Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյմեբերի 11-ին Medialab.am–ում հրապարակած իր՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Սահամանադրության նախագծում Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը ներառելու հանրային քննարկումներին։
«Օրերս լրահոսում նկատեցի, որ Սահմանադրական խորհրուրդը քննարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջարկով Սահամանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը», — նշված է հոդվածում։
Հիշեցնենք, որ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» տաղավարում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջարկելու են նոր Սահմանադրության տեքստում ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ամրագրել որպես ուղենիշ:
Գրիգորյանն այս թեմային անդրադարձել է նաև CivilNet-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում։
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասին դրույթ Սահմանադրության առաջարկվող նոր տեքստում ներառված չէ։
Իոաննիսյանը նշել է, որ չնայած «Հանրապետություն» կուսակցության առաջարկով հարցը քննարկվել է, սակայն, խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ է արտահայտվել նման դրույթ Սահմանադրության նախագծում ներառելուն։
Այսպիսով, Գրիգորյանի հոդվածում նշվածը, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը Սահմանադրությունում ներառելու առաջարկը, ունի փաստական հիմք․ Իոաննիսյանը հաստատել է, որ «Հանրապետություն» կուսակցության առաջարկով հարցը քննարկվել է խորհրդում։
Միևնույն ժամանակ, սակայն, խորհրդի անդամի փոխանցմամբ, առաջարկը չի ստացել անդամների մեծամասնության աջակցությունը և չի ներառվել առաջարկվող նոր տեքստում։
Նանե Մանասյան
Leave a Reply