Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը հայտնել է իրականացված հաջողված գործողության մասին, որի արդյունքում խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։
Ժամը 16․30-ին իրավապահները մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուց ձերբակալել և վարչություն են տեղափոխել չորս տղամարդու, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, իսկ երկուսը՝ օտարերկրացիներ։ Նրանց վարած «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք և կնիքվել, քանի որ մեքենաներից մեկում նկատվել էր թմրանյութի նմանվող զանգված։ Ձերբակալվածներից մեկի՝ Աբովյան քաղաքի 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա գլանակ։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ իրականացվել են խուզարկություններ։ 31-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Բացի այդ, խուզարկություն է կատարվել նաև մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթելում, որտեղ փաստացի բնակվում էր ձերբակալված 37-ամյա օտարերկրացին։ Այնտեղից իրավապահները հայտնաբերել են շուրջ 760 գրամ մարիխուանայով լցված 6 փաթեթ և էլեկտրական կշեռք։
Քրեական վարույթով անցնող բոլոր չորս անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
Leave a Reply