Համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական եւ ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման եւ իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման եւ կառավարման հիմնական մեխանիզմները։
Ընկերությունը կհիմնադրվի ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմը կունենա 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26։ Ամերիկյան կողմի բաժնեմասը կտնօրինի ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած կլինի 5 անդամից. 3-ին կնշանակի ամերիկյան կողմը, 2-ին՝ հայկական:
Համաձայնագրով կամրագրվեն նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող անկյունաքարային հարցերով որոշումների կայացման համար հայկական կողմի պարտադիր համաձայնության գործուն մեխանիզմներ։
«Թեւակոխում ենք TRIPP-ի իրագործման հերթական կարեւոր փուլ. արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի համաձայնեցված լինելը, որը մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի։ Դրանից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում եւ գործնականում հնարավորություն կունենա աշխատանքներ իրականացնել։
Երբ TRIPP զարգացման ընկերությունն արդեն ամբողջությամբ ձեւավորված լինի, մենք գործերը կփոխանցենք իրենց»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ «TRIPP-ն անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է»:
Leave a Reply