2026 թ․ հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկի մշակույթի տունը հյուրընկալեց «1000 Վահան» բարեգործական հիմնադրամի կրթամշակութային ծրագրի մասնակիցներին՝ «Արմատներով հզոր, մշակույթով անսասան» կարգախոսով։ Այդ օրը Խնձորեսկի, Ներքին Խնձորեսկի և Հարթաշենի 280 աշակերտին մեկ վայրում միավորեցին արվեստի հայ ավանդական ճյուղի՝ խեցեգործության գործնական ուսուցումը, հայոց պատմության ու մշակութային ժառանգության ճանաչումը, երաժշտական հանդիպումներն ու թատերական ներկայացումը։ Ծրագիրն ուներ երկու տարիքային խումբ։ Կրտսեր՝ 6–10 տարեկան 130 աշակերտի, և ավագ՝ 11–17 տարեկան 150 աշակերտի համար նախատեսված աշխատանքներն անցկացվեցին զուգահեռ, սահմանված ժամանակից հետո, փոխանակելով ենթախմբերը։ Երեխաներին հնարավորություն տրվեց մշակույթի հետ հանդիպել որպես ունկնդիր, հանդիսատես և գործող մասնակից։
Մշակույթը ճանաչելու համար, երբեմն ավելի մնայուն հետք կարող են թողնել մեկ ճիշտ կազմակերպված հանդիպումը, մեկ հետաքրքիր առարկան, ինքնուրույն ստեղծագործել «թույլատրող» մեկ փորձառու վարպետը, դասագրքի էջից երեխային դեպի կենդանի իրականություն տեղափոխող մեկ պատմությունը․․․
Խնձորեսկում այդ օրն այսպիսի հանդիպումները հաջորդեցին մեկը մյուսին։
Ստեղծագործական ազատություն․ աշխատանք կավի հետ
Մշակույթի տան մուտքից ներս աշխույժ եռուզեռ էր։ Նախասրահում դրված էր մեծ սեղան, որը վերածվել էր խեցեգործության գործնական դասընթացի աշխատանքային հրապարակի։ Սեղանի շուրջն իրենց տեղերն էին զբաղեցրել բազմաթիվ ուշիմ, հետաքրքրասեր երեխաներ՝ կավի հետ աշխատելու ակնհայտ սիրով։
Խեցեգործ Թաթուլ Կարապետյանի վարած դասընթացը ծրագրի կրտսեր խմբի՝ «Արվեստի կախարդանք» ուղղության մասն էր։ Այստեղ ազգային արվեստը երեխաներին ներկայացվեց ոչ թե որպես հեռավոր, անշարժ մի ժառանգություն, այլ՝ մի գործողություն, որին նրանք կարող էին մասնակցել անձամբ, հենց ուսուցման պահին։ Այս առումով, որ «1000 Վահան»-ի ծրագրում ազգային արվեստի գործնական ուսուցումն ու պատմական ժառանգության ներկայացումը մեկ ընդհանուր նպատակին ծառայող երկու ճանապարհ են։ Ազգային մշակույթը պահպանելու համար բավական է նոր սերնդին սովորեցնել, կիրառել, փոխանցել, հնարավորություն տալ սեփական ձեռքով ստեղծել նոր արժեք, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու՞ է այդ աշխատանքը կարևոր։
Հին արհեստների շարունակականությունը կախված է ոչ միայն նրանից, թե արդյո՞ք այդ վարպետները մեր շարքերում կան, այլև այն բանից, թե արդյո՞ք նրանց փոխանցած գիտելիքը «նստվածք է տալիս» հաջորդ սերնդի մեջ։ Երբ երեխան առաջին անգամ աշխատում է կավի հետ՝ պարտադիր չէ, որ հետագայում անպայման խեցեգործ դառնա։ Բայց նա, անշուշտ, ձեռք է բերում նյութի հանդեպ հետաքրքրություն, դրսևորում հարգանք՝ աշխատանքի նկատմամբ և ունենում գիտակցություն, որ մշակույթը ստեղծվել է մարդկանց ձեռքերով ու շարունակվում է մարդկանց միջոցով։ Իսկ երբ այդ առաջին հանդիպումը վերածվում է հետագա հետաքրքրության, կրթության ու մասնագիտական ընտրության, այդժամ մեկօրյա վարպետաց դասի թողած ազդեցությունն ավելի ակնառու է դառնում։
Խեցեգործության վարպետաց դասը կազմակերպել էր «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը, որի հիմնադիր ղեկավարն է սիրված ժողովրդական երգիչ, ազգագրական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ Խեցեգործության վարպետաց դասը վարող Թաթուլ Կարապետյանը կավի մեջ «թաթախված», ուրախությամբ ու ներշնչանքով աշխատում էր երեխաների հետ։ Մի պահ ուշադիր դիտում էր յուրաքանչյուր երեխայի աշխատանքը, ապա այս ու այն կողմ անցնում, հետևում նրանց մանկական ձեռքերի ճկուն գործողություններին, ինքն էլ կավից ինչ-որ բան էր ստեղծում։
Այդտեղ կավի հետ աշխատելն ավելին է, քան ձեռքի հմտություն սովորելը։ Երեխան հնարավորություն ունի փորձել, սխալվել, նորից փորձել, վերջում՝ տեսնել սեփական աշխատանքի արդյունքը։ Այդ ամենին հետևեցի այնպիսի բերկրանքով, կարծես ես էլ էի կավից ինչ-որ բան արարում․․․ Թաթուլի աշխատանքի մեջ ուշագրավն այն է, որ նա չի շտապում երեխաներին ուղղորդել, չի փորձում նրանց փոխարեն որոշել՝ ի՞նչ պետք է ստացվի։ Օգնում է, երբ նրանք հարց են տալիս, կամ՝ երբ երեխաներն աջակցության կարիք են զգում, բայց յուրաքանչյուրին թողնում է, որ ազատ լինի սեփական մտահղացումն իրականացնելիս։
Երեխային ստեղծագործելու հնարավորություն տալ՝ նշանակում է աջակցել նրա ինքնուրույն մտածողությանն ու աշխատանքի հանդեպ վերաբերմունքին։ Երբ երեխան սեփական ձեռքով որևէ բան է ստեղծում, գիտակցում է, որ իր սեփական մտահղացման համար ինքը պատասխանատվություն է կրում։
«Դարերի վահանները». դասագրքի պատմությունը՝ շոշափելի իրականություն
Մինչ երեխաները կավով ինչ-որ բան էին ստեղծում, նրանցից քիչ հեռու, մշակույթի տան դահլիճում բարձր տարիքի աշակերտների առջև բացվեց մեկ այլ աշխարհ՝ հայոց պատմությունն ու նյութական ժառանգությունը։ Մասնակիցների ավագ խմբի համար նախատեսված՝ «Պատմություն և ժառանգություն» խորագով, «Դարերի վահանները» ցուցադրությունն էր՝ Հայաստանի տարբեր պատմական ժամանակաշրջանների վահանների ներկայացմամբ և դրանց մարտավարական կիրառության վարպետաց դասով։ Ծրագիրը վարում էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Փորձարարական հնագիտության լաբորատորիայի աշխատակից Ռուբեն Սարգսյանը։ Հին հայ զինվորի մարտական հանդերձանքով «կենդանի զինվորին» տեսնելն ինքնին ուշադրություն գրավող տեսարան էր։ Ռուբենի հանդերձանքը, զրահն ու նիզակը պատմական կերպարը դարձրին վառ, կենդանի, տեսանելի ու առարկայական։ Երեխաների համար հայոց անցյալը ներկայացվեց ոչ միայն բացատրական ու պատմողական հանրամատչելի խոսքով, այլև իրերով ու կենդանի ցուցադրությամբ, սպառազինությամբ՝ զենք ու զրահով, հանդերձանքով։
Այդպիսի հանդիպման կարևորությունը դժվար է գերագնահատել։
Պատմական առարկան միայն թանգարանային ցուցանմուշ չէ, այլև՝ ժամանակի վկայություն՝ մարդու ստեղծագործական մտքի, նյութի մշակման, արհեստի, ռազմական գիտելիքի և պաշտպանական մտածողության մասին։ Վահանի ձևը, կառուցվածքը, նյութը, կիրառության եղանակը, պատմում են տարբեր ժամանակաշրջանների հին Հայաստանի հնարավորությունների ու մարտահրավերների մասին։
Վահանն իմ դիտարկմամբ
Ի՞նչ է նշանակում պաշտպանվել՝ որպես անհատ, որպես ժողովուրդ և որպես պետություն։ Անցյալում վահանը զինվորի պաշտպանության միջոց էր։ Այսօր պետության պաշտպանունակությունը շատ ավելի լայն համակարգ է՝ գիտություն, կրթություն, տեխնոլոգիաներ, կազմակերպված բանակ, արդյունաբերություն, տնտեսություն, դիվանագիտություն և սեփական պատմությունը ճիշտ ճանաչելու կարողություն։ Պատմական վահանը չի կարող փոխարինել ժամանակակից պաշտպանական համակարգին, բայց այն կարող է հիշեցնել, որ պաշտպանությունը երբեք միայն զենքի առկայության հարց չէ։ Այն նաև գիտելիքի, պատրաստվածության, կազմակերպվածության և պատասխանատվության հարց է։
«Դարերի վահանները» միայն անցյալի մասին դասընթաց չէ, այլև՝ հնարավորություն՝ երեխաների հետ խոսել պատմության միջոցով, ներկայի մասին։ Մենք, հայերս, առավել շատ, քան՝ այլ ժողովուրդներ, պարտավոր ենք այս հարցերին լրջորեն վերաբերվել։ Ինչու՞։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մարդկային կյանքերի զանգվածային ոչնչացման, այլև հայրենազրկման, մշակութային ժառանգության կորստի և պատմական հիշողության դեմ ուղղված ողբերգություն էր։ Հայ ժողովրդի պատմության այդ էջը չի կարելի դիտարկել միայն որպես անցյալում տեղի ունեցած աղետ. այն նաև մարդկության պատասխանատվության, կանխարգելման և արդարության հարց է։ Այդ էջը փակված չէ։ Այն ոչ ոք չի կարող փակել։ Դա կարող ենք անել միայն մենք՝ մեր աշխատասիրությամբ, ուժեղ պետություն դառնալու սլացքով, ազգային իղձերի համախմբմամբ։ Աշխարհում առաջին ցեղասպանությունը, հայերի դեմ բռնությունների ու տեղահանությունների պատմությունը 1915-ով չավարտվեց։ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը, Արցախյան պատերազմները, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանումը հայկական Արցախի և արցախահայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած 21-րդ դարի աշխարհի վերջին ցեղասպանությունն էր՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ծանրագույն էջը։ Իմ կողմից այս իրողությունները հիշատակելը պատահական չէ, քանի որ աշխարհի հայերիս համար պատմության իմացությունը, պաշտպանական մտածողությունը, ազգային մշակույթի պահպանումն ու պետական կարողությունների զարգացումը կենսական նշանակություն ունեն։ Արցախի կորուստը մեզ պարտադրում է ոչ միայն հիշել, այլև սովորել։ Սովորել սեփական պատմությունից, ուսումնասիրել մեր սխալները, զարգացնել գիտությունը, ամրացնել պետությունը և ստեղծել այնպիսի ապագա, որտեղ հայ երեխաների անվտանգությունը կախված չի լինի միայն ուրիշների խոստումներից։ Այդ պատճառով էլ հին հայկական վահանի առջև կանգնած երեխային պետք է փոխանցել ոչ միայն անցյալի մասին տեղեկություն, այլև սեփական ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացում։
«Թանգարանը դպրոցում». ժառանգությունը՝ երեխաներին հասանելի
«Դարերի վահանները» ծրագրին հաջորդեց «Թանգարանը դպրոցում» ինտերակտիվ կրթական արկղիկի ներկայացումը։ Հայաստանի պատմության թանգարանի փորձագետ Լիլիթ Գասպարյանի մասնակցությամբ երեխաներին առաջարկվեց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու մեկ այլ ձև։ Ցուցադրվեցին մշակութային արժեքների կրկնօրինակներ, էկրանին ներկայացվեցին կարճ տեսաֆիլմեր, որոնք ուղեկցվեցին բացատրություններով ու երեխաների հետ զրույցներով։ Ներկայացված օրինակների թվում էր Արենիի քարանձավում հայտնաբերված՝ աշխարհի հնագույն կոշիկի կրկնօրինակը։ Այստեղ կարևոր էր ոչ միայն այն, թե ի՞նչ առարկաներ էին ներկայացվում, այլև այն, թե ինչպե՞ս էին դրանք ներկայացվում։ Երբ երեխան պատմական իրի մասին տեղեկությունը ստանում է միաժամանակ տեսողական, առարկայական և բանավոր խոսքով, անցյալի հետ նրա հանդիպումը դառնում է ավելի մատչելի։ Իսկ երբ նա կարողանում է հարց տալ, համեմատել, զարմանալ և սեփական եզրակացությունն անել, պատմությունը դադարում է լինել պարզապես անգիր անելու նյութ։ Թանգարանը դպրոց բերելու գաղափարը կարող է օգնել, որ պատմական ժառանգության ճանաչումը դուրս գա միայն թանգարան այցելելու սահմաններից և հասնի այն երեխաներին, որոնց համար նման հանդիպումները միշտ չէ, որ հասանելի են։ Միաժամանակ, պատմական առարկաների կրկնօրինակները պետք է դառնան նաև բնօրինակների, դրանց հայտնաբերման հանգամանքների և գիտական ուսումնասիրության մասին պատմելու միջոց։ Որովհետև հնագիտությունը միայն անցյալից մնացած իրերը գտնել չէ, այլև այդ իրերի միջոցով անցյալի մասին հիմնավորված գիտելիք ստանալու շնորհ։ Այս իմաստով Ռուբեն Սարգսյանի և Լիլիթ Գասպարյանի ծրագրերը լրացրին միմյանց. մեկը երեխաներին մոտեցրեց պատմական առարկաների, պաշտպանական մշակույթի աշխարհին, մյուսը՝ թանգարանային կրթության միջոցով մշակութային ժառանգությունը ճանաչելու հնարավորություն տվեց։ Երկուսն էլ նույն խնդրի տարբեր կողմերն էին՝ անցյալը դարձնել ճանաչելի, հասկանալի և ուսանելի։
Արա Գևորգյանի հետ. երաժշտություն, ինքնություն և հաջորդ սերունդ
Ավագ խմբի մյուս ենթախումբը մասնակցեց «Երաժշտություն և ոգեշնչում» հանդիպմանը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Գևորգյանի հետ։ Նրա հանդիպումը նախատեսված էր որպես ջերմ զրույց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի երեխաների հետ։ Արան խոսեց հայ երաժշտության, ազգային մշակույթի և մատաղ սերնդի տեղեկացվածության մասին։ Անդրադառնալով երեխաների առօրյային՝ կարևորեց նաև բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խլեն երեխայի ժամանակն ու ուշադրությունը։ Այնուհետև նա ներկայացրեց իր «Վերածնունդ․ 1000 դհոլ» նախաձեռնությունը, որին հաջորդեց տեսահոլովակի ցուցադրությունը։ Տեսահոլովակն ավարտվեց, և դահլիճը լցվեց ծափահարություններով։
Ծափահարությունների դադարից հետո դահլիճում գտնվող «Ակունք» պետական ազգագրական համույթի մեներգչուհի Աննա Թովմասյանը բարձրաձայն դիմեց երեխաներին՝ հարցնելով՝ գիտե՞նք արդյոք, թե ով է Արայի մայրը։
Դահլիճից հնչեց նրա մոր անունը, ապա երգչուհին բարձրաձայնեց՝ Հայաստանի ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյան։ Ծափահարությունները կրկին թնդացին։
Այդ պահին ինձ համար տեսանելի դարձավ նաև մշակութային ժառանգության մեկ այլ կողմ։ Այն փոխանցվում է ոչ միայն ստեղծագործությունների միջոցով, այլև ընտանիքի, սերնդի, ուսուցչի, աշակերտի և այն մարդկանց պատմությունների միջոցով, որոնց աշխատանքը ձևավորում է մեր երաժշտական հիշողությունը։ Արվեստագետի գործունեությունը միայն իր ստեղծագործություններով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև այն, թե ինչ արժեքներ է նա փոխանցում հաջորդ սերնդին, ինչ անուններ ու պատմություններ են ճանաչում երեխաները և ինչ զգացումով են հեռանում այդպիսի հանդիպումներից։
Տիկնիկային թատրոն՝ «Անբան Հուռին» կարող է դառնալ «Աշխատասեր Հուռի»
Մշակույթի տան երկրորդ հարկի ընդարձակ սենյակներից մեկը վերածվել էր փոքրիկ թատերական դահլիճի։ Այստեղ «Ավետիս» շրջիկ թատրոնը ներկայացնում էր «Աշխատասեր Հուռին» ինտերակտիվ ներկայացումը՝ ուրախ խաղերով։ Երեխաները հավաքվել էին փոքրիկ բեմի շուրջ։ Ինձ հետաքրքրում էր ոչ միայն հանդիսատեսի աչքի առաջ կատարվող ներկայացումը, այլև այն տարածքը, որտեղից ծնվում էր այդ թատերական աշխարհը։ Թատրոնն իր առանձնահատուկ լեզուն ունի։ Այն կարող է երեխային պատմել աշխատանքի, վարքի, բարության կամ պատասխանատվության մասին՝ առանց դասախոսության։ Կերպարների ու գործողությունների միջոցով երեխան ոչ միայն լսում է, այլև ապրում պատմությունը։
Այսպիսով՝ նույն օրը երեխաներին առաջարկվեցին մշակույթի տարբեր ձևեր՝ խեցեգործությունից ու պատմական առարկաներից մինչև երաժշտություն և թատրոն։ Ծրագրի հաջողությունը նաև այդ բազմազանության մեջ էր։ Երեխաները հնարավորություն ստացան՝ գտնել իրենց հետաքրքրությունների ոլորտը՝ ոմանք ստեղծագործելու, մյուսները՝ լսելու, դիտելու, հարցեր տալու կամ միասին խաղալու միջոցով։ Կրթամշակութային նախաձեռնության հաջողության կարևոր ցուցիչն է՝ ի՞նչ է մնում երեխայի հիշողության մեջ, ի՞նչ հետաքրքրություն է արթնանում նրանում, ի՞նչ նոր քայլի է նախապատրաստում իրեն, այդ հետաքրքրությունը։
«ԱՐԱՐ»․ ազգային արվեստը՝ գործողության մեջ․ Մրոն և շուրջպարը
Օրվա եզրափակիչ միասնական փուլը նվիրված էր սիրված ժողովրդական երգիչ, ազգագրական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի հետ հանդիպմանը։ Սակայն Խնձորեսկում նրա ներկայությունը չսահմանափակվեց համերգային հանդիպմամբ։
Միջոցառումների ավարտին, երբ մասնակիցները դուրս եկան մշակույթի տնից, գյուղապետարանի շենքի բակում Մրոն երեխաների հետ շուրջպար բռնեց։
Մոտ մեկ ժամ շարունակվող պարը լցրեց բակը՝ ձեռք ձեռքի տված, նույն երաժշտության ներքո, նույն շարժման մեջ։ Խնձորեսկը կարծես սկսեց դղրդալ այդ միասնական շարժումից։
Այդ տեսարանն օրվա հիշարժան պահերից մեկն էր։
Շուրջպարը հայկական մշակույթի այն ձևերից է, որտեղ անհատը չի կորցնում իր տեղը, բայց դառնում է ընդհանուր շարժման մասնակից։ Յուրաքանչյուրը պահում է իր քայլը, սակայն պարի ամբողջականությունը կախված է մյուսների հետ կապը պահպանելուց։
Այս պատկերն ինձ համար նաև ազգային միասնության խորհրդանշական արտահայտություն էր։
Չեմ կարող պնդել, թե շուրջպարը կազմակերպվել էր որևէ արտաքին կողմին հատուկ ուղերձ հղելու նպատակով։ Բայց որպես Սյունիքին, մասնավորապես, Խնձորեսկին և նրա սահմաններն ամուր պահող զինծառայողների ու կամավորականների զինվորագրված գործին քաջածանոթ մարդ, այդ պատկերն ընկալեցի որպես հիշեցում՝ հենց մեր «քթի տակ» բույն դրած թշնամուն՝ հայկական ազգային շուրջպարը մեր ինքնության պահպանման ու միասնականության խորհրդանիշն է։ Այդ պահին մտքիս եկան Արցախը, Նախիջևանը, պատմական Հայաստանը, մեր նախնիների թողած ժառանգությունն ու այն պարտավորությունը, որ ունենք՝ ճանաչելու, պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու այն։
Արցախի կորուստը մեր ժողովրդի պատմության մեջ բաց վերք է։ 44-օրյա պատերազմը, դրանից առաջ և հետո տեղի ունեցած իրադարձությունները, 2023 թ․ սեպտեմբերին Արցախի հայաթափումը չեն կարող դուրս մնալ ազգային հիշողությունից։ Դրանք մեր ներկայի մաս են՝ իրենց մարդկային, պատմական ու պետական հետևանքներով։
Բայց հիշողությունը միայն կորուստների թվարկում չէ։ Այն նաև հարց է՝ ի՞նչ ենք անելու, որպեսզի մեր երեխաները ժառանգեն ոչ միայն ցավալի պատմություն, այլև գիտելիք, մշակույթ, անվտանգություն ու սեփական ապագան կառուցելու կարողություն։
Մրոյի շուրջպարում ես տեսա մի պատկեր, որը, իմ կարծիքով, արժե հիշել հենց այս համատեքստում. քանի դեռ ամուր, բռունցքված, ձեռք-ձեռքի ենք, քանի դեռ ազգային մշակույթը կենդանի է և փոխանցվում է սերնդե-սերունդ, պահպանվում է նաև ազգովի, միասին գործելու հնարավորությունը։ Եվ այդ հնարավորությունը պետք է վերածվի գործի՝ կրթության, մշակույթի, գիտության, պետական պատասխանատվության և ազգային կարողությունների զարգացման տեսլականով։
Մխիթար Սպարապետի շիրմի մոտից՝ դեպի դեռևս չտրված հարցերի պատասխաններ․Սպարապետի աճյունի մասունքների տեղափոխման մասին
Միջոցառումների ավարտից հետո «1000 Վահանի» մասնակիցները մեկնեցին Հին Խնձորեսկ՝ այցելելու Մխիթար Սպարապետի գերեզմանին։
Հին Խնձորեսկի Անապատ եկեղեցու բակում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանը սովորական պատմական վայր չէ։ Նրա անունը կապված է Սյունիքի ազատագրական պայքարի ամենադրամատիկ էջերից մեկի հետ։ Մխիթար Սպարապետը Դավիթ Բեկի մահից հետո շարունակեց պայքարը, իսկ նրա կյանքի վերջին շրջանը կապվեց հենց Խնձորեսկի հետ։ 1730 թվականին նա սպանվեց, և նրա գերեզմանը մնաց այս հին բնակավայրի պատմական հիշողության մաս։
Գերեզմանի պատմությունն ինքնին ևս հիշարժան դրվագ ունի։ «Սյունյաց երկրում» հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ 1880 թվականին հողի տակից հայտնաբերվել է Մխիթար Սպարապետի գերեզմանաքարը։ Դրան հաջորդել է հերոսի կյանքի ու գործի մասին տեղեկություններ հավաքելու ցանկությունը։ Այսինքն՝ նույնիսկ տապանաքարի հայտնաբերումը դարձել է պատմական հիշողությունը վերակենդանացնելու առիթ։ Մխիթար Սպարապետի հիշատակը պահպանելը միայն անցյալին չի վերաբերում։ Դա նաև մեր վերաբերմունքի հարցն է այն մարդկանց հանդեպ, որոնց կյանքը, պայքարն ու զոհաբերությունը դարձել են մեր պատմության մասը։
Այսօր ի՞նչ գիտենք Մխիթար Սպարապետի գերեզմանի, նրա աճյունի, պատմական հիշատակի մասին։ Ի՞նչ է հայտնի նրա մասունքների ճակատագրի վերաբերյալ։ Ինձ հետաքրքրում է նաև՝ հնարավո՞ր է արդյոք պատմական ու գիտական ուսումնասիրությամբ պարզել Մխիթար Սպարապետի մասունքների վերաբերյալ առկա տեղեկությունները։
* * *
Հոկտեմբերի 10-ին Խնձորեսկում «1000 Վահան» նախաձեռնության միջոցառումների շարքն ինձ համար նոր հարցերի սկիզբ դարձավ։ Ի՞նչ է իրականում «1000 Վահան»-ը, որի մասին այսքան խոսում են, ովքե՞ր են համահիմնադիրները։ Ո՞վ է հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց և արտադրական կառավարման մասնագետ Իգոր Զարգարյանը, ի՞նչ ճանապարհ է անցել, ինչու՞ ստեղծեց «1000 Վահան»-ը։ Ո՞վ է «1000 Վահան» հիմնադրամի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Սրբուհի Մովսիսյանը։ Ի՞նչ գաղափար է ընկած «1000 Վահան» ծրագրի հիմքում և ինչպե՞ս է այն կարողանում մշակութային ժառանգությունը հասանելի դարձնել մարզային բնակավայրերի երեխաներին։ «1000 Վահան»-ի հյուրի կարգավիճակով Խնձորեսկում գտնվող ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Գևորգյանը քանի՞ Գինեսի ռեկորդ է սահմանել։ Ինչպե՞ս ծնվեց «1000 դհոլի» մտահղացումը, ի՞նչ է Սյունիքն Արայի համար, ինչպե՞ս է նա պատկերացնում հայ ազգային երաժշտության ու մշակույթի ապագան։ Ի՞նչն է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին՝ Մրոյին մղում ազգային մշակույթի շուրջ երեխաներին միավորելու, և ինչպե՞ս է նա պատկերացնում այդ աշխատանքի շարունակությունը։ Ինչպե՞ս է ձևավորվել խեցեգործ Թաթուլ Կարապետյանի ստեղծագործական ճանապարհը, և ի՞նչ է նրան տալիս երեխաների հետ աշխատանքը։ Այս հարցերի պատասխանները հնարավոր չէ տեղավորել մեկ միջոցառման մասին տեղեկատվության մեջ։ Դրանք պահանջում են առանձին զրույցներ՝ մարդկանց անցած ճանապարհի, ընտանիքի, փորձի, համոզմունքների և կատարած աշխատանքի մասին։
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Leave a Reply