Չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, բայց մենք ասել ենք, որ ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն. Գալյանը՝ Հաջիևի հայտարարության մասին

Written by

in

Տեքստը քննարկումների փուլում է, հրապարակման մասով քննարկումները շարունակվում են, կոնկրետ որևէ բան նշել չեմ կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության տեքստի հրապարակման ժամկետներին վերաբերող հարցին:

Դիտարկմանը, թե օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր՝ ստացվող ազդակները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Գալյանն ասել է.

«Ես չեմ կարող մեկնաբանել Ձեր կողմից նշված անձի խոսքը, որովհետև չգիտեմ, թե ինչ է ընկած իր խոսքի հիմքում, սեփական մտքերը, ենթադրում եմ, բայց մենք ասել ենք, որ Սահմանադրության նախագիծ ենք մշակում և ուզում ենք ունենալ նոր Սահմանադրություն: Այն՝ կունենանք նոր Սահմանադրություն, թե ոչ, կորոշի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամ, խոսվել է նոր Սահմանադրություն ունենալու մասին և ժողովուրդն իր վստահության քվեն տվել է մեզ: Դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը Սահմանադրության մշակման, հետագայում դրա հրապարակման և հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում»,- նշել է նա։

Լրագրողի հարցին՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ ի՞նչ որոշում է կայացվել, Արդարադատության նախարարը պատասխանել է.

«Տեքստը կհրապարակվի, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Ես չեմ կարող ասել, որովհետև դա միանձնյա որոշում չէ, դա կոլեգիալ որոշում է, և երբ այդ որոշումը կայացվի, որոշման մասին բոլորը կիմանան»,-ասել է Սրբուհի Գալյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts