Նոյեմբերի 29-ին Կապան համայնքում կայանալիք ավագանու ընտրություններում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Այս քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են համայնքապետարանի, մարզպետարանի, պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ ու ղեկավարներ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կապանի ավագանու ընտրություններին մասնակցող նշված երեք քաղաքական ուժերի ընտրական ցուցակները՝ պարզելու թեկնածուների զբաղվածությունը, նրանց ներկայացվածությունը հանրային կառավարման համակարգում։
Համայնքապետարանի աշխատակիցներն ու գյուղերի վարչական ղեկավարները՝ Փարսյանի ցուցակում
Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 70 թեկնածու (նոյեմբերի 16-ի դրությամբ-խմբ․)։
Նրանցից 15-ը որպես աշխատանքի վայր նշել են Կապանի համայնքապետարանը։ Այս խմբում են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, նրա առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, համայնքի ղեկավարի օգնականը, համայնքապետարանի մասնագետները և բնակավայրերի վարչական ղեկավարները։
Մասնավորապես, ցուցակում ընդգրկված են Ձորաստան, Սևաքար և Չափնի, Շիկահող, Օխտար, Ծավ, Սյունիք, Վարդավանք, Տավրուս և Սրաշեն բնակավայրերի վարչական ղեկավարները։ Ընդհանուր առմամբ՝ ընտրական ցուցակում կա վարչական ղեկավարի պաշտոն զբաղեցնող 9 թեկնածու։
Բացի այդ, ցուցակում ընդգրկված են համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ ու աշխատակիցներ։
Նրանց թվում են «Կապան համայնքի կոմունալ ծառայություն» և «Կապան համայնքի տրանսպորտի ծառայություն» ՀՈԱԿ-ների տնօրենները, «Կապանի ակումբագրադարանային միավորման» տնօրենը, Կապանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, թիվ 1 երաժշտական դպրոցի ու Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի տնօրենները և «Արծվանիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենը։
Ցուցակում կան նաև երաժշտական և գեղարվեստի դպրոցների, մարզադպրոցի, թանգարանների միավորման աշխատակիցներ և ղեկավարներ։
Այսպիսով, ցուցակի 15 թեկնածու որպես աշխատանքի վայր նշել է Կապանի համայնքապետարանը, իսկ ևս 12-ը՝ համայնքային ենթակայության կազմակերպություններ։ Վերջիններից յոթը կազմակերպությունների տնօրեններ են, հինգը՝ այլ աշխատակիցներ։
Գործող համայնքապետի գլխավորած ցուցակում ընդգրկված թեկնածուներից 13-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներ են։
Մարզպետարանի և պետական կառույցների աշխատակիցները՝ ՔՊ-ի ցուցակում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 70 թեկնածու (նոյեմբերի 16-ի դրությամբ-խմբ․)։ Ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը։
2-րդ տեղում Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն է, երրորդում՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարինա Ղազարյանը։
ՔՊ-ի ընտրական ցուցակում 6 թեկնածու որպես աշխատանքի վայր նշել է Սյունիքի մարզպետի աշխատակազմը։ Նրանց թվում են՝ մարզպետի տեղակալը, մարզպետի տեղակալի օգնականը և տարբեր ստորաբաժանումների մասնագետներ։
Եվս 4 թեկնածու զբաղեցնում է պաշտոն պետական կառավարման այլ մարմիններում։ Նրանց թվում են՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետը, Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալը, տեսչական մարմնի գլխավոր իրավաբանը և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի վարչության պետը։
ՔՊ-ի ցուցակում 6 թեկնածու որպես աշխատանքի վայր պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Նրանցից 2-ը ղեկավար են․ ցուցակի 9-րդ տեղում Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ժաննա Վարդանյանն է, իսկ 52-րդ տեղում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Աբելյանը։ Եվս երեք թեկնածու աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, մեկը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Սյունիք» մասնաճյուղում։
Դպրոցներն ու հատուկ կրթահամալիրը ներկայացված են ինը թեկնածուով՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տնօրենի տեղակալ, երեք վարչատնտեսական համակարգող, լոգոպեդ, դասվար, ուսուցչուհի և տնտեսվար։
ՔՊ-ի ընտրական ցուցակում ներկայություն ունեն նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները՝ 15 թեկնածու։ Նրանց թվում է նաև ցուցակը գլխավորող՝ ընկերության տնօրենների խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը։ Եվս մեկ թեկնածու՝ Վարդան Բաղդասարյանը, նշել է ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը, որտեղ զբաղեցնում է ծրագրերի համակարգողի պաշտոնը։
«Ապրելու երկիր»․ աշխատող և չաշխատող թեկնածուները
«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Աղասյանը։ Ութ թեկնածուի ինքնաբացարկից հետո ցուցակում նոյեմբերի 16-ի դրությամբ մնացել է 15 թեկնածու։ Նրանցից ինը, այդ թվում՝ ցուցակը գլխավորող Աղասյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած տվյալների համաձայն, չեն աշխատում։
Երեք թեկնածու մանկավարժ է․ մեկը՝ թիվ 2, երկուսն էլ՝ թիվ 9 ավագ դպրոցում։ Եվս երեքն աշխատում են Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ երկուսը որպես բանվոր, մեկը՝ ՏՏ բաժնում։
Ի տարբերություն մյուս երկու քաղաքական ուժերի՝ այս ցուցակում համայնքապետարանի կամ պետական կառավարման մարմինների աշխատակիցներ նշված չեն։
Կարո՞ղ են հանրային ծառայողները լինել ավագանու անդամ
Հայաստանյան օրենսդրությունը տարբերակում է ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու իրավունքը և ընտրվելուց հետո այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները։
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ աշխատել համայնքի աշխատակազմում, զբաղեցնել ղեկավար պաշտոն համայնքային ենթակայության կազմակերպությունում, զբաղեցնել հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն՝ օրենքով նախատեսված բացառություններից բացի։
Բացառություններ են նախատեսված համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի համար։
Օրենքը նաև արգելում է ավագանու անդամի պաշտոնը համատեղել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի հետ։
Հետևաբար Կապանի ընտրական ցուցակներում համայնքային կամ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց առկայությունը ինքնին իրավախախտում չէ։ Սակայն նրանցից մի մասի ներկայիս պաշտոնները հնարավոր չի լինի համատեղել ավագանու անդամի մանդատի հետ։
Առանձին սահմանափակումներ են գործում նաև նախընտրական քարոզչության ընթացքում։ Ընտրական օրենսգրքի 137-րդ հոդվածով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակից ու պաշտոնատար անձ հանդիսացող թեկնածուները, բացառությամբ քաղաքական, վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, քարոզչության պաշտոնական մեկնարկից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են ծառայողական պարտականությունների կատարումից՝ առանց վարձատրության պահպանման։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդները Կապանի համայնքապետարանից գրավոր հարցմամբ խնդրել են ներկայացնել՝ արդյոք ընտրական ցուցակներում ընդգրկված համայնքապետարանի թեկնածուները գտնվում են արձակուրդում, թե ոչ։ Սակայն սահմանված ժամկետներն անցել են, և դիտորդները համայնքապետարանից պատասխան չեն ստացել։
Ի՞նչ է ցույց տալիս ընտրական ցուցակների համեմատությունը
Կապանի ավագանու ընտրություններին մասնակցող երեք քաղաքական ուժերի ցուցակներում աշխատանքային զբաղվածությունը բազմազան է։
«Շանթ դաշինքի» ցուցակում, հավանաբար նաև հաշվի առնելով գործող համայնքապետի հանգամանքը, ընդգրկված են գործող համայնքի ղեկավարության, համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՔՊ-ի ցուցակում կան մարզպետարանի, պետական կառավարման մարմինների և պետական կազմակերպությունների պաշտոնյաներ ու աշխատակիցներ։ «Ապրելու երկրի» ցուցակում նման պաշտոններ զբաղեցնող անձինք չկան։
Այսպիսով, ընտրական ցուցակներում հանրային պաշտոնյաների և ծառայողների առկայությունը ինքնին օրենքի խախտում չէ, սակայն նրանց մի մասի համար ավագանու անդամ ընտրվելու դեպքում կարող է առաջանալ պաշտոնների անհամատեղելիության հարց։
Հասմիկ Համբարձումյան
Leave a Reply