ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հանձնարարականով՝ հուլիսի 28-ին ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Երասխ ավտոճանապարհի 83-84-րդ կիլոմետրերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Միջոցառման նպատակն էր կանխարգելել քարաթափման հնարավոր վտանգը և ապահովել տվյալ ճանապարհահատվածում երթևեկության անվտանգությունը։ Մասնագիտացված տեխնիկական միջոցների կիրառմամբ փրկարարները ճանապարհամերձ վտանգավոր լանջից հեռացրել են շուրջ 5 խորանարդ մետր ծավալով քարային զանգված։
Աշխատանքներին ներգրավվել են ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։
Տեղում անվտանգության ապահովման և երթևեկության կանոնակարգման հարցում աջակցել են Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ տեխնիկական աջակցությունն ապահովել են «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի մասնագետները։
Leave a Reply