1970-ականներից կազմակերպվող տոնը՝ տարբեր անվանումներով ու դրսևորումներով, ամեն տարի ունենում է յուրօրինակ բովանդակություն։
Այս անգամ տոնը մեկնարկեց Չոփչունց ձոր կոչվող թաղամասից․․․
Թաղամասի վերակառուցված փողոցը կոչվեց Իրանի Իսլամական Հանրապետության Նային քաղաքի անունով՝ դառնալով երկու ժողովրդի բազմադարյա բարեկամության ևս մեկ արտահայտություն։
Փողոցի անվանակոչմանը մասնակցում էին նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։
Օրվա ընթացքում իրականացվեցին բազմաբնույթ մարզամշակութային միջոցառումներ։
Հետաքրքիր ծրագրով հանդես եկան Գուսան Աշոտի անվան ժողգործիքների համույթը, «Լիլի Նարինյան» պարային ստուդիան, Ա․ Սաթյանի անվան երաժշտակլան դպրոցի դհոլահարների խումբը, Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1, ինչպես և թիվ 7 մանկապարտեզների սաները։
Տոնական միջոցառմանը մասնակցեցին նաև Գորիսի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի, նաև Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի սաները։
Տոնական օրը Գորիսը հյուրընկալել էր հարյուրավոր զբոսաշրջիկների և հյուրերի։
Իսկ գորիսեցին, իրեն հատուկ հյուրասիրությամբ, պատրաստել էր ավանդական ուտեստներով սեղաններ՝ ստեղծելով շփման յուրահատուկ և ջերմ մթնոլորտ։
«Գորիսի օրը» միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվեցին նաև Ֆրանսիայի Վիեն քաղաքի ներկայացուցիչները։
Տոնական միջոցառման շրջանակում հյուրերի համար կազմակերպվել էին նաև անվճար երթուղիներ դեպի Գորիսի տարածաշրջանի տեսարժան վայրեր։
Երեկոյան Գորիսում կայացավ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը, որի ծրագրում ներառված էին համերգային ու ժամանցային միջոռացումներ։
Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում կազմակերպված «Ֆեստիվառ»-ի գորիսյան երեկոն եզրափակվեց երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգով։
«Գորիսի օրը» հերթական տոնակատարությունը համընկել էր Գորիսին քաղաքի կարգավիճակ շնորհելու 156-րդ տարեդարձին։
Տոնակատարության հատկապես եզրափակիչ փուլին, առանց չափազանցության, մասնակցում էր ամբողջ Գորիսը:
Leave a Reply