Hayacq.com-ի հարցազրույցը N1 ՖոտոԹերապիայի ստուդիայի հիմնադիր, հոգեբան, լուսանկարիչ Սոնա Հարությունյանի հետ
Ի՞նչ է ֆոտոթերապիան հոգեբանական տեսանկյունից։
-Ֆոտոթերապիան հոգեբանական միջամտության մեթոդ է, որի ընթացքում որպես թերապևտիկ գործիք օգտագործվում են այցելուի՝ հենց թերապևտիկ գործընթացի ընթացքում ստեղծվող լուսանկարները։ Հոգեբանական զրույցին զուգահեռ այցելուին լուսանկարելու մեթոդը հնարավորություն է տալիս ֆիքսել, օրինակ, նրա հուզական վիճակը, ինքնաներկայացման առանձնահատկությունները և այլն։ Հետագայում այդ լուսանկարները դառնում են համատեղ հոգեբանական վերլուծության նյութ՝ նպաստելով զգացմունքների, ներքին կոնֆլիկտների, ինքնաընկալման, անձնական ռեսուրսների բացահայտմանը։ Այս մոտեցումը լուսանկարը վերածում է ոչ թե վերջնական արդյունքի, այլ ինքնաճանաչման, ռեֆլեքսիայի և թերապևտիկ փոփոխության գործընթացի կարևոր գործիքի։
Ինչո՞վ է ֆոտոթերապիան տարբերվում սովորական ֆոտոսեսիայից։
-Ֆոտոսեսիայի հիմնական նպատակը գեղագիտական կամ հիշողություններ պահպանող արդյունքն է, մինչդեռ ֆոտոթերապիայում լուսանկարը ծառայում է որպես թերապևտիկ գործիք։ Այստեղ առաջնային է ոչ թե ստացված լուսանկարը, այլ այն հոգեբանական գործընթացը, որը ծավալվում է լուսանկարվելու, լուսանկարն ընտրելու և այն քննարկելու ընթացքում։
Ինչպե՞ս է կառուցվում ֆոտոթերապևտիկ սեանսը։
-Սեանսը սովորաբար սկսվում է աշխատանքի նպատակի հստակեցմամբ, այնուհետև ստեղծվում են լուսանկարներ։ Դրանց հիման վրա իրականացվում է քննարկում, որի ընթացքում ուսումնասիրվում են լուսանկարների հետ կապված զգացմունքները, մտքերը, ասոցիացիաները և անձնական իմաստները։ Վերջում կատարվում է հոգեբանական ամփոփում։
Ի՞նչ է տալիս լուսանկարի հետ աշխատանքը, որը միշտ չէ, որ հնարավոր է միայն զրույցի միջոցով։
-Լուսանկարը հաճախ ակտիվացնում է ոչ միայն խոսքային, այլև հուզական ոլորտը և հիշողությունը։ Հնարավորություն է տալիս աշխատել նաև այն փորձառությունների հետ, որոնք դեռևս լիարժեք գիտակցված կամ խոսքայնացված չեն։ Եվ այս առումով լուսանկարը կարող է դառնալ փոփոխության հզոր խթան։
Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ցանկանում են փորձել ֆոտոթերապիան։
-Ֆոտոթերապիային մոտենալ ոչ միայն որպես լուսանկարվելու գործընթացի, այլ որպես ինքնաճանաչման և ներքին փոփոխությունների հնարավորության։ Ուղերձս բոլոր կանանց կլնի այն, որ թույլ տան իրենց լինել բնական և անկեղծ, քանի որ յուրաքանչյուր լուսանկար ի զորու է պատմել նաև ներքին աշխարհի մասին։ Մասնագետի ուղեկցությամբ այս գործընթացը կարող է դառնալ հնարավորություն՝ ավելի լավ հասկանալու ինքներդ Ձեզ, ընդունելու սեփական պատմությունը և բացահայտելու ներքին ռեսուրսները։
Leave a Reply