Ժամանակակից արվեստի ցուցահանդեսում երբեմն ամենակարեւորը կարող է լինել ոչ թե այն, թե ինչ է ցուցադրված, այլ՝ ինչու, ինչպես եւ ինչ համատեքստում է այն ցուցադրված։ Կուրատորը (համադրողը) այս գործընթացում այլեւս միայն արվեստի գործերը ընտրող եւ տարածքում դասավորող մասնագետ չէ․ նա ինքն է ստեղծում գաղափարական կապեր, կառուցում պատմություն եւ, որոշ դեպքերում, դառնում մշակութային իրադարձության հեղինակ։
Վիկտոր Միզիանո
Լուսանկարը` Մեդիամաքս
Երեւանում դասախոսությամբ հանդես է եկել կուրատոր, արվեստաբան եւ մշակույթի տեսաբան Վիկտոր Միզիանոն։ Դասախոսությունը տեղի է ունեցել «Մշակույթի լուսաբանում. միջազգային փորձ» կրթական սեմինարների շարքի շրջանակում, ԱՐԷ մշակութային հիմնադրամի եւ Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վիկտոր Միզիանոյի համար կուրատորությունը նախեւառաջ մտավոր եւ հեղինակային պրակտիկա է, ոչ թե տեխնիկական հմտությունների հավաքածու։
Հենց սկզբում շեշտում է, որ իր դասախոսությունը չի լինելու «ինչպես գրել կուրատորական նախագիծ» կամ «ինչպես կազմել ցուցահանդեսի բիզնես-պլան»։ Փոխարենը նա փորձել է ցույց տալ, թե ինչու է ընդհանրապես առաջացել կուրատորի՝ որպես ինքնուրույն մշակութային հեղինակի կերպարը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պատմությունը սկսվում է 1960-ականներից, երբ արվեստի գործի եւ դրա ցուցադրման ավանդական հարաբերությունը սկսեց փոխվել։ Եթե նախկինում ցուցահանդեսը հիմնականում ենթադրում էր արդեն ստեղծված արվեստի գործերի ներկայացում, ապա նոր պրակտիկաներում հենց ցուցադրության գործընթացը կարող էր դառնալ արվեստի մաս։
Լուսանկարը` Մեդիամաքս
Որպես օրինակ՝ Վիկտոր Միզիանո ներկայացրել է Հարալդ Զեեմանի 1969 թվականի «When Attitudes Become Form» ցուցահանդեսին, որը հետագայում դարձավ կուրատորական պատմության սկիզբը։ Այստեղ արվեստագետներին առաջարկվում էր ստեղծել հատուկ նախագծեր, աշխատել ցուցասրահում, փոփոխել եւ զարգացնել իրենց աշխատանքները հենց ցուցադրության ընթացքում։
Այսպիսով, ցուցասրահը դադարում էր լինել միայն պատրաստի աշխատանքների «պահոց»։ Այն վերածվում էր գործընթացի, որտեղ հանդիսատեսը կարող էր ոչ միայն
նայել ստեղծված օբյեկտին, այլեւ հայտնվել արվեստի ստեղծման ընթացքի մեջ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Միզիանոն ներկայացրել է նաեւ այնպիսի օրինակներ, որտեղ արվեստի գործը փաստացի դուրս էր գալիս իր սովորական ֆիզիկական սահմաններից։ Մի դեպքում աշխատանքը ենթադրում էր արվեստագետի հետ հեռախոսային կապ, մեկ այլ դեպքում՝ ցուցասրահի պատի կամ տարածքի ֆիզիկական փոփոխություն։ Այս օրինակներում արվեստի արժեքը միայն առանձին օբյեկտի մեջ չէր. այն առաջանում էր գործողության, կապի, համատեքստի եւ տեղի ունեցած իրադարձության միջոցով։
Վիկտոր Միզիանո
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս ամենի արդյունքում ցուցահանդեսը կորցնում է այն պատկերացումը, որ այնտեղ ներկայացվածը ինքնին արժեքավոր օբյեկտ է», – այս տրամաբանությամբ նա նկարագրում է այն շրջադարձը, որը փոխեց ցուցադրության մշակույթը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Միզիանոյի ներկայացրած կուրատորական պրակտիկայի հիմքում մեկ բառ հատկապես ընդգծված էր՝ քննադատական կասկած։
Վիկտոր Միզիանո
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ կուրատորական մտածողությունը սկսվում է այն պահից, երբ մասնագետը կասկածի տակ է դնում արդեն գոյություն ունեցող ձեւերը, սեփական պրակտիկան եւ այն ինստիտուտները, որոնց ներսում աշխատում է։ Այդ պատճառով կուրատորը չի կարող սահմանափակվել ցուցահանդեսի տեխնիկական կազմակերպմամբ։ Նրա աշխատանքը ենթադրում է մեթոդի ստեղծում՝ որոշել, թե ինչ կապեր պետք է առաջանան տարբեր աշխատանքների, գաղափարների, տարածքի, պատմության եւ հանդիսատեսի միջեւ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս իմաստով կուրատորը որոշակիորեն մոտենում է արվեստագետի, ռեժիսորի կամ հեղինակի կարգավիճակին։ Ըստ Միզիանոյի՝ ժամանակի ընթացքում յուրաքանչյուր կուրատորի մոտ ձեւավորվում է սեփական մոտեցումը եւ ցուցահանդեսի կատալոգից կամ տարածքի կազմակերպումից հնարավոր է ճանաչել, թե ով է դրա հեղինակը։
Միզիանոն անդրադարձել է նաեւ Մարսել Բրոդերսի հայտնի նախագծին, որը խաղարկում էր հենց թանգարանի գաղափարը։ Արտաքուստ այն հիշեցնում էր դասական թանգարան՝ ցուցափեղկերով, առարկաներով եւ դասավորվածությամբ։
Սակայն ներկայացված էին ամենատարբեր իրեր ու պատկերներ, որոնք կապված էին արծվի պատկերագրության հետ՝ առանց այն դասական «գլուխգործոցների» արժեքի, որը սովորաբար ակնկալում ենք թանգարանից։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ կուրատորական կամ գեղարվեստական ժեստը հենց թանգարանային ինստիտուտի պարոդիան էր։ Ցուցահանդեսը կարծես օգտագործում էր ցուցադրության ավանդական լեզուն՝ դրա իսկ տրամաբանությունը հարցականի տակ դնելու համար։
Կուրատորը հենց այս նոր մշակութային արտադրության հետաքրքիր կերպարներից մեկն է։ Նրա հիմնական «արտադրանքը» հաճախ ոչ թե առանձին առարկան է, այլ իմաստների եւ հարաբերությունների համակարգը։
Միզիանոյի խոսքում կուրատորը ոչ թե այն մարդն է, ով պարզապես որոշում է՝ ինչ ցուցադրել, այլ նա, ով ստիպում է վերանայել՝ ինչ ենք տեսնում, ինչպես ենք տեսնում եւ ինչու ենք դա տեսնում հենց այդպես։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply