«Իրական Հայաստանի» գաղափարախոսության երրորդ բաժնում հեղինակը պետությունը ներկայացնում է որպես բարեկեցության գործիք՝ պնդելով, որ ժողովուրդը պետություն է ստեղծում բարեկեցության հասնելու համար։ Այս դրույթից ելնելով՝ նա անդրադառնում է մեզանում տարածված «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքին, որում հացը նույնացնում է բարեկեցության հետ։ Ըստ հեղինակի՝ հայրենիքի և պետության տարանջատված լինելու հետևանքով հայերը ստիպված են եղել բարեկեցություն փնտրել և իրենց ապրուստն ապահովել այլ պետություններում։ Մինչդեռ «Իրական Հայաստանի» հայեցակարգում հայրենիքն ու պետությունը նույնացվում են, ուստի բարեկեցությունն այլ պետություններում փնտրելու փոխարեն պետք է սեփական պետությունում և սեփական պետության միջոցով ստեղծել։
Թվում է, թե այս մոտեցմամբ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը արտագաղթի խնդրի լուծման բանաձև է առաջարկում։ Սակայն ընթերցողի ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել պետության՝ որպես բարեկեցության գործիք պնդման վրա։ «Ի՞նչ է ենթադրում սա։ Կարելի՞ է արդյոք պետության գոյությունը սահմանափակել միայն քաղաքացիների բարեկեցության ապահովմամբ։ Արդյո՞ք հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է բարեկեցություն ապահովելու համար»։
Այս հարցերին կարելի է անդրադառնալ Մաքս Վեբերի՝ գործիքային (instrumental) և արժեքային (value) ռացիոնալության տարբերակման միջոցով։ Գործիքային ռացիոնալության տեսանկյունից պետությունը որոշակի նպատակի հասնելու միջոց կամ գործիք է։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության դեպքում այդ նպատակը քաղաքացիների բարեկեցությունն է, իսկ պետության արժեքը գնահատվում է այդ նպատակին հասնելու և բարեկեցություն ապահովելու արդյունքներով։ Մինչդեռ արժեքային ռացիոնալության տեսանկյունից պետության գոյությունը հիմնավորվում է որոշակի հավաքական արժեքների պահպանման անհրաժեշտությամբ։ Ազգային պետության պարագայում դրանք կարող են ներառել ազգի պատմական շարունակականությունը, ինքնության ու մշակույթի պահպանումը, ինքնորոշման իրավունքը և այլն։
Պետությունը, հատկապես ազգային պետությունը, չի կարող հիմնվել այս մոտեցումներից միայն մեկի վրա։ Եթե նրա գոյության միակ հիմնավորումը բարեկեցությունն է, ապա պետության արժեքը դառնում է պայմանական։ Տնտեսական ճգնաժամի կամ մեկ այլ պետության կողմից ավելի բարձր կենսամակարդակ ապահովելու դեպքում քաղաքացու համար սեփական պետությունը կարող է կորցնել իր անհրաժեշտությունը։ Մյուս կողմից՝ ազգային արժեքների պահպանման նպատակն էլ չի կարող արդարացնել քաղաքացիների սոցիալական ու տնտեսական կարիքների անտեսումը։ Հետևաբար, պետության գոյության իմաստը պետք է լինի միաժամանակ բարեկեցության ապահովումը և հավաքական արժեքներին հավատարմությունը։
Հայաստանի Հանրապետությունը հենց այսպիսի պետություն է, որի ստեղծումը պայմանավորված էր ոչ միայն սեփական ժողովրդի բարեկեցիկ ապագան կառուցելու, այլև հայ ազգի հավաքական արժեքները պահպանելու, դրանց շարունակականությունն ապահովելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։ Մարդիկ, ովքեր անկախացման շրջանում և դրանից հետո իրենց կյանքն են նվիրաբերել պետության կայացմանը, դա արել են ոչ միայն ժողովրդի բարեկեցության, այլ, նախևառաջ, ազգային արժեքների պահպանման և հետագա զարգացման համար, քանզի բարեկեցություն միշտ էլ կարելի է գտնել այլ վայրերում, իսկ ազգային արժեքները՝ դժվար։ Հայաստանի Հանրապետության ստեղծման և գոյության հիմնավորումից այս արժեքահեն բաղադրիչը հանելը կնշանակի խորապես վերաձևակերպել հանրապետության էությունը։
Արժեքային բաղադրիչի դուրսբերումը հանրապետության ստեղծման և գոյության հիմնավորումից հիշեցնում է միջնադարյան Եվրոպայում ասպետական դասի անկումը։ Միջնադարում ասպետները պատերազմում էին ոչ միայն նյութական շահի համար, այլև որոշակի կրոնական ու բարոյական պարտավորությունների շրջանակում։ Ասպետի համար ռազմական ծառայությունը Աստծուն ծառայելու և հասարակությունը պաշտպանելու պարտականություն էր։ Սակայն ասպետներին աստիճանաբար փոխարինող վարձու զինվորների համար կարևոր էին ոչ թե կրոնական ու բարոյական պարտավորությունները, այլ նյութական շահը։ Այս փոփոխությունը ժամանակի մտածողներին ստիպեց խորհել, թե արդյոք պարտադիր է, որ զինվորը անպայման քրիստոնյա լինի։ Նմանապես, եթե Հայաստանի Հանրապետությունը դիտարկում ենք բացառապես որպես բարեկեցությունն ապահովող գործիք, ապա բնականաբար հարց կառաջանա՝ պարտադի՞ր է արդյոք, որ հայոց բանակը բաղկացած լինի հայերից։ (Այս հարցադրումը բնավ չի նվազեցնում կամ անտեսում հայոց բանակում ծառայած և ծառայող այլազգի զինծառայողների դերը։)
Հակոբ Ղազարյանը քաղաքագիտության մագիստրոս է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և չեն արտացոլում որևէ կառույցի կամ կազմակերպության դիրքորոշումը կամ տեսակետները։
Leave a Reply