2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2026 թվականի օգոստոսը խոստանում է իսկապես բացառիկ լինել երկնքի սիրահարների համար։ Մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։
Ամենահետաքրքիրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ։
Օգոստոսի 12․ Արեգակի լրիվ խավարում
Օգոստոսի 12-ին Լուսինը կանցնի Երկրի և Արեգակի միջև ու որոշ շրջաններում ամբողջությամբ կծածկի Արեգակի սկավառակը։
Խավարման առավելագույն փուլը կլինի Երևանի ժամանակով 21:47-ին: Լրիվ խավարման գոտին կանցնի Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային որոշ շրջանների վրայով։ Եվրոպայի մի շարք երկրներում այն կդիտվի որպես մասնակի խավարում։
Խավարման պահին Լուսինը Երկրից կլինի մոտ 359 445 կմ հեռավորության վրա(միջինը 373320կմ)։ Այդ պատճառով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի խոշոր կերևա և ամբողջությամբ կծածկի Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կհասնի մոտ 294 կմ-ի, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը կլինի շուրջ 2 րոպե 18 վայրկյան։ Հայաստանը չի գտնվի ոչ լրիվ, ոչ էլ մասնակի խավարման գոտում, ուստի այս երևույթը մեր երկրից հնարավոր չի լինի դիտել։
Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշեր․ Պերսեիդների աստղաթափը
Նույն գիշերը երկնքում կակտիվանան նաև Պերսեիդները՝ տարվա ամենահայտնի և դիտարժան աստղաթափերից մեկը։Պերսեիդներն առաջանում են, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ–Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելիս այդ մասնիկներն այրվում են և երկնքում թողնում վառ հետքեր։ Հայաստանում դիտումների համար լավագույն ժամանակը կլինի՝ 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00։ Իդեալական պայմաններում հնարավոր կլինի տեսնել մինչև 100 երկնաքար ժամում։ Ավելին, գագաթնակետի գիշերը երկնքում տեսանելի կլինի մոլորակների շքերթ վեց մոլորակներով՝ Նեպտուն, Սատուրն, Ուրան, Մարս, Մերկուրի և Յուպիտեր։
Իրականում երկնաքարերի թիվը կախված կլինի դիտման վայրից, երկնքի պարզությունից և լույսի աղտոտվածությունից։ 2026 թվականին դիտման պայմանները հատկապես բարենպաստ կլինեն, քանի որ Պերսեիդների պիկը համընկնում է Նորալուսնին։ Լուսնի լույսը չի խանգարի, և թույլ երկնաքարերն ավելի լավ տեսանելի կլինեն։
Դիտումների համար ցանկալի է ընտրել քաղաքային լուսավորությունից հեռու, բաց հորիզոն ունեցող վայր։
Օգոստոսի 27–28․ Լիալուսին
Օգոստոսի վերջին Լուսինը կհասնի լիալուսնի փուլին։ Այս անգամ լիալուսինն առավել հետաքրքիր կլինի, քանի որ այն կուղեկցվի մասնակի Լուսնի խավարումով։
Խավարման առավելագույն փուլը կլինի՝ 04:12 UTC-ին, կամ 08:12-ին՝ Երևանի ժամանակով։
Խավարումը տեսանելի կլինի աշխարհի բազմաթիվ շրջաններից, սակայն Հայաստանի համար կարևոր է հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամը։ Խավարման որոշ փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ուստի լավագույն տեսանելիությունը կարող է լինել սահմանափակ»,- նշվում է գրառման մեջ։
Leave a Reply