Քաղաքապետարանի առաջարկը և դրա գինը
Քաղաքապետարանը Երևանի խցանումների խնդրի լուծման տարբերակ է համարում դպրոցների սպասարկման տարածքներ սահմանելը։ Նոյեմբերի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է, որ երեխաները հաճախեն իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցները՝ քաղաքի մի ծայրից մյուսը կատարվող ամենօրյա ավտոմոբիլային ուղևորությունները կրճատելու համար։ Նա օրինակ է բերել Նոր Նորքից Մալաթիա-Սեբաստիա դպրոց գնալը։ Առայժմ սա առաջարկ է, ոչ թե ընդունված կարգ։
Հասցեով դպրոցների սպասարկման տարածքներ սահմանելը տարբեր երկրներում կիրառվող մոդել է։ Քաղաքապետն ինքն էլ այդ կապն է մատնանշել՝ «շատ և շատ երկրների տարբեր թաղամասերի բնակարանների գները նաև որոշվում են այդտեղի դպրոցի որակով»։ Եթե դպրոցների որակն ու բնակարանի հասանելիությունը կտրուկ տարբեր են, այդ մոդելը կարող է խորացնել սոցիալական տարանջատումը։ ՄԻԵԴ-ի՝ ռոմա երեխաների մասին «Էլմազովան և այլք ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի» գործը ցույց է տալիս, որ դպրոցական տարանջատումը, եթե պետությունը չի կանխում կամ շտկում այն, կարող է վերածվել խտրականության։
Ուստի հարցն այն չէ միայն, թե ինչպես պակասեցնել մեքենաների թիվը, այլև՝ ինչո՞ւ են ծնողները երեխային տանում քաղաքի մյուս ծայրը, և ո՞վ է կրելու ընտրությունը սահմանափակելու բեռը։
Քաղաքային պլանավորումը՝ հիմնարար իրավունքների շրջանակում
Անշուշտ, քաղաքի պլանը պետք է մշակեն ուրբանիստներն ու տրանսպորտի մասնագետները, բայց նրանք պետք է գործեն օրենքի և հատկապես Սահմանադրության շրջանակում։ Ուրբանիստները կարող են փոխել քաղաքի պլանը, բայց ոչ սահմանադրական կարգը։ Նրանք կարող են մշակել երթևեկությունը թեթևացնող մոդելներ, որոնք շատերի համար անհարմար կլինեն։ Սակայն եթե այդ անհարմարությունը կարող է արդարացվել հանրային շահով, ապա կոնկրետ անձի՝ երեխայի կրթության իրավունքը սահմանափակելը նույն չափանիշով չի կարող արդարացվել։ Կրթության իրավունքը հիմնարար իրավունք է, և դրա սահմանափակման համար լուրջ իրավական հիմքեր են անհրաժեշտ։
Կարևոր է հստակեցնել՝ հասցեով դպրոց հատկացնելն ինքնին ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում չէ, իսկ կրթության իրավունքն ինքնին չի երաշխավորում դպրոցն ըստ նախասիրության ընտրելու անվերապահ հնարավորություն։ Սակայն սահմանափակումը կարող է դառնալ իրավական առումով խնդրահարույց, եթե խաթարի կրթության իրավունքի արդյունավետ իրացումն ու իրական հասանելիությունը։
Հիմնարար իրավունքների ուրվագիծը
Սահմանադրության 38-րդ հոդվածը երաշխավորում է կրթության իրավունքը, իսկ 37-րդ հոդվածը պահանջում է երեխային վերաբերող հարցերում առաջնահերթ ուշադրություն դարձնել նրա շահերին։ Հասցեով բաշխումը չպետք է խորացնի սոցիալական անհավասարությունը (28–29-րդ հոդվածներ)․ լավ դպրոցի շրջակայքում բարձր բնակվարձը կարող է կրթության հնարավորությունը կապել ընտանիքի եկամտի հետ։ Ազատ տեղաշարժի իրավունքը (40-րդ հոդված) կոնկրետ դպրոց ընտրելու իրավունք չէ, բայց նոր կարգը պետք է ունենա հստակ իրավական հիմք և բավարարի համաչափության պահանջը (78–79-րդ հոդվածներ)։
Սահմանադրության 81-րդ հոդվածով մարդու իրավունքների մասին դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան։
Ո՞վ է իրավասու սահմանել կարգը
«Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածը սովորողի ընդունելությունը կապում է տնօրենի հրամանի և ծնողի դիմումի հետ։ Նույն հոդվածի 1.1-ին մասի 1.1-ին կետով առաջնահերթություն է տրվում նաև տվյալ դպրոցի հետիոտնային սպասարկման շառավղում բնակվող՝ անապահովության գնահատման չափանիշներին համապատասխանող ընտանիքների, խնամակալության տակ գտնվող երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաների և հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին։ Այսինքն՝ օրենքն արդեն հաշվի է առնում հասցեն՝ որոշ խմբերի համար առաջնահերթություն սահմանելիս, բայց բոլորի համար պարտադիր հասցեային բաշխում չի նախատեսում։
Իրավասությունն էլ հստակեցման կարիք ունի։ 2025 թվականի ՀՕ-356-Ն օրենքով Երևանի պետական դպրոցների ենթակայության փոփոխությունը նախատեսված է 2027 թվականի սեպտեմբերի 1-ից։ Քաղաքապետարանին, սակայն, մնում են առանձին կազմակերպչական լիազորություններ։ Պետք է հստակեցնել՝ ով և ինչ իրավական ակտով է սահմանելու սպասարկման տարածքները։ Քաղաքապետի հայտարարությունն ինքնին գործող կարգը չի փոխում։
Ստրասբուրգի նախադեպերը՝ հասցեն, հասանելիությունը և հավասարությունը
Եվրոպական դատարանը չի ճանաչում կոնկրետ դպրոց ընտրելու անվերապահ իրավունք, բայց պետությունը չի կարող կրթության իրավունքը դարձնել զուտ ձևական։ Սահմանափակումը պետք է լինի կանխատեսելի, հետապնդի իրավաչափ նպատակ և լինի համաչափ։ Դիտարկենք մի քանի կարևոր գործ։
Տիմիշևն ընդդեմ Ռուսաստանի (2005) գործով երեխաներին մերժել էին շարունակել իրենց դպրոցում սովորել, քանի որ հայրը հանձնել էր իր միգրանտի քարտը՝ կորցնելով Նալչիկում բնակության գրանցումը հաստատելու հնարավորությունը։ Դատարանը ճանաչեց կրթության իրավունքի խախտում․ ծնողի գրանցման խնդիրը չպետք է երեխային զրկի արդեն հասանելի կրթությունից։
Բելգիական լեզվական գործով (1968) ՄԻԵԴ-ը խախտում գտավ, քանի որ որոշ երեխաների՝ միայն ծնողների բնակության վայրի հիմքով, զրկել էին Բրյուսելի շրջակայքի վեց համայնքներում ֆրանսալեզու դպրոցներից։ Սա հասցեային չափանիշների համար ուղիղ նախազգուշացում է։
Պոնոմարյովներն ընդդեմ Բուլղարիայի (2011) գործով երկու ռուսաստանցի երեխայից միջնակարգ կրթության վճար էին պահանջել՝ ռուսական քաղաքացիության և մշտական բնակության թույլտվություն չունենալու պատճառով։ Դատարանը խտրականություն գտավ։ Սա հիշեցնում է, որ Երևանում բնակվող ոչ քաղաքացի երեխաների համար հասցեի ստուգումը չպետք է դառնա պետական կրթությունից զրկելու անուղղակի միջոց։
Հուլե ընդդեմ Գերմանիայի (2013) գործով ՄԻԵԴ-ի հինգերորդ բաժնի կոմիտեն անընդունելի ճանաչեց ծնողների գանգատը՝ անձնական մեքենայով երեխաներին դպրոց հասցնելու ծախսը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ։ Երեխաներն ունեին անվճար հասարակական տրանսպորտով իրենց ընտրած դպրոց հասնելու հնարավորություն։ Որոշումը վերաբերում էր ճանապարհածախսին, ոչ թե դպրոց ընտրելու ընդհանուր արգելքին։
Գերմանիայի փորձը՝ համեմատության սահմանները
Գերմանիայի օրինակը համեմատության համար ես եմ բերում։ Այստեղ կարևոր է չխառնել «դպրոցի» ընդհանուր գաղափարը․ Բավարիայի օրինակը ցույց է տալիս, որ հասցեով բաշխման կանոնը վերաբերում է միայն որոշ դպրոցական տիպերի։
Հայաստանում դպրոցական կրթության պարտադիր ծավալը սահմանում է օրենքը։ «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով միջնակարգ կրթությունը պարտադիր է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Սահմանադրության 38-րդ հոդվածով պարտադիր կրթության ծրագրերն ու տևողությունը սահմանվում են օրենքով։ Սա չի նշանակում, թե Հայաստանի և Գերմանիայի դպրոցական պարտավորության ծավալը նույնն է։ Համեմատության առանցքը պետք է լինի ոչ թե պարտադիր կրթության առկայությունը, այլ դպրոցների՝ ըստ բնակության վայրի բաշխման կանոններն ու այլ դպրոց հաճախելու հնարավորությունները։
Գերմանիայում կրթության ոլորտի հիմնական լիազորությունները պատկանում են դաշնային երկրամասերին։ Այստեղ դիտարկվող Բավարիայի կարգավորումը վերաբերում է կոնկրետ դպրոցական տիպերի։ Բավարիայի օրենքի 42-րդ հոդվածով տարրական դպրոցների և «Միթելշուլե» (Mittelschule) կոչվող առանձին տիպի դպրոցների սովորողները պարտադիր հաճախում են այն դպրոցը, որի սպասարկման տարածքում է նրանց սովորական բնակության վայրը։ Այս կանոնը չի տարածվում, օրինակ, Gymnasium և Realschule դպրոցների վրա։ Եթե նույն սպասարկման տարածքում մի քանի համապատասխան դպրոց կա, որոշ դեպքերում ընտանիքն ընտրության իրավունք ունի։ Իսկ Բավարիայի օրենքի 43-րդ հոդվածով այլ դպրոց հաճախելը թույլատրվում է միայն պարտադրող անձնական պատճառների դեպքում։ Անսբախի վարչական դատարանը 2022 թվականի հրատապ վարույթի որոշմամբ նշել է, որ տեղափոխությունն ու նախկին միջավայրը պահպանելու ցանկությունը, որպես կանոն, բավարար չեն այդ խիստ բացառության համար։ Այսինքն՝ հասցեն կարևոր է, իսկ բացառությունը՝ նեղ։
Երևանի առաջարկի նպատակը, մինչդեռ, երթևեկության ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է։ Գերմանական փորձը կարող է օգնել քննարկել տարածքային բաշխման գործիքակազմը, բայց միայն «երեխան մոտակա դպրոց է գնում» կանոնը վերցնելը բավարար չէ։ Պետք է համեմատել նաև դրա իրավական հիմքը, դպրոցների կարողությունները, բացառությունների ընթացակարգը և այն երաշխիքները, որոնց շնորհիվ հասցեն չի վերածվում կրթության հասանելիությունը սահմանափակող չափանիշի։ Գերմանիայի օրինակը, հետևաբար, առանց վերապահումների հնարավոր չէ կրկնօրինակել Հայաստանում։
Հարցեր, որոնք պետք է լուծել մինչև որոշումը
Գործնական առանցքային հարցը բնակության վայրի ապացույցն է։ Որոշիչը գրանցման հասցե՞ն է, թե՞ փաստացի բնակությունը, և ինչպե՞ս է այն ստուգվելու։ Ինչպե՞ս են պաշտպանվելու Երևանում փաստացի ապրող, բայց մարզում հաշվառված ընտանիքների, ինչպես նաև վարձով բնակվող ՀՀ քաղաքացիների ու օտարերկրյա ռեզիդենտների երեխաների իրավունքները։ Եթե տանտերը պահանջի ազատել բնակարանը, երեխան կկորցնի՞ իր դպրոցական տեղը։ Իսկ բարեկամի կամ ընկերոջ տանը բնակվելը կբավարարի՞ այդ հասցեով դպրոց ընդունվելու համար։
Նոր կարգը պետք է նախատեսի ստուգման ու բողոքարկման պարզ ընթացակարգ, դպրոցում ուսումը շարունակելու երաշխիք և բացառություններ, եթե դպրոցը լիքն է, չունի անհրաժեշտ ծրագիր կամ անվտանգ ճանապարհ։ «Մոտ է»-ը դեռ չի նշանակում «հասանելի է»։ Պետք է հաշվի առնել նաև այն ծնողների աշխատանքային պայմանները, որոնց ամենօրյա գրաֆիկը կամ երթուղին կարող է փոխվել երեխայի դպրոցը բնակության վայրով որոշելու հետևանքով։
Այս հարցերն անմիջականորեն կապված են դպրոցների սպասարկման տարածքներ սահմանելու գործելակերպի հետ։ Դրանք այն սոցիալական և վարչական պայմանների միայն մի մասն են, որոնք պետք է նախապես մշակվեն նման համակարգ ներդնելուց առաջ։ Եթե հիմնարար իրավունքների սահմանափակումն ընկալվի որպես անարդար պարտադրանք, մարդիկ կփորձեն շրջանցել կարգավորումը և դիմադրել դրան։ Պետք է պատրաստ լինել արդարության շուրջ քննարկումներին և միաժամանակ հստակեցնել, թե պետական կամ տեղական իշխանությունները ինչ սոցիալական աջակցություն են առաջարկելու ընտանիքների վրա դրվող լրացուցիչ բեռը մեղմելու համար։
Երթևեկության միջին ցուցանիշը և կոնկրետ երեխան
Սպասարկման տարածքներ սահմանելը ինքնին արգելված չէ, և խցանումները նվազեցնելը իրավաչափ նպատակ կարող է լինել։ Բայց պետք է ապացուցել, որ հասցեով բաշխումն արդյունավետ ու անհրաժեշտ է, ավելի մեղմ միջոց չկա, և առանձին երեխաների վրա դրվող բեռը համաչափ է։
Այլընտրանք են դպրոցական երթուղիները, անվտանգ մայթերը, առավոտյան երթևեկության կառավարումը և դպրոցների որակի տարբերությունների նվազեցումը։ Որակյալ մոտակա դպրոցը ծնողին քաղաքի մյուս ծայրը գնալու ավելի քիչ պատճառ կտա։
Խցանումները նվազեցնելու նպատակը չի կարող արդարացնել երեխայի կրթության իրավունքի էության խաթարումը։ Քաղաքի ընդհանուր ցուցանիշների բարելավումը դեռ չի նշանակում, որ յուրաքանչյուր երեխա կարողանում է հասնել իրեն անհրաժեշտ կրթությանը։ Առաջարկը պետք է գնահատել հենց այդ չափանիշով։
Դոկտոր Սաթենիկ Մելքոնյանը հարկային իրավունքի դասախոս է, հարկային խորհրդատու (Բեռլին):
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Leave a Reply