Եթե բռնապետություն լիներ, ինչի՞ համար էինք ձեզ դիմում, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք. Փաշինյան

Written by

in

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կրկնել է ընդդիմությանն արված առաջարկը Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ։

Փաշինյանը թեմային անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, այսինքն՝ իմ փաստարկները համոզիչ չթվան մեր հանրությանը, ես հրաժարական կտամ հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ, ես հաջորդ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- հայտարարել է վարչապետը։

Նա հավելել է՝ ընդդիմությունը կարծես չի ընդունում այս առաջարկը, բայց ամեն դեպքում ինքն այն բաց է պահում։

«Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ այս բաց առաջարկը դիտարկել ընդդիմության՝ այս ընթացքում տարբեր առիթներով հնչեցրած փաստարկների համատեքստում։ Այս մարդիկ ի՞նչ են ասում՝ 2026 թվականի հունիսի ընտրությունների արդյունքներն են ուզում ստվերել, լեգիտիմության հարց են բարձրացնում, չգիտեմ ինչ են անում։

Շատ լավ, կա՞ նման խնդիր, բա սրանից լավ առի՞թ։ Մի հատ էլ ասում են Հայաստանում բռնապետություն է։ Որտեղ եք տեսել, որ բռնապետությունը գա ընտրություններից մի քանի ամիս հետո ընդդիմության առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ եք նման բան տեսել։ Էլ չեմ ասում՝ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ համար էինք ձեզ դիմում, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք, այդպիսի բռնապետություն որտե՞ղ եք տեսել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև ընդդիմադիր որոշ գործիչների հայտարարություններին, թե ժամանակին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց հետո առաջադրվեց, և պատմությունն այս իմաստով կրկնվում է։

«Կամ ասում են՝ Սերժ Սարգսյանն էլ ասաց, պատմությունը կրկնվում է, մենք չենք վստահում… Սերժ Սարգսյանն ասաց ու չարեց, դրա համար հեղափոխություն եղավ, բա եթե ես պետք է ասեմ ու չանեմ, դրանից ավելի լավ նվե՞ր ձեզ։ Իմ ձեռքով հեղափոխական վիճակը ստեղծեմ, բերեմ ձեզ մատուցեմ, դուք ասեք չէ՞։ Մենք հրապարակային պլան ենք առաջարկում, իրենք առաջնորդվում են բացառապես գաղտնի պլանով։ Ես ասում եմ, որ իմ քաղաքական վստահելիությունը դնում եմ այս հարցի մեջ, ասում են՝ դուք չունեք քաղաքական վստահելիություն։ Բա շատ լավ, բա որ չունենք քաղաքական վստահելիություն, դա ապացուցելու ամենակարճ ձևը ո՞րն է։ Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք, մենք ձեզ կհեռացնենք ու խռովում, թողնում դահլիճից գնում են»,- ասել է վարչապետը։

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակի նոյեմբերի 23-ին, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *