ՋՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

ԵՓՐԱՏ

Եփրատ գետից անցնողը նվիրական է համարվում և զօրութիւն է ստանում “Էրթիկ” կոչված երեսի մորթային հիվանդութիւնը բուժելու։Սա կայծքարը բռնում է հիվանդի երեսի մոտ և կայծառը խփում այնպէս,որ կայծերը ցայտեն վերքերի վրայ։

ԱՏԱՄՆԱՂԲԻՒՐ

Սա գտնվում է Մոքսից Սաղին տանող ճանապարհի վրայ։ Ատամնացավ ունեցողն այդ ջրից առնում է բերանը և առնում թափում “Ձիավորի ճուռ” կոչված աղբիւրը։ Վերջինիս մասին պատմում են,թե Սասունցի Դավթի ձին սաստիկ ծարաված միջոցին խփել է այդ տեղ իւր սմբակը և այդ աղբիւրը բղխեցրել։

ԿԱԹՆԱՂԲԻՒՐՆԵՐ

Մոքսում նշանավոր է Բառի կաթնաղբիւրը, որը գտնվում է Բառի և Սեպ գիւղերի միջև բարձրացող լեռան վրայ,մի գեղեցիկ տեղում,ուր ուխտի են գնում առավելապէս համբարձման հինգշաբթի օրը։

Նշանավոր է նաև Սըփկանից և Մարականց գիւղերի միջև գտնվող աղբիւրը։ Այստեղ եկող կանայք մոմ են վառում և իրենց գլխի հարդարանքի ասեղները խրում աղբրի ական մէջ և այդ ջրից քսում իրենց ծծերին ,որպէսզի իրենց կաթն ավելանայ։

ՀՈԴԱՑԱՎ ԲԺՇԿՈՂ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Համարվում են Մոքսում Գնիկանց աղբիւրը`համանուն գիւղի մօտ, Ամենափրկչյա աղբիւրը,որ գտնվում է Առնանց գիւղի վերև,Կճավի վանքի աղբիւրը,որ կոչվում է Քավավանք։ Այս աղբիւրների ջրով ուխտավորները լողանում են և կամ սրանց ջրիցը հանկարծակի իրենց վրայ ածում։

Ս.ՆՇԱՆԻ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿԻ ՋՐՀՈՐ

Գտնվում է Վան քաղաքի Ս.Նշան եկեղեցու մօտ,Թուխ Մանուկ կոչված մատրան մէջ։Ջրհորի ջուրը չափազանց սառն է։Ջերմ ունեցողները`թէ հայ,թէ թիւրք,ուխտ են գալիս այստեղ ,մոմ վառում և այս ջրով լվացվում,երբեմն և լողանում։

ԽԱՉ֊ԱՂԲԻՒՐ

Շատվան գիւղում մի աղբիւր կայ,որ Խաչ Աղբիւր է կոչվում և սուրբ է համարվում։ Սրա ջրից ածում են խնոցու մէջ,որպէսզի կարագը շատ լինի։

ՄԸԶԸԼ ՀԷՐ

Փութկիից Մոքս տանող ճանապարհի վրայ Մոքսի գետի ակի հանդէպ մի այր կայ։Սրա մէջ բղխում է մի աղբիւր,որի ջուրն անմիջապէս ծծվում է գետնի մէջ։Ականջի ցավ ունեցողները ուխտ են գալիս այստեղ և այս ջրից լցնում ցավող ականջի մէջ։

Պատմում են,թէ այս այրում բնակվել է մի ճգնավոր,որը հոգեվարքի միջոցին ուղարկել է մի հովվի հանդիպակաց այրում բնակվող վարդապետի մօտ խնդրելու,որ գայ,հաղորդութիւն տայ իրեն։Վարդապետը ուշացել է,սա կրկին անգամ է ուղարկել կանչելու և երբ տեսել է,որ չի գալիս,խնդրել է Աստծուց,որ քար դառնայ։Եվ նա քար է դարձել և իւր բերանից այժմեան Մոքս գետն է սկսել բղխել։Ճգնավորը տեսնելով, որ Աստված իւր խնդիրը կատարեց և փրփրադէզ, հստակ ջուրն այրից դուրս է հոսում, նախանձում է և խնդրում,որ իւր վերայից ևս ջուր հոսի,միայն այս ականջացավի դեղ լինի։Այդպէս էլ լինում է։

Ս.ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂԲԻՒՐ

Հոգոց վանքի հիւսիսային կողմը մի խոր ձորի մէջ գտնվում է մի սուրբ աղբիւր, որ կոչվում է Լուսավորչի անունով։Հոգոց վանքի ուխտավորներն իջնում են այդ աղբիւր մօտ,իրենց հիվանդութիւններին բժշկութիւն հայցելու։

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՎԱԶԱՆ

Գտնվում է Վանի Այգեստան թաղի մօտ Թոփրակ Կալէ բլրի ստորոտում։ Առավելապէս Կանաչ կիրակին այստեղ ուխտ են գալիս ամէն տեսակի հիվանդներ

ԳԸՌՈՏԻ ԱՎԱԶԱՆ

Գտնվում է Կենդանան գիւղում և համարվում է բորոտութեան (գռոտ) բուժիչ։ Բորոտներն ուխտ են գալիս այստեղ,մոմ վառում և սրա ջրով լվացվում։

Թէպէտ ջրից վատ հոտ է գալիս, սակայն ուխտավորները “օխ,օխ” են ասում` երկիւղ կրելով,որ եթէ զզվանք արտահայտեն, իրենց բորոտութիւնը փոխանակ բուժվելու`կը սաստկանայ։

Պանդխտութեան գնացողի ետևից ջուր են թափում,որպէսզի շուտ վերադառնայ։

Կաշու գործարանների (դաբախանայ) ջուրը բախտ բացող է համարվում։ Ամուսնանալ ցանկացողները իրենց վրայ են սրսկում այս ջրից, որպէսզի բախտերը բացվի`ամուսնանան։

Երազում մաքուր ջուր,այսինքն գետ, աղբիւր տեսնելը բախտավորութեան նշանակ է համարվում,իսկ պղտոր ջուրը`չարագուշակ։

Ե.Լալայան

Հավատք

ՏԻԳՐԻՍ ԵՒ ԵՓՐԱՏ ԳԵՏԵՐԸ 1900թ

ՏԻԳՐԻՍ ԵՒ ԵՓՐԱՏ ԳԵՏԵՐԸ 1900թ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts