ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ստորագրել է հրամանագրեր, որոնցով Կանադայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ սահմանվել է 50% մաքսատուրք՝ հայտարարելով, որ Կանադան անարդար կերպով խտրական վերաբերմունք է ցուցաբերել ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի նկատմամբ։
Նոր սահմանափակումները կարող են տնտեսական նոր լարվածություն առաջացնել՝ նպաստելով գնաճի աճին և էլ ավելի սրելով Վաշինգտոնի ու Օտտավայի հարաբերությունները, որոնք մինչ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն համարվում էին ամենամոտ դաշնակցային կապերից մեկը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ Թրամփը մաքսատուրքերը սահմանող երեք առանձին հրամանագիր է ստորագրել՝ հիմնվելով 1930 թվականի Առևտրի մասին օրենքի 338-րդ հոդվածի վրա։ Նրա խոսքով՝ Կանադան Չինաստանից բացի այն եզակի երկրներից է, որը պատասխան մաքսատուրքեր էր սահմանել Թրամփի նախկին որոշումների դեմ, և դրա համար պետք է պատասխանատվություն կրի։
50% մաքսատուրքերը չեն տարածվի էներգակիրների, կալիումական պարարտանյութերի (պոտաշ), ձկան և ռազմավարական նշանակության օգտակար հանածոների վրա։ Սակայն դրանք կկիրառվեն նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք մինչ այժմ պաշտպանված էին ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով (USMCA)։ 2020 թվականին կնքված այդ համաձայնագրի ժամկետն ավարտվել է, և այժմ կողմերը նոր բանակցություններ են սկսել, որոնք կարող են շարունակվել մինչև 2036 թվականը։
Պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը նաև հանձնարարել է իր խորհրդականներին ուսումնասիրել Կանադայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծուխը վատթարացնում է ԱՄՆ-ում օդի որակը։
Հատկանշական է, որ կիրակի օրը Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին Թրամփը հանդիպել էր Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ այդ հանդիպումը աշխատանքային բնույթ չի կրել, և առևտրի կամ մաքսատուրքերի հարցերը չեն քննարկվել։
Թրամփի հրամանագրերում նշվում է, որ Կանադան խտրական քաղաքականություն է վարում ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների և պանրի նկատմամբ։ Սակայն այս մեղադրանքների հիմքում հիմնականում Կանադայի պատասխան քայլերն են, որոնք իրականացվել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մաքսատուրքեր էր սահմանել՝ պնդելով, թե Կանադան բավարար միջոցներ չի ձեռնարկում ֆենտանիլի մաքսանենգությունը կանխելու համար։
Հրամանագրերից մեկում նշվում է, որ 2025 թվականի ապրիլից Կանադան 25% մաքսատուրք է սահմանել այն ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման վրա, որոնք չէին օգտվում USMCA-ի արտոնյալ պայմաններից։
Մեկ այլ հրամանագրում հիշատակվում է նաև, որ Կանադայի նահանգներն ու տարածքները նախորդ տարի դադարեցրել էին ամերիկյան ալկոհոլային խմիչքների գնումն ու վաճառքը՝ ի պատասխան Թրամփի սահմանած մաքսատուրքերի և նրա հայտարարությունների, թե Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։
Բացի այդ, Թրամփը կրկին քննադատել է Կանադայի կաթնամթերքի քաղաքականությունը՝ պնդելով, որ երկիրը եվրոպական արտադրողների համեմատ խտրական վերաբերմունք է ցուցաբերում ամերիկյան պանրի և այլ կաթնամթերքի նկատմամբ։
Leave a Reply