Armpulse-ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին Սյունիքի մարզի Սառնակունք բնակավայրի տարածքում գործող բենզալցակայանում արձանագրվել է հարկային օրենսդրության խախտում։
Սպառողի՝ POS-տերմինալով անկանխիկ վճարում (մասնավորապես՝ Idram-ով կամ բանկային քարտով) կատարելու պահանջին ի պատասխան՝ բենզալցակայանի աշխատակիցը հայտնել է, որ վճարումը հնարավոր է իրականացնել միայն ֆիզիկական անձի բանկային քարտին փոխանցում կատարելու միջոցով։
Աշխատակցի տրամադրած քարտեհամարին փոխանցումն անելուց հետո սպառողին, որպես գործարքի հաստատում, տրամադրվել է ՀԴՄ կտրոն։ Չնայած ՀԴՄ կտրոնի տրամադրմանը՝ տնտեսվարողի կողմից անկանխիկ վճարման POS-տերմինալից հրաժարվելը և գումարը ֆիզիկական անձի անձնական քարտին փոխանցել պահանջելը օրենքի կոպիտ խախտում է։
Նման աշխատաոճը պարունակում է ֆինանսական գործարքների իրական ծավալները թաքցնելու և հարկային օրենսդրությունը շրջանցելու ռիսկեր, ինչը ենթակա է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան մարմինների ուշադրությանն ու ստուգմանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները։
Նշենք նաև վաճառողի ՀՎՀՀՆ՝ 09216413 Գ/Հ 30807646:
Leave a Reply