Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 29-ի առավոտյան հարվածել են Պերմին։ Հարվածի տակ է հայտնվել արդյունաբերական ձեռնարկությունը, հայտնել է նահանգապետ Դմիտրի Մախոնինը։ Նրա խոսքով՝ «մի քանի ԱԹՍ խոցվել է քաղաքին մոտենալիս», տուժածներ չկան։ Ականատեսների տեսանյութերի հիման վրա «Astra»-ն պարզել է, որ թիրախը եղել է «Լուկոյլ-Պերմնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։
Ձեռնարկությունում բռնկված հրդեհի ու սև ծխի տեսանյութը հրապարակել են ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է նավթի վերամշակման «ԱՎՏ-5» կայանը։
Պերմի ՆՎԳ-ին հասցված հարվածի փաստը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ այն որակելով որպես «հեռահար պատժամիջոցների» հերթական քայլ։ «Ռուսաստանը պետք է զգա, որ պատերազմի յուրաքանչյուր օրն իր վրա ավելի թանկ է նստելու», – նշել է նա։
«Պերմնեֆտեօրգսինտեզը» Ռուսաստանի ամենախոշոր 10 ՆՎԳ-ներից մեկն է և «Լուկոյլ»-ի արտադրողականությամբ երկրորդ գործարանն է Նիժնի Նովգորոդից հետո։ 2024 թվականին ձեռնարկությունը վերամշակել է 12,6 մլն տոննա հում նավթ՝ արտադրելով 2 մլն տոննա ավտոբենզին և 5,3 մլն տոննա դիզվառելիք։
Ձեռնարկությունը նախորդ անգամ հարձակման էր ենթարկվել մայիսի 7-ին․ «Reuters»-ի տվյալներով՝ դրանից հետո գործարանը լիովին կանգնեցրել էր նավթամթերքի արտադրությունը։ Այդ ժամանակ վթարային կերպով անջատվել էին առաջնային վերամշակման «ԱՎՏ-5» (գործարանի հզորության 34%-ը), ինչպես նաև «ԱՎՏ-1» և «ԱՎՏ-2» (հզորության 14%-ը) հանգույցները։
Դրանից առաջ՝ ապրիլի 30-ին, ուկրաինական դրոնները խոցել էին «ԱՎՏ-4» կայանը, որին բաժին էր ընկնում գործարանի հզորության 38%-ը։ Մայիսի 7-ի հարձակման պահին այն դեռ չէր վերագործարկվել։
Leave a Reply