Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին,

Written by

in

Գորիսի լուծարված պետական քոլեջի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ակնհայտորեն վերածվել են հաշվեհարդարի ու վրեժխնդրության՝ ընդդեմ այդ կրթօջախի նախկին պատասխանատուների։

Եվ մենք ստիպված ենք լրագրողական նոր հետաքննություն սկսել տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։

Մինչ այդ, սակայն, մի քանի հարց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ ակնկալելով պատասխան, մանավանդ որ դրանք մտահոգում են Գորիսի, ինչ-որ իմաստով՝ նաեւ Սյունիքի հանրությանը, մանավանդ որ ընթերցողը տեղյակ է «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի շուրջ մոտ երկու տարի առաջ պատվիրված եւ իրականացվող գործընթացներին։

1․ Պարոն Նահապետյան, 2026 թ․ հուլիսի 20-ին syuniacyerkir.am կայքում հրապարակված հոդվածում՝ «Շորթում՝ քոլեջի աշխատակցին տված պարգեւավճարից․․․» վերտառությամբ, մասնավորապես նշվել է՝ Արմինե Կոլյանը քոլեջի աշխատակիցներին տրված պարգեւավճարից գումար է շորթել կամ փայ պահանջել։

Նշվել է նաեւ, որ այդ անձնավորությունը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իր համար (գործող կարգը շրջանցելով) 770 հազար դրամ աշխատավարձ է սահմանել՝ թույլատրելիից 500 հազար դրամով ավելի։

Եվ Ձեր աշխատակից, ավագ քննիչ Վահե Զարգարյանը մեզ պատասխանել է, թե այդ տեղեկատվությունները չեն պարունակում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին կարող էր տրվել ՀՀ ՔՕ-ով նախատեսած որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։

Ուզում ենք իմանալ՝ ենթակա աշխատակցից դրամ շորթելը, սեփական աշխատավարձն ինքնիրավչությամբ բարձրացնելն ու այդ եղանակով պետությունից մոտ 5 մլն դրամ գումար հափշտակելն իսկապե՞ս թույլատրելի արարք է ՀՀ գործող օրենքներով։

2․ 2026 թ․ հուլիսի 13-ին նույն կայքը գրություն է հղել Ձեզ։

Մասնավորապես նշել է, որ Արմինե Կոլյանը, հիմք ընդունելով Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանի հաղորդումը, քոլեջի աշխատակիցներին տեւական ժամանակ տեղեկացրել է, թե վերեւներում որոշում է ընդունվել Կարեն Լազարյանին փակելու մասին, եւ փակելու են անպայման։

Հաշվապահին ուղղված հեռախոսային հաղորդագրության մեջ էլ Արմինե Կոլյանը գրել է նաեւ․ «Նենց մարդկանց ա կպալ․․․ Մեկ ա, որոշել են, անելու են․․․»։

Մինչեւ հիմա Ձեր գլխավորած կոմիտեն այդ հարցով չի հարցաքննել ո՛չ Նարե Ղազարյանին, ո՛չ նրա ղեկավար Ռոբերտ Ղուկասյանին, ո՛չ Արմինե Կոլյանին։

Ի՞նչ է ստացվում․ վերեւում, ինչ-որ տեղ, ինչ-որ մարդիկ որոշել են Կարեն Լազարյանին ազատությունից զրկել, իսկ հիմա՝ տպավորություն ունենք, այդ որոշումը Դուք հետևողականորեն կյանքի եք կոչում։

Անգամ փոխմարզպետի ուղարկած հեռախոսային հաղորդագրությունը չեք վերծանել մինչեւ հիմա։

Ի վերջո, ո՞վ է (ովքե՞ր են) դեռեւս ամիսներ առաջ որոշել փակել Կարեն Լազարյանին կամ ո՞ւմ պատվերն է (առերևույթ) կատարում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

3․ 2026 թ․ հունիսի 26-ին syuniacyerkir.am հրապարակում է մի խմբագրական եւ ուղարկում նաեւ Ձեզ։

Նորից է նշվում, որ Արմինե Կոլյանը՝ ապօրինաբար, բարձրացրել է իր աշխատավարձը, ամուսնուն նշանակել վարորդ, ով մեկ օր անգամ աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձի հետ մեկտեղ պարգեւավճար է նաեւ ստացել, պետական մեքենայի համար վառելիք դուրս գրել եւ օգտագործել իրենց ընտանեկան մեքենայի վրա՝ այդկերպ պետությանը պատճառելով 5 մլն դրամից ավելի գումարի վնաս։

Նորից քննիչ Վահե Զարգարյանը պատասխանել է մեզ, թե ՀՀ ՔՕ-ով նախատեսված որեւէ արարքին համապատասխանող նախնական իրավական գնահատական տալու հիմքեր չկան։

Ուզում ենք իմանալ՝ իսկապե՞ս պետությունից մոտ 5 մլն դրամ գողանալու փաստը թույլատրելի է ՀՀ օրենսդրությամբ։

4․ 2026 թ․ մարտի 16-ին հաղորդում ենք ներկայացրել Ձեզ եւ ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ Արմինե Կոլյանը, գերազանցելով իր լիազորությունները,  կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր եւ նորաստեղծ քոլեջի մանակվարժական կազմի ու գոյություն չունեցող ուսանողական ինքնավար մարմնի անունից ներկայացրել ինչ-որ մարդկանց ցուցակ՝ ՊՈԱԿ-ի ձեւավորվող խորհրդի կազմում նրանց ընդգրկելու նպատակով, որպեսզի այդկերպ «ընտրվի» Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն։

Եվ կեղծված փաստաթղթերի հիման վրա Ժաննա Անդրեասյանը 2026 թ․ փետրվարի 19-ին ստորագրել է ապօրինի հրաման՝ ՊՈԱԿ-ի խորհրդի կազմ հորինելու եւ իրավազորություն չունեցող այդ խորհրդի միջոցով Արմինե Կոլյանին նորաստեղծ քոլեջի տնօրենի աթոռին պատվաստելու համար։

Եվ գիտե՞ք, թե ինչ է պատասխանել մեզ արդեն հանրածանոթ Վահե Զարգարյան քննիչը՝ «․․․ Պարզվել է, որ այն (ներկայացված տեղեկությունը) չի պարունակում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ-ով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Նորից հարց՝ Դուք թույլատրելի՞ եք համարում (պաշտոնական լիազորությունները չարաշահելու գնով) իրավունք վերապահող փաստաթղթերի կեղծումը, իսկապե՞ս կարելի է մանկխորհրդի չկայացած նիստի կամ գոյություն չունեցող ուսխորհրդի անունից որոշումների քաղվածք նկարել ու այդկերպ ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամի  թեկնածուներ առաջադրել։

5․ Մի չափազանց տարօրինակ փաստի մասին եւս։

Գորիսում համառորեն ու մինչեւ հիմա շրջանառվում է խոսակցություն, որ Արմինե Կոլյանի հավաստագիրը (ղեկավարման իրավունքը) կեղծված է Ժաննա Անդրեասյանի եւ Արաքսիա Սվաջյանի կողմից մոգոնված հավաստագրերի «ֆաբրիկայի» կողմից։

Այդ մասին նաեւ Ձեզ ենք տեղեկացրել։

Այդ խոսակցությունը հերքելու կամ հաստատելու համար, ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, քանիցս դիմել ենք նախարարին՝ տրամադրելու հավաստագրման քննության հիմքերը, սակայն միշտ էլ մերժում ենք ստացել։

Մոտ մեկ տարի առաջ դիմել ենք դատարան, որտեղ հայցադիմումը վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օր է նշանակվել հայցը վարույթ ընդունվելուց  տասը ամիս հետո։

Եկել է դատական նիստի օրը, բայց հանկարծ՝ մեկ օրով, դատավորը հիվանդացել է, եւ նիստը չի կայացել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2027 թվականին, այսինքն՝ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ մեր հայցադիմումը կքննարկվի հայցադիմումը վարույթ ընդունելուց մեկուկես-երկու տարի հետո, եթե, իհարկե, դատավորը նորից չհիվանդանա։

6․ 2026 թ․ օգոստոսի 27-ին քոլեջի նախկին հաշվապահ Անուշ Քարամյանը հաղորդում է ներկայացնում Ձեզ՝ Արմինե Կոլյանի և Գորիսի համայնքային ոստիկան Հրո Ղազարյանի կողմից կատարված ակնհայտ սուտ մատնության մասին՝ նշելով բազմաթիվ կոնկրետ փաստեր։

Սակայն քննիչ Արտակ Մելքոնյանը պատասխանել է հայտնի շաբլոն գրությամբ՝ «Ձեր հաղորդմամբ չի փաստվել այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ ՔՕ-ով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։

Նշված սուտ մատնություններին և արդարադատության դեմ նրանց ձեռնարկած քայլերին դեռ կանդրադառնանք։

7․ 2026 թ․ հունիսի 29-ին Անուշ Քարամյանը հաղորդում է ներկայացրել Ձեզ՝ Արմինե Կոլյանի կողմից իր հանդեպ իրականացված շանտաժի վերաբերյալ՝ կից ներկայացնելով բազմաթիվ ապացույցներ։

2026 թ․ հուլիսի 2-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են քննչական մի շարք գործողություններ, որոնց ընթացքում դիմումատուն պնդել է հաղորդման մեջ նշված փաստերի հավաստիությունը։

Քրեական այդ գործը հետագայում ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի բաժանմունք։

Սակայն, ըստ քոլեջից ստացվող տեղեկությունների, Արմինե Կոլյանը շարունակում է պնդել, թե իրեն չեն կարող պատասխանատվության ենթարկել, քանի որ ինքը պաշտպանված է։

Այդ մասին՝ առանձին խմբագրականով, առաջիկայում կդիմենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին։

8․ Եվ վերպետական կարգավիճակ ձեռքբերած կամ վարձակալած տիկինը հաշվապահին աշխատանքից ազատում է այն բանի համար, որ չի կարողացել նրանից (անգամ շանտաժի ու սպառնալիքների գնով) կորզել-հորինել իրեն ձեռնտու ցուցմունք՝ ընդդեմ նախկին տնօրենի (այդկերպ իրեն վերապահելով քննիչի իրավունք և խոչընդոտելով արդարադատությունը)։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն օրեր առաջ ապօրինի է ճանաչել հաշվապահի հետ կնքված պայմանագիրը լուծելու մասին տնօրենի հրամանը, բայց․․․

Մարդկային ճակատագրերի հետ քմահաճորեն խաղալու համար անօրեն այդ արարծը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել։

9․ 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունից օրեր առաջ քոլեջի վեց աշխատակից հրաժարվել են կատարել տնօրենի սպառնալից պահանջը՝ մասնակցելու Սյունիքի մարզպետի՝ Գորիսում կազմակերպվող նախընտրական հանդիպմանը։

Եվ, ոտնատակ տալով մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, տնօրենն այդ «անհնազանդների» հանդեպ այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որ նրանք ստիպված են լինում սեփական դիմումով հեռանալ քոլեջից։

Սակայն քաղաքացիների ընտրական իրավունքին խոչընդոտելու համար տնօրենի դեմ մինչև հիմա հանրային քրեական հետապնդում չի նախաձեռնվել։

***

Պարոն Նահապետյան

 

Եվ ինչո՞ւ պետք է այդ փաստերին բախվելուց հետո չկասկածենք-չենթադրենք, որ գործ ունենք կոռուպցիոն կոնկրետ երեւույթի հետ, ինչո՞ւ չպետք է ենթադրենք, որ այդ կոռուպցիայի շահառուն գտնվում է պետական համակարգի բարձր բուրգում, այլապես այդ ամենը չէր կարող տեղի ունենալ։

Ինքը՝ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենն է խոստովանում-հայտարարում, որ «իր քամակը պինդ է», որ իրեն առնչվող հարցերում նախարար Ժաննա Անդրեասյանն արել և կանի այն, ինչ իրեն կհանձնարարեն։

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումը, իսկ քննիչ Վահե Զարգարյանի գրություններին այլեւս այս կողմերում լուրջ չեն վերաբերվում ու չեն սպասում։ Տեսնում ենք՝ նա ընդամենը ստորագրում է այլեւս շաբլոն դարձած ու իրականության հետ կապ չունեցող գրությունների տակ և օրինականացնում Գորիսում առերեւույթ գործող հանցավոր խմբի ապօրինությունները։

Հավատացնում ենք Ձեզ՝ ինչ հնարք էլ գործադրվի, ինչպիսի հետապնդումների էլ ենթարկվեն մեր ընտանիքի անդամները, միեւնույն է՝ վերոնշյալ բոլոր երեւույթներն իրավական գնահատական են ստանալու երբեւէ: Եվ չենք թողնելու, որ նրա «քամակի» զորությունից նահանջեն Հայաստանի Հանրապետության օրենքները:

Առայժմ այսքանը․․․

Մեր լրագրային հետաքննության հաջորդ հրապարակումը կլինի այն մասին, թե ինչպես են Արմինե Կոլյանը և Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանը հորինել քրեական վարույթ՝ Գորիսի լուծարված քոլեջում իբր տեղի ունեցած հափշտակումների մասին, թե ինչպես են իշխանությունները հանդուրժում Արմինե Կոլյանի պաշտոնավարումը, որպեսզի (ոստիկանապետի հետ) կարողանա կուրսղեկներին, ուսանողներին ու նրանց ծնողներին՝ շանտաժով, սպառնալիքներով, ճանապարհել հարցաքննությունների՝ այդկերպ նախաքննությունն ուղղորդելով իրեն հաճո ու իրեն շահեկան հունով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *