Տաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ արշավախումբը՝ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ, Տաթևի Մեծ անապատում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է բավականին հետաքրքիր և արժեքավոր բարավոր։

«Տեղում իրականացված աշխատանքների արդյունքում, քարը շրջելուց հետո, պարզվել է, որ այն արձանագիր է։ Մինչ օրս անհայտ և չհրատարակված այս վիմագիրը նոր լույս է սփռում անապատի խցերի կառուցման պատմության վրա։ Արձանագրությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրման փուլում։ Նախնական տվյալներով՝ այն պարունակում է անձնանուն, ում հիշատակին կառուցվել է խուցը, կամ ով ապրել է այնտեղ»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից։

Նշենք, որ պեղումներն իրականացվում են Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ։ Աշխատանքների ընթացքում բացվել են նաև համալիրի տարբեր հատվածներ, այդ թվում՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլն։

Նույն պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է նաև Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը։ Վերջինս բավականին հետաքրքիր կառույց է՝ թե՛ իր ինժեներական, թե՛ գեղարվեստական լուծումներով։ Աղբյուրն ամբողջությամբ բացվել է, և այժմ այն հասանելի ու տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։

Պեղումները շարունակվում են։
Leave a Reply