Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրա

Written by

in

Եթե հարևանը գիշերը՝ ժամը 23:00-ից մինչև 7:00-ն, բնակարանում, մուտքում կամ բակում խախտում է լռությունը, առաջին անգամ նրա նկատմամբ կիրառվում է նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 40 000 դրամ տուգանք։ Հրավառության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների օբյեկտների համար տուգանքներն ավելի խիստ են, իսկ 2026 թվականից օրենքում ավելացել են նոր տուգանքներ՝ մինչև 2 միլիոն դրամ։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պատասխանատվությունը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով, որը վերջին անգամ խմբագրվել է 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված և օգոստոսի 29-ին ուժի մեջ մտած օրենքով։

Ի՞նչ է համարվում լռության խախտում

Օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով գիշերային ժամանակ լռության խախտում է համարվում՝

  • բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը,
  • ձայնային ազդանշաններ տալը,
  • բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից կամ այլ սարքերից օգտվելը,
  • անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված, աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը,
  • գիշերային անդորրը խախտող այլ գործողություններ։

Այս գործողությունները պատասխանատվություն են առաջացնում, եթե կատարվում են բնակարաններում, մուտքերում, բնակելի տարածություններում, բակերում, փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս։

Նախազգուշացում, թե՞ տուգանք

1-ին մասով նշված խախտման համար առաջին անգամ կիրառվում է նախազգուշացում։

Իսկ եթե նույն արարքը կրկին կատարվում է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, 3-րդ մասով նշանակվում է 40 000 դրամ տուգանք։

Որքա՞ն է տուգանքը հրավառության համար

Օրենսգրքով սհամանված կարգով գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է 100 000 դրամ տուգանք (2-րդ մաս), իսկ մեկ տարվա ընթացքում կրկնելը՝ 200 000 դրամ (4-րդ մաս)։

Ի՞նչ է սպառնում ռեստորաններին և սրճարաններին

Առևտրի և ծառայությունների, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների համար լռության ժամերը սահմանում է համայնքի ավագանին՝ ըստ օբյեկտի գտնվելու վայրի. 22:00-ից, 23:00-ից կամ 24:00-ից մինչև 7:00-ն։

Երևանում այդ ժամերը սահմանված են 23:00-ից մինչև 7:00-ն՝ Երևանի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 16-ի N 175-Ն որոշմամբ։

Այդ ժամերին լռությունը չապահովելու համար սահմանված է 200 000 դրամից 300 000 դրամ տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնելը՝ 1 միլիոն դրամ։

Ի՞նչ է ավելացել 2026 թվականից

Հուլիսի 3-ին ընդունված օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 7-րդ և 8-րդ մասերով։ Աղմուկի համար օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի չափերից բացի, համայնքի ավագանին կարող է սահմանել լրացուցիչ չափեր, դրանց նվազեցման պայմաններ և կանոններ։ Դրանք խախտելը՝

  • 500 000-ից 1 միլիոն դրամ տուգանք,
  • մեկ տարվա ընթացքում կրկնելը՝ 1,5-ից 2 միլիոն դրամ։

Ո՞վ է քննում գործը

Գիշերային լռության խախտման և հրավառության դեպքերը (1-4-րդ մասեր) քննում է ոստիկանությունը, իսկ առևտրի և ծառայությունների օբյեկտների և ավագանու սահմանած աղմուկի չափերի խախտման դեպքերը (5-8-րդ մասեր)՝ տեղական ինքնակառավարման մարմինները։

Ամփոփում

Ամփոփելով՝ ժամը 23:00-ից 7:00-ն լռությունը խախտելու համար առաջին անգամ կիրառվում է նախազգուշացում, մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում՝ 40 000 դրամ տուգանք, գիշերային հրավառության համար՝ 100 000 կամ 200 000 դրամ, Երևանում ժամը 23:00-ից հետո լռությունը չապահովող ռեստորանների և այլ օբյեկտների համար՝ 200 000-ից մինչև 1 միլիոն դրամ, իսկ ավագանու սահմանած աղմուկի չափերը խախտելու համար՝ մինչև 2 միլիոն դրամ, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *