ՀԴՄ կտրոնների բովանդակությունը միասնական կդառնա․ պահանջը կվերաբերի բոլոր տնտեսվարողներին

Written by

in

ՀԴՄ կտրոններում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տպագրելու պահանջը նախատեսվում է տարածել բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա՝ անկախ նրանց իրացման շրջանառության չափից։ Ներկայումս այդ պահանջը գործում է նախորդ տարվա ընթացքում 24 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար։ Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց նախագիծը։

Ինչպես տեղեկանում է Iravaban.net–ը, Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է վերացնել գործող տարբերակումը և սահմանել ՀԴՄ կտրոնների բովանդակության միասնական պահանջներ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը զուգահեռ իրականացվող ՀԴՄ բարեփոխումներից մեկն է։

Նրա պարզաբանմամբ՝ «Գործող կարգավորմամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պարտավոր չեն ՀԴՄ կտրոնում արտացոլել վաճառվող ապրանքի անվանումը և ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումն ու կոդը, ինչպես նաև ապրանքի քանակն ու չափման միավորը։ Հանրային սննդի ոլորտում այս պահանջը ներառում է նաև տրամադրվող ճաշացանկի տվյալները»,-ասել է ՊԵԿ նախագահը։

Նրա գնահատմամբ՝ գործող կարգավորումը մի շարք խնդիրներ է առաջացնում․ որոշ տնտեսվարողներ օգտվում են սահմանված շեմից, ինչի հետևանքով ձևավորվում են անհավասար մրցակցային պայմաններ, առաջանում են ստվերային շրջանառության ռիսկեր, նվազում է հարկային և տեսչական վարչարարության արդյունավետությունը։

Նա նաև ընդգծել է սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրը՝ նշելով, որ ապրանքի, դրա արժեքի և քանակի վերաբերյալ հստակ տվյալների բացակայությունը դժվարացնում է սպառողի շահերի պաշտպանությունը։

Նախագծով առաջարկվում է, որ ՀԴՄ կտրոններն ունենան նույն բովանդակությունը՝ անկախ տնտեսվարողի շրջանառությունից։

ՊԵԿ-ի ներկայացուցչի փոխանցմամբ՝ նոր պահանջը նախատեսվում է կիրառել հունվարի 1-ից։ Դրա ներդրման համար ՀԴՄ սարքերը փոխելու կամ նոր ծրագրեր տեղադրելու անհրաժեշտություն չի լինի։ Տնտեսվարողները ապրանքների և ծառայությունների անվանացանկերը կկարողանան մուտքագրել իրենց առևտրային ծրագրերի կամ ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ փոքր տեսականի ունեցող տնտեսվարողները՝ անմիջապես ՀԴՄ սարքում։

Կարգավորումը վերաբերելու է անհատական ծառայություններ մատուցող, մշակող արդյունաբերության, հանրային սննդի և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։

ՊԵԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ փոփոխության նպատակն է գործարքների թափանցիկության ապահովումը, հարկային վարչարարության գործիքների արդյունավետ կիրառումը և սպառողների ու տնտեսվարողների շահերի պաշտպանությունը։

Իրավաբան.net

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *