Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են: Կողմերը հայտնել են զոհերի և վիրավորների մասին: Կիևի մարզի Դիմեր բնակավայրում նոյեմբերի 22-ի գիշերը ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դիմերում ռուսական հարվածի տակ էր հայտնվել 5-հարկանի բնակելի շենք: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Նոյեմբերի 22-ի երեկոյան փլատակներից հաջողվել էր փրկել 7-ամյա տղայի, որը շենքի փլված կառույցների տակ էր մնացել 14 ժամ: Գիշերը հաջողվել է փրկել նաև 79-ամյա կնոջ:
Ռազմական գործողությունները շարունակվել են նաև նոյեմբերի 23-ին: Զապորոժիեի մասնավոր կլինիկաներից մեկին ռուսական հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել: Խարկովի մարզի Լոզովայա քաղաքում էլ ռուսական հարվածներից 12 մարդ է վիրավորվել:
Իսկ Ռոստովի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:
Թաթարստանում թիրախավորվել են նավթի պահեստարաններ: Հաղորդվում է վնասների մասին:
Պերմի երկրամասում հարված է հասցվել արդյունաբերական օբյեկտի: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը լիբիական Բենգազիի նավահանգստում հարվածել են ռուսական «Մերկուրի» ռազմանավին:
դիտվել է 6 անգամ
Leave a Reply