Ներկայացնում ենք «Ազդակ» օրաթերթում հրապարակված Ահարոն Շխրտըմեանի Երբ Ազգային Գործընկերութիւնը Կը Փոխարինուի Ենթակայութեան Պահանջով հոդվածի արեւելահայերեն տարբերակը:
Ահարոն Շխրտըմեան
Արման Եղոյանի` Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած այն միտքը, թե «որքան հզոր է սփյուռքը, այնքան հզոր է Հայաստանը» համոզումը «միֆ» է, հնարավոր չէ դիտարկել որպես առանձին, պատահական կամ զուտ տեսական դատողություն: Սա ամբողջովին տեղավորվում է վերջին տարիներին իշխանության կողմից առաջ մղվող «Իրական Հայաստան» գաղափարախոսության տրամաբանության մեջ, որ հետեւողականորեն փորձում է վերասահմանել Հայաստանի, սփյուռքի եւ համազգային նպատակների փոխհարաբերությունը:
Խնդիրը միայն մեկ պատգամավորի արտահայտությունը չէ: Խնդիրը այն քաղաքական մտածելակերպն է, որի մեջ Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար ներկայացվում է որպես հայության քաղաքական, ազգային եւ պատմական օրակարգը սահմանող միակ կենտրոն, իսկ սփյուռքին վերապահվում է այդ ուղղության հետեւորդի կամ ենթակայի դեր:
Մինչդեռ նույն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը շատ ավելի հստակ եւ ամբողջական պարտավորություն է սահմանում պետության համար: Այն նախատեսում է հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացում, հայապահպանությանն ուղղված քաղաքականության իրականացում եւ հայրենադարձության խրախուսում: Ավելին. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա պարտավորություն ունի նպաստելու այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական ու մշակութային արժեքների պահպանմանը, ինչպես նաեւ հայ կրթական եւ մշակութային կյանքի զարգացմանը:
Այս սահմանադրական մոտեցումը շատ կարեւոր սկզբունք է հաստատում. սփյուռքը Հայաստանի Հանրապետության վարչական ստորաբաժանումը չէ, այլ` համազգային իրականության անբաժանելի մասը: Հայաստան-սփյուռք հարաբերությունը հրահանգողի եւ կատարողի հարաբերություն չի կարող դառնալ: Այն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի, վստահության, պատասխանատվության եւ ազգային նպատակների շուրջ համագործակցության վրա:
Հետեւաբար, այսօրվա հրամայականը սփյուռքի ազդեցությունը սահմանափակելու քաղաքական կամ գաղափարական հիմնավորումներ փնտրելը չէ: Հրամայականն ամբողջովին հակառակն է` գտնել այն միջոցները, որոնց շնորհիվ Հայաստանի եւ սփյուռքի կարողությունները պիտի միավորվեն եւ փոխադարձաբար պիտի ուժեղացնեն միմյանց:
Սփյուռքի հզորացումն ինքնին չի նշանակում Հայաստանի թուլացում: Հզոր սփյուռքը միջազգային քաղաքական շրջանակներում ազդեցություն է, տնտեսական եւ մասնագիտական ներուժ է, մշակութային ներկայություն է, կրթական համակարգ է, ազգային հիշողություն է եւ, ամենակարեւորը, Հայաստանի կողքին կանգնելու եւ նրան աջակցելու ներուժ է:
Լուսանկարը` João Sousa/L՛Orient
Առավել մտահոգիչ է այն, որ սփյուռքի դերի այս վերաիմաստավորումը կարող է անդրադառնալ նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պահանջատիրական պայքարի վրա: Տասնամյակներ շարունակ սփյուռքն այդ պայքարի գլխավոր շարժիչ ուժերից մեկն է եղել: Այն Հայաստանի անկախ պետականության բացակայության երկար տասնամյակների ընթացքում պահպանել է ազգային պահանջը, պայքարել է ճանաչման համար, ստեղծել է քաղաքական եւ հասարակական ազդեցության կառույցներ ու միջազգային օրակարգի վրա պահել է Հայ դատը:
Երբ այսօր փորձ է արվում սփյուռքի քաղաքական ինքնուրույնության սահմանները նեղացնել եւ նրան հասկացնել, թե ազգային օրակարգը պիտի ճշտվի միայն Երեւանի իշխանական կենտրոնից, այդ մոտեցումն անխուսափելիորեն հարվածում է նաեւ տասնամյակներով կերտված պահանջատիրական համակարգին: Նման քաղաքականությունը, անկախ իրեն տրված բացատրություններից, կարող է ծառայել Ցեղասպանության ճանաչման, հատուցման եւ պատմական արդարության հետապնդման համազգային պայքարը թուլացնելու գործընթացին:
Հայաստանն ուժեղ սփյուռքից վախենալու պատճառ չունի: Հայաստանը պե՛տք ունի հենց այդ սփյուռքին:
Նույնպես սփյուռքը Հայաստանից հեռու մնալու պատճառ չունի: Նա կարիք ունի հզոր, ինքնիշխան ու ազգային պատասխանատվությամբ գործող Հայաստանի:
Հարցը, հետեւաբար, թե ո՛վ ումից հրահանգ պիտի ստանա, ազգային օրակարգի համար փակուղի է: Ճիշտ հարցադրումն այլ տեղ է գտնվում ինչպե՞ս Հայաստանը եւ սփյուռքը կարող են իրենց ամբողջ ներուժը միավորել` հայկական պետականությունը, ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը եւ համազգային շահերը միասին պաշտպանելու համար:
Ահա այս հարցի պատասխանը պետք է փնտրեն Հայաստանի քաղաքական ղեկավարները: Բայց այդ պատասխանը հնարավոր է գտնել միայն այն ժամանակ, երբ սփյուռքը դիտվի ոչ թե որպես կառավարելի կամ ուղղորդելի զանգված, այլ որպես սեփական փորձառություն, կառույցներ եւ ազգային դերակատարություն ունեցող ուժ: Սփյուռքը` ոչ ենթակա, այլ ազգային գործընկեր:
Հայ ժողովրդի տարբեր հատվածները իրարից հեռացնելով ու հակադրելով` տկարանում է ազգի միասնականությունը, նվազում է համազգային ուժը եւ խաթարվում է ընդհանուր նպատակների շուրջ գործելու կարողությունը:
Իսկ Հայաստանն ու սփյուռքը միմյանց հակադրելով` տկարանում է համայն հայությունը:
Այս հոդվածը հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply