Իսրայելը չի ​​համաձայնել ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ Խաղաղության խորհրդի պլանին․ Նեթանյահու

Written by

in

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնել Գազայի հատվածում իրադրության կարգավորման շրջանակներում ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ անցյալ շաբաթ ընդունված պլանին: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Նախագահ Թրամփը կարծում է, կամ նրա թիմն է կարծում, որ նրանք կարող են ՀԱՄԱՍ-ին ստիպել զինաթափվել և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ նախագիծ են ուղարկել։ Մենք չենք համաձայնել դրա հետ։ Դա մեր նախագիծը չէր», – հայտարարել է Իսրայելի վարչապետը տեսաուղերձում:

Ինչպես նշել է Նեթանյահուն, Իսրայելն իր զորքերը ​​Գազայի ներկայիս գծերից դուրս չի բերի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը։

Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Նեթանյահուի հիշատակած պլանը Իսրայելի հետ քննարկման առարկա չէ, քանի որ այն ՀԱՄԱՍ-ի հետ առանձին բանակցությունների արդյունք է, իսկ զինաթափման առաջարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու շուրջ 20-կետանոց պլանի շարունակությունն է, որն Իսրայելն արդեն ընդունել էր 2025 թ. աշնանը։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Խաղաղության խորհրդի առաջարկած ծրագիրը հակասում է տարածաշրջանում երկրի շահերին։ Մասնավորապես, իշխանությունը հայտարարել էր, որ Իսրայելը չի ​​դուրս բերի իր զորքերը, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի։

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է The Times of Israel-ը, Խաղաղության խորհրդի ներկայացուցիչները և անունը չնշած ամերիկացի պաշտոնատար անձինք դժգոհություն են հայտնել Իսրայելի դիրքորոշման կապակցությամբ, քանի որ երկրի իշխանություններին մի քանի ամիս հայտնի էին պլանի դրույթները։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ Խաղաղության խորհրդի կողմից առաջարկվող համաձայնագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում։ Ենթադրվում է, որ դրանից հետո իսրայելական զորքերը կլքեն տարածաշրջանը, իսկ «միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն նոր պաղեստինյան ոստիկանության հետ՝ ստանձնելու Գազայի հատվածի բնակիչների ու նրա հարևանների անվտանգության պատասխանատվությունը»։

Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս ընդգծել են, որ զենքը վայր չեն դնի, մինչև Իսրայելը չլքի Գազայի հատվածը և չկատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ավելի վաղ կնքված հրադադարի համաձայնագրով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *