Դատական նիստերի լարված մթնոլորտ, անսպասելի հարցեր դատավորներից, բանակցություններ հանցավոր խմբավորումների հետ եւ վայրկյանների ընթացքում կայացվող որոշումներ․ սա ՀՖՀՀ իրավաբան-ուսանողների համար ոչ թե պարզապես մրցույթ է, այլ՝ ապագա մասնագիտության իրական փորձարկում։ Վերջին մեկ ուսումնական տարվա ընթացքում Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շուրջ 40 ուսանող մասնակցել է 13 ազգային եւ միջազգային դատախաղի՝ մրցելով աշխարհի առաջատար համալսարանների թիմերի հետ, հասնելով եզրափակիչ փուլերի եւ արժանանալով լավագույն բանախոսի կոչումների։
Ինչու են դատախաղերը դարձել իրավաբանական կրթության անբաժանելի մասը, ինչ փորձառություն են դրանք տալիս եւ ինչպես են ՀՖՀՀ ուսանողները միջազգային հարթակներում ներկայացնում Հայաստանը. Մեդիամաքսի հետ զրույցում պատմել են ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը եւ դատախաղերին մասնակցած ուսանողները։
Ի՞նչ է դատախաղը
Կարին Յովսէփեան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
Դատախաղը տեսական գիտելիքը եւ գործնական փորձը միավորող կրթական կարեւոր բաղադրիչ է: Այս մոտեցումն ակտիվ կիրառում ենք Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նույն սկզբունքով է գործում նաեւ մեր Իրավաբանական կլինիկան, որում իրավաբան-ուսանողները գործնական միջավայրում կիրառում են իրենց գիտելիքը, հղկում մասնագիտական հմտություններն, ինչպես նաեւ՝ աջակցում քաղաքացիներին:
Կարին Յովսէփեանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Դատախաղերի դեպքում ուսանողները ստանում են իրավական գործընթացին հնարավորինս մոտ փորձառություն: Մրցույթների մեծ մասում մասնակիցներին տրվում է իրավիճակային խնդիր, որի շուրջ նրանք նախ գրավոր ներկայացնում են իրենց իրավական դիրքորոշումն ու վերլուծությունը, ապա հիմնավորում այն բանավոր ելույթով՝ իրական դատավարություն հիշեցնող միջավայրում:
Կախված առաջադրանքից՝ ուսանողները կարող են հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող կողմ։ Նրանց փաստարկները լսում եւ հարցեր են ուղղում ժյուրիի անդամները, որոնք, որպես կանոն, գործող դատավորներ, փաստաբաններ կամ իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչներ են։
«Դատախաղերին մասնակցող իրավաբան-ուսանողները կոփվում են նաեւ հոգեբանորեն»
Կարին Յովսէփեան
ՀՖՀՀ ուսանողները մշտապես ակտիվ մասնակցում են թե՛ ազգային, թե՛ միջազգային դատախաղերի, եւ համալսարանը մեծապես խրախուսում է նրանց։ Սա կարեւոր է, քանի որ դատախաղերում քննարկվող դեպքերը դասագրքային չեն, չունեն միանշանակ ճիշտ կամ սխալ պատասխաններ եւ հիմնված են իրական պրակտիկայում հանդիպող արդիական խնդիրների վրա։ Միեւնույն ժամանակ, դատախաղերին մասնակցող իրավաբան-ուսանողները հոգեբանորեն կոփվում են, սովորում արագ կողմնորոշվել, աշխատել սթրեսային իրավիճակներում, հղկում են խոսքը, ձեւավորում ճիշտ կեցվածք եւ թիմային աշխատանքի մշակույթ։
Դատախաղերի մասնակցած ՀՖՀՀ ուսանողները
Լուսանկարը` Մեդիամաքս
2025 թվականի սեպտեմբերից մինչ օրս ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցել են 13 տարբեր դատախաղի։ Ընդհանուր առմամբ, դատախաղերում ներգրավվել է շուրջ 40 ուսանող, որոնցից մի քանիսը մասնակցել է մեկից ավելի մրցույթի։ Այդ 13 դատախաղերից հինգը եղել է ազգային, ութը՝ միջազգային։
Ազգային մրցույթները հիմնվում են ՀՀ օրենսդրության վրա։ Այդպիսի փորձառություններից մեկն աշխատանքային իրավունքի թեմայով դատախաղն էր, որն անցկացվել է Ռուս-հայկական համալսարանում։ Այս տարի ուսանողները մասնակցել են նաեւ Ցեղասպանության հանցագործությունների կանխարգելմանը նվիրված կարեւոր դատախաղին, որն անցկացվում էր Հայաստանում եւ ուներ միջազգային ձեւաչափ։ Մրցույթի անգլալեզու թողարկմանը մասնակցում էին նաեւ արտերկրի համալսարանների թիմեր։
Միջազգային դատախաղերից առաջինը, որին մասնակցել են մեր ուսանողները, անցկացվել է Սլովենիայում եւ վերաբերել փախստականների իրավունքին։ Այդ մրցույթի ընթացքում ՀՖՀՀ ուսանող Տարոն Նազարյանն ընդգրկվել է լավագույն բանախոսների ցուցակում։ Այս տարի Հայաստանում անցկացվել է նաեւ Ժան Պիկտեի անվան միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղը՝ անգլալեզու եւ ֆրանսալեզու երկու թողարկմամբ: Ընդ որում, ՀՖՀՀ թիմերը մասնակցել են երկուսին էլ (ժպտում է – հեղ.):
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջերս Հաագայից վերադարձել է մեր մյուս թիմը, որը մասնակցել է միջազգային քրեական իրավունքին նվիրված դատախաղին։ Տարվա ընթացքում մասնակցել ենք Ստրասբուրգում անցկացվող ֆրանկոֆոն դատախաղի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա։
Նշանակալի էր ՀՖՀՀ ուսանողների հաղթանակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կազմակերպած ազգային դատախաղում:
Առհասարակ, նշածս մրցույթների մեծ մասում մեր ուսանողները ցույց են տվել շատ լավ արդյունքներ, շատ դատախաղերի դեպքում՝ հասել մինչեւ եզրափակիչ կամ ճանաչվել լավագույն բանախոս:
«Դատախաղերի արժեքը չի չափվում միայն վերջնական արդյունքով»
Կարին Յովսէփեան
Միջազգային դատախաղերը կարեւոր են նաեւ մասնագիտական կապեր ձեռք բերելու տեսանկյունից։ Դրանց ընթացքում մեր ուսանողները հնարավորություն են ստանում շփվել ոչ միայն այլ երկրների իրավաբան-ուսանողների, այլեւ՝ գործող դատավորների, ոլորտի մասնագետների եւ դասախոսների հետ։ Այսպիսի մասնագիտական ցանցի մաս դառնալը նրանց հետագա զարգացման համար մեծ նշանակություն ունի։
Լուսանկարը` Մեդիամաքս
Միեւնույն ժամանակ, դատախաղերի արժեքը չի չափվում միայն վերջնական արդյունքով։ Ոչ պակաս կարեւոր է դրանց նախապատրաստման ամբողջ ընթացքը, երբ ուսանողները թիմ են կազմում, աշխատում մարզիչ-դասախոսների հետ, փորձեր անցկացնում եւ պատրաստվում իրական մասնագիտական իրավիճակներում աշխատելուն։
Ինքս պարբերաբար հետեւում եմ այդ գործընթացին եւ ամեն անգամ ապշում՝ որքան են նրանք փոխվում դատախաղին պատրաստվելու առաջին օրերի համեմատ։ Հղկվում է խոսքը, ավելանում վստահությունը, նույնիսկ կեցվածքն է այլ դառնում (ժպտում է – հեղ.) Դրան գումարվում է նաեւ գիտելիքի մեծ պաշարը:
«Լավ իրավաբանը պետք է «քառակուսուց դուրս» մտածի»
Տարոն Նազարյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ
Այս ուսումնական տարին ՀՖՀՀ ուսանողների համար ռեկորդային էր դատախաղերի մասնակցության առումով։ Մրցույթների մեծ մասում գրանցել ենք բավականին լավ արդյունքներ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում:
Ինքս մասնակցել եմ Սլովենիայում անցկացվող All-European International Humanitarian and Refugee Law դատախաղին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ազգային մրցույթին, Ժան Պիկտեի անվան դատախաղին, ինչպես նաեւ ներգրավված եմ եղել Հաագայում անցկացվող Միջազգային քրեական իրավունքի դատախաղի նախապատրաստական աշխատանքներում։
Տարոն Նազարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Սլովենիայի մրցույթում ընդգրկվել եմ լավագույն բանախոսների ցուցակում եւ սա ինձ համար կարեւոր գնահատական էր, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված դատախաղերը զգալիորեն տարբերվում են դասական ձեւաչափից։ Այս մրցույթները հիմնականում անկանխատեսելի են. երբեք չգիտես՝ որն է լինելու քո հաջորդ դերը կամ ինչ իրավիճակում կհայտնվես։ Սցենարներն առավելագույնս մոտ են իրական կյանքին։ Պատկերացրեք իրավիճակ, երբ դու բանակցում ես զենքի եւ թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման հետ, սեղանին դրված են իրական զենքեր, ինչ-որ մեկը քաշում է աթոռդ, իսկ թիկունքում էլ՝ բարձրաձայն վիճում են տարբեր մարդիկ (ժպտում է – հեղ.)։ Եթե այլ դատախաղերում հնարավոր է նախապես պատրաստել ելույթն, ապա միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթներում առաջադրանքը ստանում ես միայն տեղում։ Սա պահանջում է մեծ սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու կարողություն եւ միաժամանակ չափազանց հետաքրքիր փորձառություն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իրական մասնագիտական կյանքում նույնպես երբեք չգիտես՝ ինչ իրավիճակում կհայտնվես կամ ինչպես կվարվի դիմացի կողմը։ Այնպես որ, նման դատախաղերը, դրանց ընթացքում ձեռք բերված գիտելիքն, արագ արձագանքելու կարողությունն ու սթրեսակայունությունը չափազանց կարեւոր են։ Ըստ իս՝ լավ իրավաբանին ձեւավորում է «քառակուսուց դուրս» մտածելու կարողությունը, եւ դատախաղերը նպաստում են դրա զարգացմանը։
«Դատախաղերն օգնեցին հասկանալ, որ ցանկանում եմ մասնագիտանալ միջազգային մարդասիրական իրավունքում»
Մարիամ Հովհաննիսյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ
Այս ուսումնական տարվա ընթացքում մասնակցել եմ մի քանի դատախաղի, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ազգային մրցույթին, որում ՀՖՀՀ թիմը հաղթել է, ինչպես նաեւ՝ Ժան Պիկտեի անվան եւ Հաագայում անցկացված Միջազգային քրեական դատարանի դատախաղերին։
Մարիամ Հովհաննիսյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ժան Պիկտեի անվան մրցույթը միջազգային մարդասիրական իրավունքի ամենահեղինակավոր դատախաղերից է։ Մասնակցելու նախաձեռնությամբ ինքներս ենք դիմել համալսարանին, եւ արդյունքում հասել մրցույթի ֆրանսալեզու թողարկման եզրափակիչ փուլ՝ մրցելով Փարիզի Ասսաս համալսարանի հետ։ Դա մեծ փորձություն էր, քանի որ մի բան է սովորել ֆրանսերեն, մեկ այլ բան՝ իրավական բանավեճ վարել այդ լեզվի կրողների հետ։
Այս մրցույթի առանձնահատկությունն այն էր, որ ամեն ինչ տեղի էր ունենում առանց նախապես տրված առաջադրանքի։ Պետք էր արագ կողմնորոշվել եւ կիրառել գիտելիքն իրականին առավել մոտ իրավիճակներում։ Միեւնույն ժամանակ, այս ընթացքում ավելի շատ սովորում էինք միմյանցից, քան՝ մրցում (ժպտում է – հեղ.):
Դատախաղերն ինձ օգնել են նաեւ մասնագիտական ընտրության հարցում։ Այսօր արդեն վստահ եմ՝ ցանկանում եմ շարունակել ճանապարհս միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում։ Հայաստանի համար այս ուղղությունը հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով վերջին տարիների պատերազմներն ու դրանց հետեւանքները։ Կարծում եմ՝ հենց հիմա մեր երկրի համար օրհասական նշանակություն ունի միջազգային մարդասիրական իրավունքի մեխանիզմների արդյունավետ կիրառումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջերս վերադարձել ենք նաեւ Հաագայից, որտեղ մասնակցել ենք Միջազգային քրեական դատարանի դատախաղին։ Դրան պատրաստվում էինք Ժան Պիկտեի անվան մրցույթին զուգահեռ՝ միաժամանակ աշխատելով ֆրանսերեն եւ անգլերեն։ Այս մրցույթին մասնակցում էր 94 թիմ՝ աշխարհի 48 երկրից, եւ Հայաստանն այստեղ առաջին անգամ ներկայացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն էր։ Այս ճանապարհին մեծ աջակցություն ենք ստացել համալսարանից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից եւ մեր մարզիչ Իգոր Միրզախանյանից։
«Հաջողության հիմքում հիմնավոր ինքնավստահությունն է»
Աննա Առաքելյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ
Թե՛ այս, թե՛ նախորդ ուսումնական տարում մասնակցել եմ մի շարք ազգային եւ միջազգային դատախաղերի։ Եղել եմ ՀՖՀՀ թիմի կազմում Կարմիր խաչի դատախաղում, մասնակցել եմ Brown Mosten մրցույթին, որի ազգային փուլում հաղթել ենք եւ ապրիլին ներկայացել Խորվաթիայում անցկացված միջազգային փուլին։ Մասնակցել եմ նաեւ Ժան Պիկտեի անվան դատախաղին՝ անգլալեզու թիմի կազմում, Նելսոն Մանդելայի անվան միջազգային դատախաղին, ինչպես նաեւ՝ վերջերս վերադարձել եմ Հաագայից: Առանձնահատուկ կցանկանամ նշել նաեւ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված դատախաղը, որտեղ արդեն աջակցում էի մեր համալսարանը ներկայացնող թիմին որպես մարզիչ։
Աննա Առաքելյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Առաջին դատախաղին մասնակցել եմ երրորդ կուրսում։ Այդ ժամանակ եւս արդյունքը տպավորիչ էր, հասել էինք եզրափակիչ, իսկ ես ճանաչվել էի լավագույն բանախոս։ Հիմա, երբ հետ եմ նայում անցած ճանապարհին, նկատում եմ՝ որքան են ինձ փոխել այս փորձառությունները: Եթե երրորդ կուրսի Աննան յուրաքանչյուր ելույթից առաջ շատ էր անհանգստանում, ապա այսօրվա Աննան Հաագայում ելույթից տասը րոպե առաջ հանգիստ, առանց լարվելու, թեյ էր խմում (ծիծաղում է – հեղ.)։ Այս ճանապարհը սովորեցրել է ոչ միայն ճիշտ կիրառել գիտելիքը, այլեւ՝ վստահ ներկայացնել այն։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այսօր արդեն, իմ փոքրիկ մարզչական փորձից ելնելով, նույնն եմ ասում նաեւ ուսանողներին՝ կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ եք ասում, այլեւ՝ ինչպես եք ասում եւ ներկայանում։ Հաջողության հիմքում ինքնավստահությունն է, իհարկե՝ հիմնավոր ինքնավստահությունը։
«Գնահատել սեփական ուժերը եւ ձգտել ավելիին»
Հարություն Հայրապետյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Մեր թիմով մասնակցել ենք աշխատանքային իրավունքի թեմայով միջբուհական դատախաղի։ Հետաքրքիր է, որ այդ պահին դեռեւս չէինք ուսումնասիրել աշխատանքային իրավունքը, քանի որ երկրորդ կուրսի ուսանողներ էինք (ժպտում է – հեղ.)։ Այնուամենայնիվ, որոշեցինք ռիսկի դիմել՝ գիտակցելով, որ մեր մրցակիցների մեծ մասն այս ոլորտին ավելի լավ է տիրապետում։
Հարություն Հայրապետյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Արդյունքում ՀՖՀՀ թիմը հասել է եզրափակիչ, իսկ ես ստացել եմ լավագույն բանախոսի մրցանակը: Այս դատախաղի ժյուրիում ընդգրկված էին դատավորներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, դասախոսներ եւ տեսության մասնագետներ, որոնք շատ էին զարմացել՝ իմանալով, որ դեռ երկրորդ կուրսի ուսանողներ ենք (ժպտում է – հեղ.): Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիչ Նարեկ Սահակյանին, քանի որ հենց նրա ներդրման շնորհիվ արժանացանք բազմաթիվ գովեստի խոսքերի: Մեծ պատիվ էր շարունակել ՀՖՀՀ-ի հաջողությունների շարքը: Մեր համալսարանի յուրաքանչյուր թիմի հաջողություն մեծ պատասխանատվություն է դնում նաեւ հաջորդների վրա:
Լուսանկարը` Մեդիամաքս
Կարծում եմ՝ իրավաբանական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի համար դատախաղը մի նոր աշխարհ է: Այն հնարավորություն է տալիս հասկանալ՝ ինչի ես արդեն հասել, ինչի վրա դեռ պետք է աշխատես, գնահատել սեփական ուժեղ եւ թույլ կողմերը։ Միայն այդպես է հնարավոր կատարելագործվել եւ ձգտել ավելիին։
«Մեր ուսանողները գիտակցում են՝ ներկայացնում են ոչ միայն համալսարանը, այլեւ՝ Հայաստանը»
Կարին Յովսէփեան
Միշտ հպարտանում եմ մեր ուսանողներով՝ նրանց լրջությամբ, պատասխանատվությամբ եւ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով։ Ինձ համար պակաս կարեւոր չէ նաեւ՝ ինչպես են նրանք մրցույթի ընթացքում շփվում մյուս մասնակիցների հետ։ Մրցույթը մրցույթ է, բայց ապագա գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքը շատ կարեւոր է:
Մեր ուսանողները հստակ գիտակցում են, որ ներպետական մրցույթներում ներկայացնում են Հայաստանում ֆրանսիական համալսարանը, իսկ միջազգային հարթակներում՝ ոչ միայն համալսարանը, այլեւ՝ ամբողջ երկիրը։ Այդ պատասխանատվությանը նրանք մոտենում են իսկապես մեծ լրջությամբ։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply