Միջազգային հեղինակավոր հարթակներում մեծ հռչակ վայելող ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ վերադառնում են Սյունիք՝ բնության վեհությունը վերածելու հնչյունների սիմֆոնիայի։
Այս շրջագայությունը, որ «Ֆիկհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրի մաս է կազմում, ոչ միայն մշակութային խոշոր իրադարձություն է, այլև կարևորագույն քայլ՝ ուղղված մարզերում բարձրարվեստ դասական երաժշտության հասանելիությանն ու հոգևոր կյանքի աշխուժացմանը:
Համաշխարհային բեմեր նվաճած, մեր երկրի առաջին և կարևոր նվագախմբի մարզային շրջագայությունները կրում են ռազմավարական և խորհրդանշական բնույթ, իսկ 2024թ-ից աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ սյունիքյան բեմերում ելույթները դարձել են ամենամյա գեղեցիկ ավանդույթ:
Այս տարի շրջագայության մեկնարկը կտրվի հուլիսի 29-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում կայանալիք համերգով, հուլիսի 30-ի համերգը տեղի կունենա Կապանի Մշակույթի կենտրոնում, հուլիսի 31-ի եզրափակիչ համերգը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մեղրիի և Կապանի համերգների գործընկերներն են Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները:
Այս բացառիկ երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվի համաշխարհային և հայ դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և հռչակավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համար հայրենի մարզերում ելույթ ունենալը սոսկ հերթական համերգային շրջագայություն չէ, այլ կարևոր առաքելություն: Մշակութային ապակենտրոնացումը և Սյունիքի պես ռազմավարական ու հոգևոր կարևորագույն կենտրոնում նմանատիպ նախագծերի իրականացումը հնարավորություն է տալիս տեղի հանդիսատեսին հաղորդակից դարձնել միջազգային բարձր կատարողական արվեստին՝ սեփական հարկի տակ:
Այս տարի «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը մեկնարկել է հունիսին՝ Աշտարակում, Վաղարշապատում, Հրազդանում և Չարենցավանում կայացած համերգներով, որոնք նվիրված էին Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին:
Leave a Reply