Խառը «խփոցիներ» Սևանում, նախընտրական պայքար՝ առանց կանոնների

Written by

in



Սևանի համայնքապետի այս անգամվա ընտրությունները կարծես վերածվել են «մարտեր առանց կանոնների»։ Նախընտրական քարոզարշավի բովանդակային քննարկումներին աստիճանաբար փոխարինում են փոխադարձ մեղադրանքները, անձնական վիրավորանքներն ու իրատեսականության տեսանկյունից վիճահարույց խոստումները։

Նախընտրական պայքարում նկատելիորեն տարբեր մարտավարություններ են որդեգրել հիմնական մրցակիցները։ Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը բավականին զուսպ քարոզարշավ է իրականացնում՝ անդրադառնալով ինչպես կատարված աշխատանքներին, այնպես էլ առկա խնդիրներին ու առաջիկա անելիքներին։

Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի քարոզարշավում, Գեղարքունիքի մարզպետի ակտիվ ներգրավմամբ, շեշտադրվում են կառավարության ձեռքբերումները՝ այդ համատեքստում ներկայացնելով նաև համայնքապետարանի ու համայնքապետի հետ համատեղ իրականացված աշխատանքները։

Մեկ այլ թեկնածուի՝ Վահրամ Գևորգյանի քարոզարշավում առավել ընդգծված են մրցակիցների հասցեին հնչող քննադատություններն ու մի շարք աղմկահարույց նախընտրական խոստումներ։ Մասնավորապես, խոսքը համայնքային տրանսպորտն անվճար դարձնելու, բազմաբնակարան շենքերի տանիքների և վերելակների խնդիրների արագ լուծման մասին հայտարարությունների մասին է, որոնք սուր արձագանք են առաջացրել իշխանական ճամբարում։

Գևորգյանի խոստումներին շտապել է արձագանքել նաև Գեղարքունիքի մարզպետը՝ երեկ Սևանի մշակույթի տանը կազմակերպված բաց հանդիպման ընթացքում։ Վերջինս կասկածի տակ է դրել այդ խոստումների իրագործելիությունը՝ ընդգծելով, որ նման ծրագրերի իրականացումն առանց կառավարության աջակցության գործնականում անհնար է ու անլուրջ է նույնիսկ քննարկելը:

Հետաքրքրական է, սակայն, ոչ միայն այդ խոստումների բովանդակությունը, այլև իշխանական թիմի՝ դրանց նկատմամբ ունեցած սուր արձագանքը։ Խնդիրը Ծովագյուղի նախկին գյուղապետն է, ում որդեգրած մարտավարությունը, ըստ երևույթին, ուղղված է նախընտրական օրակարգում սեփական ներկայությունն առավել ընդգծելուն՝ քննադատության թիրախ դարձնելով ինչպես գործող համայնքապետին, այնպես էլ իշխանական թիմին։

Մուրադյանն առայժմ հրապարակային հակամարտության մեջ չի ներքաշվում, մինչդեռ իշխանական թիմն ու Գևորգյանը հայտնվել են փոխադարձ քննադատությունների շրջապտույտում։ Այս հակադրությունը կարող է անդրադառնալ նաև նրանց հետընտրական հնարավոր համագործակցության և կոալիցիոն բանակցությունների վրա։

Այսպիսով, քարոզարշավի վերջին օրերին Սևանում քաղաքական պայքարն ավելի ու ավելի է տեղափոխվում փոխադարձ հակադարձումների դաշտ՝ երկրորդ պլան մղելով համայնքի զարգացման ծրագրերի շուրջ բովանդակային բանավեճը։

Մուրադյանի թիմը շարունակում է իր ընտրած զուսպ մարտավարությունը, իսկ մյուս կողմերի միջև վերջին օրերին բանավեճը գնալով թեժանում է։

 


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *