Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը

Written by

in

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը նոր Սահմանադրության նախագիծն ուսումնասիրելիս առողջապահության ոլորտին վերաբերող դրույթներում մտահոգիչ միտում է տեսնում։

Ըստ նրա՝ մարդու առողջության իրավունքը ձևակերպված է, բայց պետության կոնկրետ պարտավորությունները մի շարք կարևոր ուղղություններով այլևս նույն հստակությամբ ամրագրված չեն։

«Սա պարզապես խմբագրական փոփոխություն չէ։ Սա կարող է անդրադառնալ այն բանի վրա, թե ապագայում քաղաքացին ինչ երաշխիքներ կունենա պետությունից բժշկական օգնություն պահանջելու հարցում։

1. Անվճար բժշկական օգնության սահմանադրական երաշխիքը

Գործող Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ օրենքը պետք է նախատեսի անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և դրանց մատուցման կարգը։

Նոր նախագծում առողջության պահպանման և անհրաժեշտ բժշկական ծառայություններին հասանելիության իրավունքը պահպանվում է, սակայն անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկի վերաբերյալ այս հստակ սահմանադրական պահանջն այլևս նույն ձևով չկա։

Ի՞նչ է սա նշանակում։ Պետությունը սահմանադրական մակարդակում այլևս նույն հստակ պարտավորությամբ կապված չէ անվճար հիմնական բժշկական ծառայությունների երաշխիքի հետ։

2. Իսկ հիվանդության դեպքում սոցիալական պաշտպանությո՞ւնը

Գործող Սահմանադրության 83-րդ հոդվածը սոցիալական ապահովության իրավունքի հիմքերի մեջ հստակ ներառում է հիվանդությունը և աշխատավայրում դժբախտ պատահարները։

Նոր նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետում հիվանդությունն ու աշխատավայրում դժբախտ պատահարները առանձին չեն հիշատակվում։

Սա լուրջ բացթողում է։ Հիվանդությունը կարող է մարդուն զրկել աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունից։ Այդ իրավիճակում պետության սոցիալական պատասխանատվությունը պետք է լինի ոչ թե ենթադրվող, այլ հստակ ամրագրված։

3. Ո՞վ է պատասխանատու լինելու բժշկական ծառայությունների մատչելիության համար։

Գործող Սահմանադրության 86-րդ հոդվածը պետության քաղաքականության հիմնական նպատակ է համարում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը։

Նոր նախագծում առողջության պահպանման իրավունքը պահպանվում է, բայց պետության քաղաքականության նպատակի այս կոնկրետ ձևակերպումն այլևս նույն տեսքով չկա։

Այսինքն՝ քաղաքացին իրավունք ունի առողջության պահպանման, բայց պետության կողմից արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմաններ ստեղծելու պարտավորությունը սահմանադրական մակարդակում այլևս նույն հստակությամբ արտահայտված չէ։

Իսկ ո՞վ է պատասխան տալու, երբ մարզում մարդը չի կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, երբ հերթագրվում է ամիսներով, երբ հետազոտությունը կամ բուժումը իր ֆինանսական հնարավորություններից դուրս է։

4. Որտե՞ղ են կանխարգելման, վաղ հայտնաբերման և վերականգնողական բուժման հստակ երաշխիքները։

Գործող Սահմանադրությունը հատուկ ընդգծում է բնակչության առողջության բարելավման, հաշմանդամության կանխարգելման, բուժման և առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը։

Նոր նախագծում այս պարտավորությունները նույն կոնկրետությամբ չեն ամրագրված։

Սա հատկապես մտահոգիչ է սքրինինգային ծրագրերի, ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերման, քրոնիկ հիվանդությունների կանխարգելման, վերականգնողական բուժման և հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական սպասարկման տեսանկյունից։

Առողջապահությունը միայն հիվանդանոցում բուժում ստանալը չէ։ Այն նաև հիվանդությունների կանխարգելումն է, վաղ ախտորոշումը և առողջության վերականգնումը։ Պետության այս պատասխանատվությունը չպետք է վերածվի բարի կամքի դրսևորման։

Իմ գնահատականը

Այս նախագիծը առողջապահության տեսանկյունից ոչ թե ուժեղացնում, այլ թուլացնում է պետության պարտավորությունների սահմանադրական հստակությունը։

ՀՀ Կառավարությունը խոսում է համընդհանուր առողջության ապահովագրության մասին, քաղաքացիներից պահանջում է վճարումներ, սահմանում է ապահովագրական փաթեթներ, ծառայությունների ծավալներ և փոխհատուցման պայմաններ։ Բայց նույն ժամանակ Սահմանադրության նախագծում պետության պարտավորությունները բժշկական օգնության մատչելիության և անվճար հիմնական ծառայությունների երաշխավորման հարցում ավելի ընդհանրական են դառնում։

Ստացվում է՝ քաղաքացու առջև պարտավորություններն ու վճարումները կոնկրետ են, իսկ պետության պատասխանատվությունը՝ ավելի անորոշ։

Սա՞ է առողջապահության իրավունքի ամրապնդումը։

Իմ համոզմամբ՝ առողջության իրավունքը չի կարող սահմանափակվել գեղեցիկ ձևակերպմամբ։ Այն պետք է ունենա հստակ պետական երաշխիքներ։ Պետությունը պարտավոր է ապահովել, որ մարդը չզրկվի բուժվելու հնարավորությունից միայն այն պատճառով, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ։

Առողջությունը քաղաքացու անձնական խնդիր չէ։ Դա պետության սահմանադրական պատասխանատվությունն է։ Եվ այդ պատասխանատվությունը պետք է հստակ գրված լինի Սահմանադրության մեջ, ոչ թե թողնված լինի իշխանության տվյալ պահի որոշումներին»,- նշել է Պողոսյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *