Գարիկ Իսրայելյանը՝ «տափակ Երկրի», Տիեզերքի եւ էվոլյուցիայի նոր փուլի մասին

Written by

in

Ձեր ուշադրության ենք ներկայացնում հատվածներ աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի El Pais պարբերականին տված հարցազրույցից:

 

Starmus VIII փառատոնը տեղի կունենա Տեներիֆեում եւ Լա Պալմայում 2026 թվականի հոկտեմբերի 17-ից 22-ը:

 

Երկինքը

 

Երկինքն անվճար լաբորատորիա է եւ հետաքրքրասիրության աղբյուր: 

 

Պատկերացնենք երկու հիպոթետիկ քաղաքակրթություն. մեկը տեսնում է երկինքը, մյուսը՝ ոչ (մշտական ամպամածության պատճառով): Երկրորդը հաստատ ավելի դանդաղ կզարգանար, քանի որ հետաքրքրասիրությունը զարգացման շարժիչն է:

 

 

Պատմականորեն երկինքը միակ բանն էր, որին մարդը չէր կարող դիպչել. դա խթանում էր ինչպես գիտությունը, այնպես էլ ստեղծագործական միտքը: Երբ բացատրություններ չկան, մարդիկ երեւակայում են, աստվածներ եւ դեւեր կերտում:

 

«Տափակ Երկիրը»

 

«Տափակ Երկրի» տեսությունը հոգեբանության, այլ ոչ թե աստղագիտության խնդիր է, որը սերտորեն կապված է համացանցի հետ: Սոցիալական ցանցերը կառուցված են ուշադրության ծարավի վրա, իսկ աչքի ընկնելու եղանակներից մեկը գիտականորեն ապացուցված փաստը վիճարկելն է: Այսօր ցանկացած անհեթեթ գաղափար առնվազն մեկ միլիոն հետեւորդ կգտնի:

 

Հենց այդ պատճառով էլ գիտական հետազոտությունները պետք է ուղեկցվեն որակյալ հանրայնացմամբ։

 

Ազիմովի եւ Լեմի վեպերը

 

Գիտության հանդեպ հետաքրքրությունս արթնացրել են Այզեք Ազիմովի եւ Ստանիսլավ Լեմի վեպերը. ֆանտաստիկան ստիպում էր մտածել երեւույթների բնույթի մասին:

 

Ուսումն առանց նախապես արթնացրած հետաքրքրության կարող է գիտելիքի հանդեպ հակակրանք առաջացնել:

 

Ով է խոսում ապագայի մասին

 

Իլոն Մասկի նախնական ուղերձը մաքուր մարքեթինգ էր՝ սկզբում Tesla-ի, հետո SpaceX-ի դեպքում. «եթե որեւէ բան պատահի, անհրաժեշտ է հասնել Մարս՝ մարդկությունը փրկելու համար»:

Լուսանկարը` Jacobo Medrano/El Pais

Պարզ ուղերձը միլիոնավոր հետեւորդների գրավեց. Մասկը հասկացավ, որ մարդկանց, հատկապես երիտասարդությանը, պետք է մեկը, ով խոսում է ապագայի մասին:

 

Մար՞սը, թե՞ Լուսինը

 

Կարեւոր չէ. կարեւորն այն է, որ հարցը մշտապես քննարկվի, որովհետեւ հենց քննարկումն է ծնում առաջ շարժվելու ձգտումը:

 

Artemis II առաքելությունը

 

Տեխնոլոգիաները էապես նվազեցրել են ռիսկի մակարդակը: 

 

Նման թռիչք կարելի էր իրականացնել նաեւ 50 տարի առաջ, սակայն ռիսկը 10 անգամ ավելի բարձր կլիներ: 

 

Հենց դրանում է Apollo եւ Artemis առաքելությունների տարբերությունը:

 

Արհեստական բանականության (ԱԲ) ապագան

 

ԱԲ-ն ավելի շուտ օգնություն կդառնա, քան խնդիր, եւ կբարձրացնի արդյունավետությունը: Այո, այն որոշակի գործազրկություն կառաջացնի, բայց վերջնարդյունքում հաշվեկշիռը դրական է լինելու:

 

 

Ժամանակին համացանցը նույնպես վտանգավոր էին համարում, բայց արդյունքում այն բարելավեց մեր կյանքը: ԱԲ-ն կարող է օգնել պայքարել կոռուպցիայի դեմ. եթե կա ծրագիր, որը արագորեն հետեւում է դրամական հոսքերին, կոռուպցիան թաքցնելն ավելի դժվար կլինի:

 

Երկրի «երկվորյակ» մոլորակները

 

Դրանք գտնելու տեխնոլոգիան արդեն գոյություն ունի: Չիլիում գտնվող 40-մետրանոց աստղադիտակի շնորհիվ հայտնաբերում են Երկրի զանգվածն ունեցող մոլորակներ: 

 

Դրանց «երկվորյակներ» են անվանում, որովհետեւ ունեն օվկիանոսներ ու գրեթե նույնանման մթնոլորտ:

 

Տիեզերքի սկիզբն ու վերջը

 

Վերջն ինձ ավելի է հետաքրքրում: Հետաքրքիր է, թե ինչ տեղի կունենա, երբ տեսանելի Տիեզերքն իր գոյությունն ավարտի հսկայական գերզանգվածային սեւ խոռոչներով, որոնք կբախվեն միմյանց, երբ միջաստղային միջավայր չի մնա, եւ ամեն ինչ դատարկություն ու խավար կդառնա:

 

Մարդկային գիտակցությունը «պատճենել» համակարգչի վրա

 

Արդյո՞ք մենք երբեւէ կկարողանանք «պատճենել» մարդկային գիտակցությունը համակարգչի վրա՝ ոչ թե ամբողջ հիշողությունը, այլ այն ամբողջ բովանդակությունը, որն ունի ուղեղ հանդիսացող կենսաքիմիական համակարգը: Եթե դա հաջողվի, հավասարազոր կլինի սեփական պատճենը ստեղծելուն: Դա էվոլյուցիայի հաջորդ փուլը կլիներ: 

 

Եթե միավորենք բազմաթիվ ուղեղների «հզորությունը», կարելի է հասնել բանականության նոր մակարդակի. հարցն միայն այն է, թե մինչեւ որ սահմանը: Էվոլյուցիան ցույց է տալիս, որ մարդկային ուղեղը դեռ ընդունակ է զարգանալ. սահման, թերեւս, կա՝ կապված բուն ուղեղի հնարավորությունների հետ, բայց այն հնարավոր կլինի հաղթահարել, եթե սովորենք պատճենել ուղեղը եւ շարունակել զարգացումը:

 

Իսկ էթիկա՞ն

 

Նախ պետք է սահմանել, թե ինչ է էթիկան: Ֆիզիկայում չես կարող խոսել մի բանի մասին՝ առանց դրան սահմանում տալու: Հենց այդ պատճառով էլ պարբերաբար «ձախողվում են» հասարակական գիտությունները, որոնք հստակ սահմանումներ չունեն. մարդիկ կարծում են, թե վիճում են նույն բանի շուրջ, բայց իրականում՝ տարբեր: Քաղաքականության մեջ, օրինակ, վիճում են ազգայնականության մասին, բայց «ազգ» հասկացությունն ինքնին հստակ սահմանված չէ: Գիտության մեջ դա չկա. եթե երկուսն էլ խոսում են էլեկտրոնների մասին, երկուսն էլ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը:

 

Որդուս երբեմն հարցնում են՝ արդյո՞ք հավատում եմ Աստծուն: Պատասխանում եմ՝ թող նախ ներկայացնեն Աստծո սահմանումը, իսկ ես այդ ընթացքում կմտածեմ, թե ինչ է նշանակում «հավատալ»:

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *