միակ իշխող քաղաքական ուժը չէր, երբ կոմկուսի անդամերը ցուցադրաբար հրաժարվում էին ժամանակին մեծ դժվարություններով ստացած կուսակցական տոմսից և փորձում իրենցից «համարձակ ու հայրենասեր», նաև «առաջադեմ» գործչի տեսիլք ուրվագծել, Սուրեն Վարդանյանը ստանձնեց արդեն իսկ փլվող կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմի 1-ին քարտուղարի դերը։
Անշուշտ, ինքն էլ կարող էր խորտակվող նավից փախչողների շարքում հայտնվել և լույս աշխարհ եկող նոր քաղաքական ուժի ապահով ուրթում հանգրվանել, քանզի ամենքից լավ ինքն էր տեսնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում։ Բայց գործեց միանգամայն հակառակ կերպ․․․
Երբեք չեմ փորձել նրանից պատասխան կամ պարզաբանում ստանալ պատմական այդ օրերին իր իսկ որդեգրած գործելակերպի շարժառիթների վերաբերյալ։
Սակայն ինքս ինձ համար եզրակացության եմ հանգել, քանի որ շրջանային «Զանգեզուր» թերթի խմբագիրն էի, դրանով պայմանավորված՝ իրադարձությունների կենտրոնում էի, և ամեն ինչ, կարելի է ասել, մեր աչքի առջև էր։
Իր պահվածքով Սուրեն Վարդանյանը ցույց էր տալիս, որ պատեհապաշտությունը մերժելի է, որ սեփական դեմքը կերպարանափոխելը՝ հանգամանքների բերումով, դատապարտելի է, որ ճամբարափոխությունը՝ անձնական շահերից ելնելով, անբարոյականություն է, որ․․․
Հետագա իրադարձություններն էլ հաստատեցին, որ նրա ընտրած ուղին ողջամիտ է և տրամաբանական․ կոմկուսը լքած և ՀՀՇ շարքերում հանգրվանած մարդկանցից շատերը հետագայում տեղավորվեցին այլ ուժերի շուքի տակ, որոնք փոխարինեցին ՀՀՇ-ին։ Ու այդպես՝ մինչև այսօր․․․
Այո, 1990 թվականի աշխարհափոխման օրերին որդեգրած իր պահվածքով մեր հոբելյարը քաղաքացիության, բարոյականության, մարդկայնության պարզ դաս էր տալիս երբեմնի գործընկերներին և կուսակցական ընկերներին։
Այդ դասը, թվում է, հիմա էլ արդիական է․․․
***
Սուրեն Վարդանյանը տարիների ընթացքում պատրաստել և հրատարակել է մի քանի գրքույկ։
Ուշադրության արժանի են հատկապես «Հինավուրց Տանձատափ» (1-ին հրատարակությունը՝ 2013 թ․, 2-րդ հրատարակությունը՝ 2015 թ․), «Տոհմանուններ» (Գորիսի տարածաշրջան, 2015 թ․) գրքերը։
Վերստին ընթերցելով «Հինավուրց Տանձատափը»՝ համոզվում եմ՝ հեղինակն իր քարափների տարեգիրն ու երգիչն է։
Ականատես լինելով նրա ապրած կյանքին, համոզվում եմ՝ իր սքանչելի բնօրրանն ու բնաշխարհն ամբողջ կյանքում ոգեշնչման աղբյուր են եղել, ապրելու և ստեղծագործելու նախապայման։
Ավելին՝ տվյալ գրքով ինքը կապող օղակի դեր է ստանձնել ժամանակների միջև՝ իր նախնիների ժամանակի ու իր զավակների միջև։
Շարադրանքում ինքը չի ձգտում կամ ջանում հուշ դարձած դեպքերն ու դեմքերը, իրադարձություններն ու ավանդույթները խմբագրել։ Եվ այդ անկեղծությունն ու անմիջականությունն են, որ, ի վերջո, սրբագործում են մեր լեռնաշխարհի այդ անկյունը՝ Տանձատափը՝ իր մարդկանցով, բնաշխարհով, սովորույթներով։
Ներկայացված փաստերն ու նկարագրությունները, հուշն ու վերհուշը նոր արժեք են ձեռք բերում, երբ ողողվում են այն մեծ սիրով ու կարոտով, որ կա հեղինակի մոտ։
Մանկության աչքերով դիտված, ճանաչված մարդիկ, հայրենի տունն ու ծննդավայրը գրքում դառնում են բնության մի մասը՝ իմաստավորված-համեմված դարերի խորքից եկող ավանդույթներով, բառ ու բանով։
Իսկ սկիզբը, այո, մանկությունն է, որ գրքում դառնում է երազ, կարոտ ու սեր.
«Թող այնպես լիներ, որ մանկանայի,
Գարունը բացվեր, մարգեր գնայի,
Մեր գառն ու ուլը այնտեղ տանեի,
Նրանց առաջին «գժական խաղը» ես վայելեի։
Նոր ծլարձակած թթվաշ քաղեի,
Մորս եփելիք թանովի համար դաղձ հավաքեի,
Ընկերներիս հետ թեք լանջերն ի վար գլոր գնայի,
Թփի մեջ հենց նոր աչիկը բացած զանգակ գտնեի,
Մանուշակի դեռ նոր տերև գցած մի ոստ տեսնեի,
Օրը չմթներ, այդպես գնայի՜, այդպես գնայի՜, քեզ հանդիպեի։
Ա՜խ, երանի թե ես մանկանայի»։
Ոչ պակաս ուշագրավ է «Տոհմանուններ» (Գորիսի տարածաշրջան) գրքույկը։
Հեղինակի (ինչպես և շատերիս) համար հայրենիքը սկիզբ է առնում իրենց գեղջկական տնից, որն այս դեպքում հուշի մեջ ապրող մանկության-պատանեկության աշխարհն է։
Բայց հայրենիքի ճանաչողության համար (մեր պարագայում) չափազանց կարևոր նախադրյալներ են երկրամասում ապրող տոհմերը կամ գերդաստանները։
Գրքույկում ներկայացվում է Գորիսի տարածաշրջանի 25 համայնքում հաշվվող 972 տոհմ։
Թեման, անշուշտ, գիտական մեծ արժեք ունի ազգագրության տեսանկյունից, բայց․․․
Մեր համոզմամբ՝ գրքույկը ծագումով գորիսեցիներին իրենց բնօրրանի հետ կապելու յուրօրինակ միջոց է։ Դա սերունդների միջև կապ ստեղծելու և այդ կապը նորոգ պահելու միջոց է։ Դա ապրողներիս համար նախնյաց հիշատակին, նրանց թողած ժառանգությանը հավատարիմ մնալուն նպաստող հնարք է։
Ի վերջո նաև այդպես են հայրենի տունը, արմատները դառնում կանչող-ձգող ափ։
Նաև այդպես է բարձրաձայնվում ու լսելի դարձվում տոհմի կանչը։
Նաև այդպես է լրացվում, առարկայանում Գորիսի տարածաշրջանի բնական, աշխարհագրական, տեղանքային, ժողովրդագրական պատկերը։
***
Բնապաշտությունը Սուրեն Վարդանյանի մարդկային հատկանիշներից է։
Ծանոթացեք թեկուզ և «Մեր հրաշք բնաշխարհը» հոդվածաշարին («Պատառիկներ անցյալից» գրքույկից) և կհամոզվեք՝ գործ ունենք իսկական բնապաշտի հետ։
«Անտառի համը» խոհագրությունն ասվածի ցայտուն արտահայտություններից է։
Նրա հրապարակումներում մշտական բնակություն են հաստատել իր փոքր հայրենիքի Կարմիր քարն ու Սպիտակ ջուրը, Սղնախի բարձունքը, Մեծ ձորն ու Հարսնաձորը, Օվենի անտառը, Գյազբել-Արամազդը․․․
Հայրենի բնաշխարհի մասին խոսելիս, սակայն, չի բավարարվում շրջակա միջավայրը, բնության հրաշքներն ու հուշարձանները ներկայացնելով, այլ (միաժամանակ) մատնանշում է խնդիրներ, բարձրաձայնում մտահոգություններ՝ դրանց պահպանման ուղղությամբ։
***
Սուրեն Վարդանյանն այն մարդկանցից է, ովքեր մեր հասարակության զգայուն նյարդերն են։
Այն քչերից է, որ չի կարողանում անտարբեր անցնել մեր պետությանն ու ժողովրդին պատած հոգսերի, հայ ժողովրդին ու մեր արժեհամակարգին սպառնացող վտանգների կողքով։
Քչերից է, որ հատկապես վերջին տարիներին մեր երկրում տեղ գտած և գտնող շատ-շատ արգահատելի երևույթների կողքով չի կարող անտարբեր անցնել։
«Պատառիկներ անցյալից» գրքում զետեղված լրագրային մի շարք հոդվածներ հենց այդ մասին են՝ «Աշխարհի բանը», «Երկրի ագրարային հատվածի խնդիրների մասին», «Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք»․․․
Հոբելյարը տարիներ շարունակ (ու մինչև հիմա), ժամանակ առ ժամանակ, հանդես է եկել լրագրային հրապարակումներով՝ այդկերպ արտահայտելով սեփական դիրքորոշումը կամ վերաբերմունքը մեր ընթացքի տարբեր հարցերի հանդեպ։
Հոդվածների մի մասն էլ զուտ հայրենագիտական ուղղվածություն ունեն։
Լրագրային այլ հրապարակումներից էլ իմանում ենք այն ջերմ հարաբերությունների մասին, որ ունեցել է Սերո Խանզադյանի, Համո Սահյանի, Սուրեն Այվազյանի, Գուսան Աշոտի հետ։
***
Հարգելի պարոն Վարդանյան
Ընդունեք մեր շնորհավորանքը ծննդյանդ 80-ամյակի կապակցությամբ։
Ձեզ՝ նախևառաջ քաջառողջություն։
Հավատացեք՝ Ձեր ներկայությամբ ու գործունեությամբ այսօր շարունակում եք սպասված մնալ մեր լեռնաշխարհում։
Ուստի և՝ պինդ կացեք ու նոր ստեղծագործություններով, նոր գործերով շարունակեք մնալ ընդօրինակման արժանի՝ այդկերպ ավելի կենսունակ դարձնելով համոզմունքը, որ Սյունյաց աշխարհը (թեև այս պահին խոցված ու անդամահատված, թեև անարժանապատիվ ու անհայրենիք արարածներով մեր ընթացքը ձևախեղած) եղել, մնում է ու լինելու է Հայոց պետության և պետականության ողնաշարը, Հայոց արժանապատվության երբեք չխամրող խորհրդանիշն ու կրողը։
Սամվել Ալեքսանյան
Leave a Reply