ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված տոնակատարություն Վաշինգտոնում | Քաղաքականություն

Written by

in

 Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը՝ համախմբելով ԱՄՆ պետական կառույցների ներկայացուցիչներին, դիվանագիտական համայնքի անդամներին, հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին։Այս մասին   հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։

Իր ելույթում դեսպան Մկրտչյանն ընդգծել է Հայաստանի անկախության պատմական նշանակությունը և անդրադարձել Հայաստանի զարգացման ներկայիս ուղուն՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու պահպանումը՝ որպես տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովուրդների միջև համագործակցության հիմնարար նախապայման։

 

Դեսպանն ընդգծել է ՀՀ–ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովին, «ԹՐԻՓՓ» նախաձեռնությանը։

 

Անդրադառնալով երկկողմ ոլորտային համագործակցությանը՝ մյուս բանախոսները խոսել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև սուպերբանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և հազվագյուտ հանքանյութերի ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ սա նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար։

 

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ դեսպանության և Աստվածաշնչի թանգարանի միջև համագործակցությանը։ Այս թեմայով հայտարարություններով են հանդես եկել դեսպան Մկրտչյանը և թանգարանի գործադիր տնօրեն Մատիաս Պերտուլան։

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել Արթուր Հակոբյանը, Արաքսյա Ամիրխանյանը՝ մաեստրո Արմեն Մարտիրոսյանի և նրա նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *