«Ռուսաստանն ու Իրանը կորցրել են Հայաստանը»

Written by

in

Ներկայացնում ենք Մերձավոր Արեւելքի քաղաքականության խորհրդի ավագ գիտաշխատող, Վաշինգտոնում գործող New Lines Institute for Strategy and Policy-ի ավագ տնօրեն Քամրան Բոխարիի Russia Lost Armenia. So Did Iran հոդվածի թարգմանությունը: 

 

Քամրան Բոխարի

 

Հայաստանի առաջիկա սահմանադրական հանրաքվեն կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Թեհրանի համար, որը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության պահպանմամբ։

 

Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում իր վերահսկողությունը վերականգնելու փորձերը ձախողվում են, իսկ դրա հետեւանքները զգացվում են Մոսկվայի սահմաններից այն կողմ։ Իրանը նույնպես փաստացի կորցրել է իր հյուսիսային հենարանը՝ այն զիջելով ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան առանցքին, եւ առայժմ արդյունավետ հակազդեցության միջոցներ չի գտնում։ Նույնիսկ շարունակելով մնալ իրանական հարձակումների հավանական թիրախ՝ Պարսից ծոցի արաբական երկրներն Անդրկասպյան տարածաշրջանը ավելի ու ավելի դիտարկում են որպես Իսլամական Հանրապետության ազդեցությանը հակակշռելու կարեւոր գործիք։ Այն, ինչ երկար տարիներ համարվում էր Ռուսաստանի եւ Իրանի ազդեցության գոտի, այսօր արագորեն վերածվում է նրանց մրցակիցների միջանցքի։ 

 

Հուլիսի 31-ին Կասպից ծովում իրանական նավին հասցված ուկրաինական հարվածը ցույց տվեց, որ Կիեւը ռազմական գործողություններն ընդլայնում է մարտադաշտից դուրս՝ թիրախավորելով Ռուսաստան-Իրան գործընկերության առանցքային լոգիստիկ ենթակառուցվածքները։ Կասպից ծովի ավազանում ուժ կիրառելով՝ Ուկրաինան մարտահրավեր նետեց այն միջանցքին, որը Մոսկվան եւ Թեհրանը համարում էին ռազմական բեռների եւ երկակի նշանակության ապրանքների անվտանգ փոխադրման ուղի։ 

 

Ավելի լայն իմաստով՝ այս միջադեպը ընդգծեց եվրոպական եւ մերձավորարեւելյան թատերաբեմերի միջեւ աճող փոխկապակցվածությունը։ Իրանի աջակցությունը Ռուսաստանին նրան դարձրել է ուկրաինական հարվածների ավելի անմիջական թիրախ։ Միաժամանակ, հարվածը բարձրացրեց այն հավանականությունը, որ Կասպից ծովը կարող է վերածվել եւս մեկ հակամարտության գոտու՝ կապելով Ուկրաինայի պատերազմը Իրանի մասնակցությամբ ծավալվող ավելի լայն տարածաշրջանային դիմակայության հետ։

Լուսանկարը` REUTERS

Իրանական ռեժիմի տեղեկատվական արշավը փորձում է հաղթանակի տպավորություն ստեղծել՝ ներկայացնելով, թե երկիրը «հաղթեց» ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ առճակատման մեջ։ Սակայն ռազմավարական իրականությունը բոլորովին այլ պատկեր է ցույց տալիս։ Պատերազմից զգալիորեն թուլացած Ռուսաստանն այլեւս ի վիճակի չէ ապահովել այն հյուսիսային բուֆերը, որի վրա երկար ժամանակ հենվում էր Իրանը։ Արդյունքում, Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանները դարձել են առավել խոցելի։ Միաժամանակ, Իրանի հարաբերությունները Պարսից ծոցի արաբական պետությունների հետ աննախադեպ լարված են։ Իրավիճակը հատկապես սրվեց հունիսի 17-ի փոխըմբռնման հուշագրի տապալումից հետո, երբ Վաշինգտոնը վերսկսեց Իրանի դեմ հարվածները՝ ի պատասխան Թեհրանի կողմից հուլիսի 8-ին երեք նավերի վրա իրականացված հարձակումների։

 

Այդ ժամանակից ի վեր Միացյալ Նահանգները մի շարք հարվածներ է հասցրել Իրանին՝ աստիճանաբար ընդլայնելով թիրախների շրջանակը. ռազմական օբյեկտներից անցնելով նաեւ կամուրջներին, օդանավակայաններին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին։

 

Ի պատասխան Թեհրանը եւս ընդլայնել է հակամարտության աշխարհագրությունը։ Այն հարվածել է Քուվեյթի էլեկտրաէներգիայի եւ աղազրկման օբյեկտին, իսկ հուլիսի 17-ին հարձակվել է Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական բազայի վրա, ինչի հետեւանքով երեք ամերիկացի զինծառայող զոհվեց։

 

Իրանի աջակցությունը վայելող հուսիթները հուլիսի 13-ին հրթիռակոծեցին Սաուդյան Արաբիան, իսկ հուլիսի 17-ին բալիստիկ հրթիռ արձակեցին ամերիկյան ռազմական բազայի ուղղությամբ։ Անվտանգության իրավիճակի հետագա սրումն ավելի անմիջականորեն է ներգրավել միջուկային զենք ունեցող Պակիստանին։ Իսլամաբադը նախազգուշացրել է Թեհրանին, որ Սաուդյան Արաբիայի տարածքի դեմ ցանկացած նոր հարձակում՝ անկախ նրանից, այն կիրականացվի Իրանի, թե հուսիթների կողմից, կհանգեցնի 2025 թվականին Էր Ռիադի հետ ստորագրված փոխադարձ պաշտպանության համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը։

Լուսանկարը` REUTERS

Պակիստանն ու Քուվեյթը քննարկում են պաշտպանական համագործակցության ընդլայնումը։ Հնարավոր համաձայնագիրը կարող է ներառել զորքերի տեղակայում, կործանիչ ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցություն՝ էներգետիկ կապերի խորացման եւ ներդրումների ընդլայնման դիմաց։

 

Չնայած Թեհրանի վստահ հայտարարություններին՝ Իրանը ճնշման տակ է հայտնվել գրեթե բոլոր ուղղություններից, եւ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական ընտրությունների արդյունքները եւս այդ անբարենպաստ միտման մաս են կազմում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հասարակության կողմից Կրեմլի հետ ասոցացվող քաղաքական ուժերի հստակ մերժում էր եւ լուրջ հարված Երեւանում իրեն առավել բարեկամ իշխանություն ձեւավորելու Մոսկվայի  ջանքերին։ Միաժամանակ, դա նաեւ անհաջողություն էր Թեհրանի համար, որի տարածաշրջանային ռազմավարությունը մեծապես հիմնված էր նույն աշխարհաքաղաքական առանցքի վրա՝ ուղղված Արեւմուտքի եւ Թուրքիայի ազդեցությանը հակազդելուն։ Փաշինյանի ընտրազանգվածը հենց այդ մոտեցումն էլ մերժեց։

 

Սակայն ընտրությունները ոչ թե ավարտ են, այլ նոր փուլի սկիզբ։ Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե արդյո՞ք Հայաստանի աստիճանական արեւմտամետ շրջադարձը անշրջելի կդառնա, եւ արդյոք հնարավոր կլինի վերջնականապես հաստատել կայուն խաղաղություն Ադրբեջանի հետ։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, թե արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա այս հնարավորությունը վերածել երկարաժամկետ ազդեցության մի տարածաշրջանում, որը Ռուսաստանը երկար տարիներ դիտարկել է որպես իր ազդեցության գոտի, իսկ Իրանը՝ որպես կենսական ռազմավարական ցամաքային կամուրջ։ Վաշինգտոնն ու նրա Պարսից ծոցի դաշնակիցները պետք է ուշադիր հետեւեն Հայաստանի զարգացումներին եւ ակտիվորեն խրախուսեն Երեւանին շարունակել ընտրված ուղին։

 

Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների մոտ 49.8 տոկոսը։ Թեեւ այն պահպանել է մեծամասնությունը, այն նախորդ գումարման 71 մանդատից կորցրել է յոթը։ Ընդդիմությունը վիճարկել է ընտրությունների արդյունքները, մոբիլիզացրել իր կողմնակիցներին եւ դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն հուլիսի 4-ին դատարանը մերժել է հայցը՝ անփոփոխ թողնելով ընտրությունների արդյունքները։

 

Այս գործընթացը զարգանում է նուրբ դիվանագիտական ֆոնի ներքո։ Ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցը հուլիսի 6-ին Ռուսաստան էր, որտեղ նա հանդիպեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Միշուստինի ուղերձները ցույց տվեցին, որ Մոսկվան ուշադիր հետեւում է Հայաստանի նոր կառավարության քայլերին՝ հատկապես հաշվի առնելով քարոզարշավի արեւմտամետ ուղղվածությունը։ Կրեմլը, ամենայն հավանականությամբ, կշարունակի փորձել խորացնել հայ հասարակության ներսում առկա քաղաքական բաժանարար գծերը՝ հատկապես կենտրոնանալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հնարավոր նախաձեռնությունները խափանելու վրա։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Մոսկվայի հաջորդ նպատակը Հայաստանում իր դաշնակից քաղաքական ուժերի ընտրական պարտությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կանխելն է։ Այդ փոփոխությունները անհրաժեշտ են Ադրբեջանի հետ 2025 թվականին համաձայնեցված խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար։ «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ խորհրդարանական երկու երրորդի մեծամասնությունը, եւ հենց այս հանգամանքն է առանցքային նշանակություն ստանում։ Խնդրի հիմքում Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանն է, որը հղում է կատարում 1991 թվականի Անկախության հռչակագրին։ Այդ հռչակագիրն ընդունվել է Խորհրդային Միության փլուզման շրջանում, երբ Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Եվրասիայի մի շարք այլ հանրապետություններ հռչակեցին իրենց անկախությունը։

 

Սահմանադրության նախաբանում հիշատակվում է Հայաստանի եւ «Լեռնային Ղարաբաղի» վերամիավորումը։ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը ռուսական ծագում ունեցող տեղանուն է։ Այս տարածքը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, ինչն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 822, 853, 874 եւ 884 բանաձեւերում։ 

 

Հայաստանի գործող Սահմանադրության հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ստորագրած ցանկացած խաղաղության համաձայնագիր կարող է պարտադիր չլինել ապագա իշխանությունների համար, եթե վերջիններս, հղում անելով սահմանադրական դրույթներին, փորձեն տարածքային պահանջներ ներկայացնել Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Սահմանադրությունը չվերանայվի, ապա խաղաղության համաձայնագիրը կմնա ընդամենը ժամանակավոր պայմանավորվածություն եւ չի դառնա երկարաժամկետ խաղաղության հիմք։

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ունենալով ընտրողների կողմից ստացված համոզիչ մանդատ՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով բավական ամուր դիրքեր ունի՝ սահմանադրական հանրաքվեն ներկայացնելու որպես խաղաղության հաստատմանն ուղղված համազգային նախաձեռնություն։ Փաշինյանի համար ամենաիրատեսական տարբերակը համագործակցություն ակնկալելը չէ ընդդիմությունից, քանի որ դա գրեթե անհնար է։ Փոխարենը, նա, ամենայն հավանականությամբ, կփորձի ձեւավորել սահմանափակ, կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն: Ներկայացնելով այդ փոփոխությունները ոչ թե որպես քաղաքական զիջումներ, այլ որպես միջազգային հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ տեխնիկական նախապայմաններ՝ նա նվազեցնում է ընդդիմադիր պրագմատիկ պատգամավորների համար դրանց աջակցելու կամ առնվազն քվեարկությունից ձեռնպահ մնալու քաղաքական գինը։ 

 

Ահա այստեղ է, որ Վաշինգտոնը մտնում խաղի մեջ։ Թրամփի վարչակազմը կարող է ապահովել անհրաժեշտ դիվանագիտական աջակցությունը՝ օգտագործելով Երեւանի եւ Բաքվի հետ իր հարաբերությունները՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ներկայացնելու որպես ավելի լայն կարգավորման մաս, որը կապված է «Թրամփի ուղու» հետ։ Հայաստանի սահմանադրական գործընթացին աջակցելը ոչ միայն արդյունավետ տարածաշրջանային դիվանագիտություն է, այլեւ ուղղակիորեն համապատասխանում է ԱՄՆ ռազմավարական շահերին այն պայմաններում, երբ Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում ունեն սահմանափակ ազդեցություն։ Արեւմուտքի աջակցությամբ ձեւավորվող տարածաշրջանային նոր կարգի շրջանակում խաղաղության ամրապնդումը, ենթակառուցվածքների զարգացումը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանումը կարող են ամրապնդել ամերիկյան ազդեցությունը՝ այն ավելի կայուն եւ երկարաժամկետ դարձնելով, քան ցանկացած առանձին վարչակազմի քաղաքական ցիկլը։

 

Հնարավորությունները զգալի են՝ հետխորհրդային տարածքի ամենաբարդ եւ երկարատեւ սառեցված հակամարտություններից մեկի կարգավորում, ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հայաստան եւ ապացույց, որ խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված չլուծված վեճերը կարող են վերջնականապես կարգավորվել, այլ ոչ թե անվերջ փոխանցվել հաջորդ սերունդներին։ Մոսկվան արդեն քայլեր է ձեռնարկում այս հեռանկարը կանխելու համար, իսկ Թեհրանը մտահոգված հետեւում է զարգացումներին։ Այժմ գլխավոր հարցն այն է՝ արդյոք Վաշինգտոնը նույնպիսի հետեւողականությամբ կաշխատի այս հնարավորությունը իրականություն դարձնելու համար։

 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

 

 

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *