Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ, որպես Ռուսաստանի հետ բանակցությունների համար ավելի վաղ ընտրված թիմ, մասնակցել են ուկրաինական իշխանությունների և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Դիվանագիտական ջանքերը ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն լինի։ Մեր թիմն աշխատում է հնարավորինս կառուցողականորեն։ Մեզ անհրաժեշտ է պատերազմի արժանապատիվ ավարտ և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ»,– հայտարարել է Զելենսկին։
ԱՄՆ-ի կողմից խորհրդակցություններին մասնակցել են նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները։ Շփումն անցկացվել է առցանց ձևաչափով, իսկ թիմերի դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Բեռլինում՝ «կամավորների կոալիցիայի» շրջանակում։
Զելենսկիի խոսքով՝ կայացած քննարկումը «հեշտ չի եղել», սակայն ակնկալվում է, որ Գերմանիայի մայրաքաղաքում երկրների ներկայացուցիչները կկարողանան մշակել «բանակցային գործընթացում կոնկրետ համատեղ քայլեր»։
Մի քանի օր առաջ ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել էին, թե ով է ներկայացնելու Եվրոպան Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ առաջիկա բանակցություններում։ Բանակցային թիմում ընդգրկվել են ԵՄ կառույցների ու եվրոպական հինգ պետությունների ներկայացուցիչներ։
Ջարեդ Քուշները հաստատել է եռակողմ քննարկման անցկացումը։ Նրա խոսքով՝ առցանց խորհրդակցություններին եվրոպական երկրները ներկայացված են եղել ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։
Քուշները նշել է, որ նույն օրը զրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ «Մենք քննարկել ենք Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսություն հաստատելու ուղիները․ համագործակցություն, որը վերջին չորս տարիների ընթացքում գրեթե բացակայել է։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ կարողանան անմիջականորեն լսել միմյանց մտահոգություններն ու առաջարկները՝ միաժամանակ աշխատելով Եվրոպայի համար ավելի կայուն և անվտանգ ապագա կերտելու ուղղությամբ»,- գրել է Թրամփի փեսան X սոցիալական ցանցում։
Քուշների խոսքով՝ բանակցային գործընթացում ձևավորվել են քննարկումների երեք հիմնական ուղղություններ՝ Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքները, ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը, ինչպես նաև Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո երկրի վերականգնումը։
Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս Եվրոպայի ներկայացուցիչներին չի համարում բանակցային գործընթացի մասնակիցներ։
«Ոմանք խոսում են ձևաչափի ընդլայնման մասին, սակայն մեզ հետ դա համաձայնեցված չի եղել»,- ասել է նա լրագրողներին։ Ուշակովի խոսքով՝ Եվրոպայի մասնակցության հարցը բանակցություններին կարող է բարձրացվել միայն այն ժամանակ, «երբ մենք եվրոպացիներից հստակ ազդակ ստանանք այն մասին, թե նրանք իրականում ինչ են ցանկանում և ինչ կառուցողական ու բովանդակային առաջարկներ կարող են ներկայացնել»։
Մինչ այդ, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Ռուսաստանը կարող են անցկացնել եռակողմ բանակցությունների ևս մի քանի փուլ, նշել է ՌԴ նախագահի օգնականը։ Ուիթկոֆն ու Քուշները նոյեմբերի 12-ին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էին, որ Մոսկվան դեմ չէ եվրոպացիների ներգրավմանը բանակցություններում։ Նույն օրը Ռուսաստանի նախագահն ինքն էր հայտարարել, որ «երբեք դեմ չի եղել Եվրոպայի հետ երկխոսություն վարելուն»։
© factor.am
Leave a Reply