Զինծառայողի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն. Փաշինյան

Written by

in

Զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահից հետո ՀՀ զինված ուժերում կադրային փոփոխություններ կլինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով`առավոտյան իրադրությունը քննարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, և առաջիկայում կլինեն կադրային լուծումներ պատասխանատուների նկատմամբ։

«Ես որոշում արդեն կայացրել եմ` ռազմական ոստիկանությունում փոփոխություն կլինի, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք։ Մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս։ Հետևություններ կարվեն, և, այո՛, պետք է լինի անհատական պատասխանատվություն»,– ասաց Փաշինյանը։

 

Միաժամանակ նա հայտարարեց, որ բանակում մահվան դեպքերի հետ կապված պատասխանատու չի համարում ԶՈւ վերնախավին։

«Իմ գնահատականն այն չէ, որ գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդրի կարգավորման համար»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարություն այսօր հայտնեց, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։

arm.sputniknews.ru

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *