Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր՝ Թբիլիսիի արվարձանում գտնվող բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին։ Որոշումն ընդունել է երկրի կառավարությունը, հայտնում է «1TV» հեռուստաալիքը։ Կառավարության որոշման համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ ամբողջ երկրում պետական դրոշները կիջեցվեն։
Պայթյունը տեղի է ունեցել նախօրեին՝ Թբիլիսիի ծայրամասում գտնվող Քվեմո-Փոնիչալա ավանում, հինգհարկանի բնակելի շենքում։ Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Եվս չորս մարդու փրկարարները դուրս են բերել փլատակներից և տեղափոխել հիվանդանոցներ։
Պայթյունի նախնական պատճառը, ըստ իշխանությունների, հինգերորդ հարկի բնակարաններից մեկում գազի ջեռուցիչի անսարքությունն է եղել։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել էր բնական գազի հնարավոր արտահոսքի մասին։
Leave a Reply