«Ազատ աշխարհը» պառկած է մահվան մահճում

Written by

in

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կենտրոնական Եվրոպական համալսարանի պատվավոր ռեկտոր Մայքլ Իգնատյեֆի հոդվածի թարգմանությունը:

 

Մայքլ Իգնատյեֆ

 

Բոլոր նրանք, ովքեր ապրել են Սառը պատերազմի տարիներին, թերեւս, հիշում են «ազատ աշխարհ» կոչվող երեւակայական վայրը: Արեւմուտքի բնակիչները հավատացած էին, թե հենց իրենք են ապրում այնտեղ, իսկ արեւելաեվրոպացիները, ռուսներն ու չինացիները՝ փշալարերի հետեւում:

 

Մասամբ այս նկարագրությունը ճշմարիտ էր. փշալարերն իսկապես գոյություն ունեին, իսկ կոմունիստական աշխարհից դուրս իսկապես տիրում էր յուրօրինակ ազատություն: Բայց, ընդհանուր առմամբ, դա սուտ էր: Չէ՞ որ «ազատ աշխարհի» թվին էին դասվում նաեւ շահական Իրանը, Աուգուստո Պինոչետի Չիլին եւ Ֆրանսիսկո Ֆրանկոյի Իսպանիան: Այդ երկրները կարելի էր ամեն կերպ անվանել, բայց ոչ ազատ,  սակայն, լինելով հակակոմունիստական, նրանք ընդունվեցին ակումբ: Մինչդեռ ակումբի առաջնորդը՝ Միացյալ Նահանգները, պարբերաբար հռչակում էր սեփական ազատությունը, թեեւ ամերիկյան Հարավում նրա սեւամորթ քաղաքացիները մինչեւ 1965 թվականը զրկված էին քվեարկելու իրավունքից:

 

Այլ կերպ ասած՝ «ազատ աշխարհը» ազնվական սուտ էր: Այն օգնում էր մեզ պատկերացնել մի աշխարհ, որտեղ կցանկանայինք ապրել, եւ օգնում էր ամերիկյան նախագահներին՝ Ջոն Քենեդիից մինչեւ Ռոնալդ Ռեյգանը, ձեւակերպել կարեւոր ճշմարտություններ: Նրանք մեզ ասում էին, որ Բեռլինյան պատը բարոյական նողկանք է, այլ ոչ թե իրողություն, որի հետ պարզապես պետք է հաշտվել, եւ նրանք իրավացի էին: «Ազատ աշխարհը» օգնում էր «մեր» կողմի լավագույն մարդկանց համերաշխության կապեր հաստատել «մյուս» կողմի լավագույն մարդկանց հետ՝ խորհրդային այլախոհներից ու լեհական «Սոլիդառնոստի» հերոսներից մինչեւ Չեխոսլովակիայի «Խարտիա-77»-ի հեղինակները:

 

Երբ Վացլավ Հավելն ասում էր, որ ցանկանում է, որպեսզի Չեխոսլովակիան «նորմալ» երկիր դառնա, նա ի նկատի ուներ այն սովորական, ամենօրյա ազատությունները, որոնք վայելում էին փշալարի մյուս կողմում:

 

1970-ական եւ 1980-ական թվականներին Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Հունաստանի բնակիչները գիտեին, որ «ազատ աշխարհը» սուտ է, որովհետեւ ՆԱՏՕ-ն եւ ամերիկացիները գործարքի մեջ էին մտնում իրենց իսկ ռեժիմների հետ՝ նրանց ազատությունից զրկելու համար: Տապալելով այդ բռնապետությունները՝ նրանք մասամբ ձգտում էին միանալ այն ազատ աշխարհին, որն իրենց խոստացել էին, բայց որի հասանելիությունը մերժում էին:

 

Նույն կերպ թայվանցիները, հարավկորեացիներն ու ֆիլիպինցիները, տապալելով ԱՄՆ-ի կողմից աջակցվող բռնակալներին, իրենց հետ խաղացված գաղափարախոսական կատակը լուրջ իրականության վերածեցին: Իսկ երբ 1989 թվականին Բեռլինյան պատը վերջապես փլուզվեց, ազատ աշխարհը դադարեց հեռավոր երազանք թվալ: Մարդիկ, ովքեր արցունքոտ աչքերով անցնում էին պատի միջով, հանկարծ իրենք այն իրականություն դարձրին:

 

Էյֆորիայի այդ օրերը հիմա հեռավոր հուշ են: Այսօր մենք նման ենք տառապալից երկար թաղման արարողության մասնակիցների: Ազատ աշխարհի մահը սկսվեց 1989 թվականից կարճ ժամանակ անց: Բալկանյան ժողովուրդները երազում էին միանալ դրան, սակայն երբ 1990-ականներին նման հնարավորություն ստեղծվեց, նրանց ազգայնական էլիտաները էթնիկ մեծամասնական իշխանության եւ փոքրամասնությունների էթնիկ զտումների մի խառնուրդ մատուցեցին:

 

Նույն կերպ ռուսական էլիտաները 1990-ականների սկզբին օգտագործեցին խորհրդային կայսրության քաոսային փլուզումը սեփական հարստացման համար: Ժողովրդավարությունը զոհվեց քաոսի, ինստիտուցիոնալ փլուզման եւ համատարած կոռուպցիայի մեջ: Իշխանության գալով՝ Վլադիմիր Պուտինը հանգցրեց ազատության բոցը: Քառորդ դար անց նա երիտասարդ ռուսներին նետում է պատերազմի հորձանուտը, որպեսզի թույլ չտա Ուկրաինային միանալ ազատ աշխարհին:

Լուսանկարը` REUTERS

Մինչ ժողովրդավարական ծրագրերը դոփում էին տեղում եւ զիջում քաոսին կամ բռնատիրությանը, ամերիկյան նախագահները՝ Ջորջ Բուշ ավագից մինչեւ Ջո Բայդեն, եւ նրանց եվրոպացի դաշնակիցները, շարունակում էին իրենց այնպես պահել, կարծես հավատում էին, թե գլխավորում են ազատ աշխարհը: Ամերիկյան հռետորաբանությունը մեծ թվով իրաքցիներին եւ աֆղանացիներին ստիպեց հավատալ, որ արտաքին օգնության շնորհիվ իրենք նույնպես կկարողանան միանալ ազատ աշխարհին: Սակայն այդ երազանքն ավարտվեց Իրաքում կարգուկանոնի փլուզմամբ եւ Աֆղանստանից ամերիկացիների քաոտիկ հեռացմամբ:

 

Այժմ ազատ աշխարհը պառկած է մահվան մահճում, եւ մահացու հարվածը հասցրել է ԱՄՆ նախագահը: Հազիվ թե գտնվի այսօր ապրող որեւէ բռնակալ կամ ավտոկրատ, ում Դոնալդ Թրամփը գովերգած չլինի, կամ ԱՄՆ դաշնակից, ում նա փորձած չլինի շանտաժի ենթարկել: Նա ցուցադրաբար ի ցույց է դնում իր բարեկամությունը Հյուսիսային Կորեայի դիկտատորի հետ եւ միեւնույն ժամանակ կրճատում է ԱՄՆ-ի զինվորական վարժանքները Ամերիկայի վաղեմի ժողովրդավարական դաշնակցի՝ Հարավային Կորեայի հետ: Նա բացահայտորեն արհամարհում է ժողովրդավարական Ուկրաինայի առաջնորդին, որը պայքարում է իր գոյության համար, եւ հրաժարվում է նրան տրամադրել ՀՕՊ միջոցներ, որոնք կպաշտպանեին խաղաղ բնակչությանը ամենօրյա գիշերային հարձակումներից:

Լուսանկարը` REUTERS

Եթե նման քաղաքական վանդալիզմը իրականացված լիներ մեկ անձի կողմից, կարելի էր հույս ունենալ, որ 2028 թվականից հետո ինչ-որ պահի հաջողությամբ կվերադառնանք ազատ աշխարհի իդեալներին: Սակայն իրականությունը շատ ավելի մռայլ է: Այն գաղափարը, որ Ամերիկան պետք է պաշտպանի ազատ ժողովուրդներին, այնքան է արժեզրկվել ամերիկյան հասարակության աչքերում, որ Թրամփի կողմից դաշնակիցների բացահայտ դավաճանությունը վրդովմունք գրեթե չի առաջացնում ո՛չ Կոնգրեսում, ո՛չ էլ ընտրողների շրջանում: Նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների ելքը որոշվելու է վառելիքի գներով, այլ ոչ թե նրանով, որ Ամերիկան դավաճանել է իդեալները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պետք է նրա արտաքին քաղաքականության հենասյուն ծառայեին:

 

Ի՞նչ է սա նշանակում միջին տերությունների համար, ինչպիսիք են Կանադան եւ եվրոպական երկրները: Նրանք շարունակում են աջակցել ազատությանը իրենց սահմաններից դուրս եւ հավատարիմ են մնում Ուկրաինային: Սակայն հիմա նրանց գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնա սեփական գոյատեւումը անսկզբունքային գիշատիչների աշխարհում: 

 

Երբ դաշնակիցներին այլեւս չի միավորում ազատ աշխարհին պատկանելու ընդհանուր ինքնությունը, մեկ հարց է մնում՝ ո՞վ կհաղթի, եւ ո՞վ կենթարկվի: Կանադան Ամերիկայի դաշնակիցներից առաջինն էր, որ յուրացրեց այս դառը ճշմարտությունը: Վարչապետ Մարկ Քարնին դուրս եկավ Թրամփի վարչակազմի հետ առեւտրային բանակցություններից՝ չցանկանալով համաձայնել, որ Կանադայի արտաքին տնտեսական քաղաքականությունը հարմարեցվի ամերիկյանին: 

Լուսանկարը` REUTERS

Եվրոպացիները գովաբանում են Կանադային քաջության համար, սակայն երբեմն քաջությունը պարզապես իրականությունը ընդունելու կարողությունն է:

 

Այս նոր իրականության մեջ յուրաքանչյուր պետություն հույսը դնում է միայն իր վրա: Յուրաքանչյուրը պետք է պաշտպանի իր առանցքային ճյուղերը արտաքին մրցակցությունից եւ միեւնույն ժամանակ հսկայական պետական ռեսուրսներ ներդնի ենթակառուցվածքների մեջ, որոնք անհրաժեշտ են գլոբալ մրցունակությունը պահպանելու համար:

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

 

Copyright: Project Syndicate, 2026.

www.project-syndicate.org 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *