TRIPP ծրագրի վերաբերյալ Կիսիլյովի ու հայաստանյան շրջանակների նույնական թեզերը

Written by

in

Կրեմլի քարոզիչ Դմիտրի Կիսիլյովը ռուսաստանյան Ռոսիա 1 հեռուստաընկերության «Կիսիլյով» հաղորդման նոյեմբերի 15-ի թողարկմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ քննադատելով այդ թվում նաև TRIPP նախագծի իրականացումը։ 

Կիսիլյովը, մասնավորապես, նախագիծը «մեռելածին» է անվանել՝ պնդելով, թե այն «թղթի կտոր է մտադրությունների մասին, ոչ ավելին»։ 

«Չկա նախագիծ, ոչ պայմանագրեր, ոչ ֆինանսական պլաններ»,- ասել է Կրեմլի քարոզիչը։ 

Կիսիլյովը պնդել է նաև, թե նախագիծն ի սկզբանե դատապարտված է ձախողման Իրանի դիրքորոշման պատճառով՝ հղում անելով երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի վերջին հոդվածին։ 

«Թեհրանն իր զգուշացումներն արդեն արել է Երևանին»,- ասում է Կիսիլյովը։ Նա Հայաստանը նմանեցնում է «գնդասեղի գլխիկի» (булавочная головка — ռուսերեն մեջբերմամբ, նկատի ունի փոքր, չնչին, աննշան) հետ ու ապա հավելում․ «Գնդասեղի գլխիկ Հայաստանը չի կարող անտեսել այդ դիրքորոշումը»։ 

Հստակ քայլեր՝ մտադրությունների փոխարեն 

TRIPP նախագծի շուրջ արդեն ստորագրված փաստաթղթերը, հայ-ամերիկյան տարբեր շրջանակների հանդիպումներն ու նախապատրաստական աշխատանքների մասին հրապարակումները հակասում են նախագիծն ընդամենը մտադրություն ներկայացնելու պնդմանը։ 

Այսպես, TRIPP-ի փաստաթղթային հիմքը չի սահմանափակվել 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրով․ դրան հաջորդել են 2026 թվականի հունվարի 13-ի՝ նախագծի իրականացման շրջանակը և հունիսին ստորագրված Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը։ 

Ավելին, հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել է այդ համաձայնագիրը, իսկ նոյեմբերի 10-ին Հանրապետության նախագահը ստորագրել է վավերացման մասին օրենքը։ Այս քայլերը կատարվել են Կիսիլյովի նոյեմբերի 15-ի հաղորդումից առաջ։

Հրապարակված համաձայնագրով ստեղծվելու է «TRIPP զարգացման ընկերություն»՝ ամերիկյան կողմի 74 և Հայաստանի 26 տոկոս մասնակցությամբ։ Սահմանված են նաև ենթակառուցվածքների կառուցման և շահագործման, կոնցեսիոն համաձայնագրերի կնքման, հողօգտագործման իրավունքների տրամադրման ու մաքսային վերահսկողության կազմակերպման դրույթներ։

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովն արդեն ընդունել է TRIPP-ի ընկերության ստեղծմանն առնչվող Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը։ 

Միաժամանակ փաստաթղթային գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ․ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում Միրզոյանը նշել է, որ դեռ պետք է համաձայնեցվեն ընկերության կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը։ 

Սրան զուգահեռ, ամերիկյան կողմն արդեն նշանակել է TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահին՝ Ռուսաստանում ծնված, Չիկագոյում գործող ներդրող Կոնստանտին Սոկոլովին․ նրան ընդունել է նաև ՀՀ վարչապետը։ 

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Միրզոյանը հայտարարել է, որ ընթանում են մաքրման, տեխնիկական գնահատման և նախապատրաստական աշխատանքներ․ շինարարության մեկնարկի համար նա առավել իրատեսական է համարել 2027 թվականի սկիզբը։

Նոյեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ կառավարությունը, մինչև զարգացման ընկերության ստեղծումը, նախաձեռնելու է երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման պատվիրումը։ Ըստ նրա, կատարված աշխատանքները հետագայում փոխանցվելու են ընկերությանը։ Նա նշել է նաև նախագծի կոնկրետ բաղադրիչներ՝ Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, ավտոճանապարհը և էլեկտրահաղորդման գծերը։

Չնայած նախագծի շինարարության մեկնարկը դեռ տրված չէ, ստորագրված երկկողմ փաստաթղթերն ու օրենսդրության նախապատրաստությունը, ինչպես նաև նախապատրաստական գործընթացը հակասում են այն պատկերին, թե որևէ գործնական աշխատանք չի կատարվում, և առկա է միայն մտադրության հայտարարություն։

Այսպիսով, Կիսիլյովը TRIPP նախագիծը ներկայացնում է որպես մտադրություն՝ անտեսելով ստորագրված երկկողմ փաստաթղթերը, օրենսդրական փոփոխություններն ու նախապատրաստական այլ կարևոր աշխատանքներ։ 

Մինչդեռ նախագծի իրականացման տարբեր փուլերի ընթացքը, ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը հակառակի մասին են փաստում։ 

TRIPP-ն ու Իրանին վերագրվող դիրքորոշումը

Վելայաթիի՝ նոյեմբերի 5-ին հրապարակված հոդվածի մեկնաբանություններին «Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է։ 

«ԹՐԻՓՓ-ը դառնում է Ադրբեջանի տարածք». Արամ Մանուկյանի պնդումներն ու ստորագրված փաստաթղթերը

Նույն հոդվածին հղում անելով՝ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը խոսել էր նախագծի վտանգների մասին, իսկ 168.am-ը հրապարակել էր, թե Իրանը բացահայտ նախազգուշացնում է Հայաստանի իշխանություններին։

Սակայն նոյեմբերի 10-ին Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, անդրադառնալով Վելայաթիի քննադատությանը, վերահաստատել էր Հայաստանի նկատմամբ վստահությունն ու ընդգծել, որ երկրի պաշտոնական դիրքորոշումներն արտահայտում է արտգործնախարարությունը։ 

Նախկինում Իրանի արտգործնախարարն ու Հայաստանում դեսպանը ևս շեշտել էին հայկական կողմի նկատմամբ վստահությունը՝ միաժամանակ պահպանելով ԱՄՆ ներկայության առնչությամբ մտահոգությունները։

Հատկանշական է , որ այստեղ Կիսիլյովի և հայաստանյան վերոնշյալ շրջանակների առաջ մղած թեզը համընկնում է, մասնավորապես, ընտրվում է Վելայաթիի քննադատությունը, դրան տրվում է Իրանի պաշտոնական դիրքորոշման նշանակություն, իսկ այլ պաշտոնյաների բացատրությունները դուրս են մնում։

Հայաստանյան մամուլում ու ռուսալեզու ռեսուրսներում նույն թեզը նախկինում էլ շրջանառվել է՝ չհաստատված տեղեկությունների միջոցով։

Օրինակ, սեպտեմբերի 9-ի ուսումնասիրությամբ «Փաստերի ստուգման հարթակը» ցույց էր տվել, թե ինչպես է հայկական տեղեկատվական դաշտում տարածվում TRIPP-ը Իրանի դեմ ուղղված ռազմական կամ հետախուզական նախագիծ ներկայացնող թեզը։

«TRIPP-ը սպառնալիք է Իրանին»․ ինչպես է չհաստատված թեզը տարածվում հայկական մեդիայում

Դրա օրինակներից էր իրանցի գեներալ Ռահիմ Սաֆավիին վերագրվող հայտարարությունը, որի միակ հայտնաբերված աղբյուրը ռուսալեզու ոչ պաշտոնական տելեգրամյան ալիք էր։ Այն տարածել էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

Մյուս դեպքում News.am-ն ու AlphaNews-ը, անանուն աղբյուրի հղումով, գրել էին Թեհրանի ենթադրյալ «կոշտ պայմանի» մասին․ այդ տեղեկությունը որպես փաստ ներկայացրել էր նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ 

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովն էլ պնդել էր, թե նախագիծը հնարավորություն կտա Իրանի սահմանին ամերիկյան զորքեր տեղակայել։ FIP․am-ի ուսումնասիրությունը հրապարակված փաստաթղթերում նման դրույթ չէր հայտնաբերել, իսկ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր երրորդ երկրի ռազմական ուժերի տեղակայման մասին տեղեկությունները։

Այս օրինակները ցույց են տալիս, որ Հայաստանում իրականացվող հայ-ամերիկյան TRIPP ծրագրի շուրջ ռուսաստանյան և հայաստանյան որոշ շրջանակների տարածած թեզերը, նարատիվները համընկնում են: 

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *