Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

Written by

in


«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամսից նախատեսված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները: Անցած ուրբաթ՝ նոյեմբերի 20-ին, թեկնածուների առաջադրման վերջին օրն էր: Ի՞նչն է հետաքրքիր. այդ «վերջին օրով» ՀՖՖ բոլոր պատասխանատուների, ներառյալ լրատվականի պատասխանատուների հեռախոսները անհասանելի էին: ՀՖՖ-ն անցել էր խոր «պարտիզանական լռության» ռեժիմի:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՖՖ-ն տարածեց խիստ հակիրճ տեքստ առ այն, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 2, իսկ գործկոմի անդամի համար՝ 29 թեկնածություն: Ու ոչ մի բառ այն մասին, թե ովքեր են այդ երկու թեկնածուները: Կարծես թե «պետական» գաղտնիք էր: Հասկանալի է, ամեն կերպ ցանկանում էին չտալ «երկրորդ» թեկնածուի անունը՝ հայաստանյան ֆուտբոլային աշխարհի զայրույթը իրենցից հեռացնելու համար: Մյուս թեկնածուի դեպքում ամեն ինչ պարզ էր. մի քանի օր առաջ էր հայտնի, որ «Շիրակ» ակումբն առաջադրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, որին աջակցում են նաև երկրպագուները: Ու դրա մասին հստակ, բաց հայտարարվել էր թե՛ առաջադրող ակումբի կողմից, թե՛ Գևորգ Ղազարյանի: «Երկրորդ» թեկնածուի անունը, որքան էլ որ ՀՖՖ-ն «գաղտնի» էր պահում, «օդում» շրջանառվում էր. խոսքը Յուրի Ջորկաեֆի եղբոր՝ Դենիս Ջորկաեֆի մասին է: Ըստ որում, Դենիս Ջորկաեֆի հավակնությունների վերաբերյալ կասկածները գրեթե լիովին հաստատվեցին դեռ այն ժամանակ, երբ ՀՖՖ-ն իր կանոնադրության մեջ փոփոխություն արեց՝ մասնավորաբար վերացնելով հայերենի իմացության մասին ՀՖՖ նախագահին ներկայացվող պահանջը:

Ինչևէ, արդեն կիրակի օրը հայտնի դարձավ, որ «Սյունիք» ակումբն է առաջադրել Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը: Ինքը՝ թեկնածուն, սոցցանցային գրառում էր արել՝ հատուկ նշելով, թե բաց է քննարկումների, հարցերի համար: Բայց արի ու տես, որ այդ գրառումը «բաց էր» միայն գովասանքի, ծափահարությունների ու հիացմունքների համար: Այսինքն, գրառումը «բաց էր» մտերիմների համար: Իսկ քննադատողներին, ոչ այնքան հաճելի հարցեր տվողների համար ջորկաեֆյան էջը փակ էր, ավելին՝ «ջղայնիկ» դնողները բլոկվում էին: Իսկ թե ինչ էր կատարվում նրան առաջադրած «Սյունիք» ակումբի էջում, ուղղակի «հուզիչ» էր: Համաձայնեք, որ «խոստումնալից մեկնարկ» է. եթե դեռ ընդամենը ՀՖՖ նախագահի թեկնածու դարձած մարդը միայն գովասանքներ է ընդունում, իսկ դժգոհներին բլոկում է: Այդպե՞ս է նա հետագայում պատրաստվում հարաբերվել մարզասերների, ֆան-ակումբների, թիմերի, հայկական ֆուտբոլի այլ ներկայացուցիչների հետ: Եթե այո, ապա դա ուղղակի խայտառակություն է:

Հ.Գ.-Ի դեպ, բավական թափանցիկ ակնարկ-գրառում էր արել Հայաստանի հավաքականի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը. «Հայաստանը խոպան չէ, որ ով որտեղ չի կարողացել կայանալ, գա այստեղ դիրք զբաղեցնի, սեփական ամբիցիաները բավարարի ու հեռանա՝ իր հետևից թողնելով չկրած պատասխանատվություն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *