Ադրբեջանը մոտ է թուրքական TUSAŞ ավիատիեզերական ընկերության հետ պայմանագիր կնքելուն՝ HÜRKUŞ-II (Ազատ թռչուն) ուսուցողական ինքնաթիռների մատակարարման համար։Այս մասինթուրքական հեռուստաալիքին ասել է ընկերության գործադիր տնօրեն Մեհմեթ Դեմիրօղլուն, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա ընդգծել է, որ HÜRKUŞ շարքը սկզբում ներառում էր A, B և C տարբերակները, սակայն հետագայում առաջացել է արդիականացման անհրաժեշտություն, ինչը հանգեցրել է HÜRKUŞ-II անվամբ կատարելագործման ծրագրի մեկնարկին։
«Ներկայումս բոլոր փորձարկման և հավաստագրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Մատակարարումները սկսվում են», – նշել է նա։
Գլխավոր տնօրենի խոսքով՝ Ադրբեջանից բացի, ինքնաթիռի նկատմամբ զգալի հետաքրքրություն են ցուցաբերում Պարսից ծոցի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրները։ Նրանք դիտարկում են ինչպես ուսուցողական, այնպես էլ մարտական տարբերակները։
HÜRKUŞ-ը տուրբոպորային մարզական ինքնաթիռ է՝ տանդեմ նստատեղերով, ցածր թևերի կոնֆիգուրացիայով և մեկ շարժիչով։ HÜRKUŞ-ը նախատեսված է օդաչուների ամբողջական ուսումնական ցիկլի համար՝ սկսած օդաչուների հիմնական ուսուցումից մինչև մարտական ինքնաթիռների անցում։ Այն կարող է նաև օգտագործվել բարդ գործողությունների ժամանակ օդային աջակցության համար։
HÜRKUŞ-II-ի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։Ընկերության տվյալներով՝ նոր մոդելը ավելի արագ և թեթև է, քան իր նախորդները։ Սա ձեռք է բերվել բարելավված դիզայնի, ավելի առաջադեմ աերոդինամիկայի և ժամանակակից օդաչուական խցիկի սարքավորումների շնորհիվ։ TUSAŞ-ը HÜRKUŞ-II-ը համարում է իր դասի «ամենամանևրային ինքնաթիռներից» մեկը։
Leave a Reply