«Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունն արդեն տևական ժամանակ է, ինչ ողողված է Գյումրիից ստացվող ահազանգերով։ Քաղաքում, ըստ էության, տեղի է ունենում բացահայտ ռեկետ և անօրինականություն, որի կենտրոնում Գյումրիի բնակիչ Մելադա Անդրանիկի Սարգսյանն է ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը։ Սույն անձինք, զբաղվելով ապօրինի վաշխառությամբ, քաղաքացիներին բարձր տոկոսներով գումարներ են տալիս, իսկ հետո սկսվում է իսկական մղձավանջը։
Տուժածների պատմությունները սարսափեցնող են. Մելադա Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը, անձամբ են ներխուժում մարդկանց տներ, հայհոյում, ֆիզիկական ծեծի ու հոգեբանական ահաբեկման ենթարկում քաղաքացիներին՝ վախի մթնոլորտում նրանցից ուղղակի խլելով իրենց սեփական տներն ու բնակարանները։ «Ամբիոն Նյուզ»-ի ձեռքի տակ կան էքսկլյուզիվ ապացույցներ և փաստաթղթեր՝ Մելադա և Ռաֆիկ Սարգսյաններին պատկանող բնակարանների ճշգրիտ քանակի վերաբերյալ, ինչը բացահայտում է նրանց ապօրինի հարստացման ու գույքերի բռնագրավման ողջ ծավալը։ Միևնույն ժամանակ, «Ամբիոն Նյուզ»-ի ուղարկած պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկից հաստատել են, որ Մելադա Անդրանիկի Սարգսյանը չունի որևէ լիցենզիա ֆինանսական գործունեություն ծավալելու համար և նրա ողջ գործունեությունը բացարձակ անօրինական է։
Այս հանցավոր սխեման առավել տեսանելի դարձավ շաբաթներ առաջ, երբ «Ամբիոն Նյուզ»-ը լուսաբանեց Հովհաննես Ասատրյանի ընտանիքին սեփական տանից փողոց նետելու ողբերգական դեպքը։ Այդ հրապարակումից հետո խմբագրության հեռախոսները չեն դադարում զանգել. տասնյակ քաղաքացիներ ահաբեկված պատմում են ճիշտ նույն ձեռագրով իրենց տները խլելու մասին։ Ուշագրավ է, որ Ասատրյանների ընտանիքին պատկանող գույքը, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, գնել է Արամ անունով ինչ-որ անձնավորություն, ով ուղղակիորեն կապված է Մելադա Սարգսյանի հետ։
Սակայն ամենասկանդալայինն ու վտանգավորն այս պատմության մեջ հանցագործների անպաժելիությունն է։ Տուժած քաղաքացիները սարսափած են և վախենում են բարձրաձայնել, քանի որ Մելադա Սարգսյանը բացահայտ հոխորտում է, թե իր թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած։ Ավելին՝ ճնշումներից ու ահաբեկումներից անմասն չի մնում անգամ մեր լրատվամիջոցը, որին փորձում են լռեցնել քննիչների և իրավապահ համակարգի տարբեր լծակների միջոցով։
Այնուամենայնիվ, «Ամբիոն Նյուզ»-ը հետևողական է։ Մենք արդեն դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազություն, և գործին պաշտոնապես ընթացք է տրվել։ Մենք հետևելու ենք քննության ընթացքին՝ բացահայտելու համար, թե ովքեր են քաղաքացիներին ահաբեկողների և տնանկ անողների իրական հովանավորները։

Leave a Reply