Ծինփինը, Պուտինը և Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու մասին. քաղաքագետ

Written by

in

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չինաստանի Շենժեն (Shenzhen) քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին նախատեսված է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սա պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն է, նախկինում երբևե երեք տերությունների ղեկավարները համատեղ հանդիպում չեն ունեցել: Քաղաքագիտական շրջանակներում արդեն բավականին երկար ժամանակ է, որ շրջանառվում է «Նոր Յալթա» եզրույթը, որով փորձ է արվում բնութագրել Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո՝ երեք տասնամյակ ձգվող անկայունության ժամանակաշրջանի ավարտը:

Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու իրենց պատրաստակամության մասին: Նրանք մեկ հարցում միասնական են. ժամանակն է վերականգնել կայուն միջազգային կարգը ազդեցության գոտիների բաժանման և նոր միջպետական հիերարխիայի հաստատման հարցում: Սակայն 1945 թ. Յալթայում իրավիճակը պարզ էր, հակառակորդ Գերմանիան ջախջախված էր և կապիտուլացված, անգլո-ամերիկյան և խորհրդային զորքերը հանդիպել էին բաժանարար գծում: Կողմերը դեռևս բարեհամբյուր և զիջողական էին միմյանց նկատմամբ, որովհետև առջևում Ճապոնիայի ջախջախման համատեղ գործողությունն էր:

Ցավոք նոր ուրվագծվող ներկա «Նոր Յալթան» դեռևս կանգնած է չլուծված բարդ խնդիրների առջև, որոնք բարդացնելու են են նրա կայացումը: Փորձեմ թվարկել դրանք .

1. ԱՄՆ պատերազմը Իրանի դեմ մնում է անավարտ, անհայտ է նրա ավարտի ժամկետը և արդյունքները, որոնց մասին տարակարծություններ կան միակ դաշնակից Իսրայելի հետ: 2. Շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, որի արդյունքներից է կախված Ռուսաստանի գլոբալ դերակատարման ապագան:

3. Չինաստանը ձգտում է հնարավորինս ձերբազատվել իրանական և ուկրաինական թնջուկների մեջ միախառնվելուց, գերակա պահելով տնտեսական ծավալապաշտության ճանապարհների հարթումը:

4. Չինաստանի դիրքորոշումը հուշում է, որ եռակենտրոն աշխարհակարգը կկայանա, երբ ԱՄՆ իր մեջ կամք և համարձակություն ունենա ի վերջո համաձայնվել չխոչընդոտելու Թայվանի վերամիավորմանը մայր հայրենիքին:

5. ԱՄՆ թիկունքը թուլացնում է Եվրոպական Միության առաջատար պետությունների և Մեծ Բրիտանիայի հետ բավականին սուր տարակարծությունները միջազգային հակամարտությունների և հատկապես ուկրաինական հարցերում:

6. Եռաբևեռ աշխարհակարգին կասկածամտորեն են վերաբերվում կարևոր ուժային կենտրոններ՝ ԵՄ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան: Տարածաշրջանային մակարդակներում հատկապես Թուրքիան, Իսրայելը, Իրանը և Հարավ Աֆրիկյան հանրապետությունը:

Հիշեցնեմ, որ Հանդիպումը նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկումների կարևոր թեմաներից են լինելու միջազգային անվտանգությունը և միջուկային զինաթափումը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *