2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները | Հայաստան

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

Հանդիպման առանցքում եղել է մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողներին համակարգում ներառելու հնարավորությունը, ինչպես նաև ապահովագրավճարի ձևավորման գործընթացում գործատուների և պետական սուբսիդավորման մեխանիզմների ներգրավումը։

2027-2028 թթ. նախատեսվող ֆինանսական մոդելները․

  • 2027 թվականի հունվարի 1-ից․ Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար անհրաժեշտ 10,800 դրամ ամսական ծախսից 4,400 դրամը նախատեսվում է սուբսիդավորել պետական բյուջեից, 2,000 դրամը կվճարի աշխատողը (նախկինում «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարի հաշվին), իսկ պակասող 4,400 դրամը՝ գործատուն։

  • 2028 թվականի հունվարի 1-ից․ Առաջարկվող տարբերակով 10,800 դրամից 6,000 դրամը կվճարի աշխատողը, որը համընդհանուր հայտարարագրման շրջանակում հետ է ստանալու որպես սոցիալական կրեդիտ, իսկ 4,800 դրամը կշարունակի վճարել գործատուն։

Վարչապետն ընդգծել է, որ ցածր աշխատավարձերի սեգմենտում առկա են ստվերային ռիսկեր, և Կառավարության նպատակն է լուծել սոցիալական խնդիրը՝ առանց ստվերը խրախուսելու։ Փաշինյանը նաև կոչ է արել գործատուներին վերանայել աշխատավարձերը և դրանք բարձրացնել 200,000 դրամի շեմից։

Ըստ սահմանված ժամանակացույցի՝ 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ամբողջությամբ ընդգրկված լինեն առողջության ապահովագրության համակարգում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *