«Մատենադարան» գիրքը՝ զետեղված մոտ 10 կգ մեղրով տարայի մեջ, նվիրաբերվել է Մատենադարանին։
«Գրքեր մեղրի մեջ» նախագիծը ռուսաստանյան «СЛОВО/SLOVO» հրատարակչության հիմնադիր Գրիգոր Երիցյանի գաղափարն է:
Վերջին 5 դարերի ընթացքում մարդկությանը հավատարմորեն ծառայած տպագիր գիրքը հետզհետե պատմություն է դառնում՝ տեղը զիջելով թվային կրիչներին։ Այս մտահոգիչ իրողությանը հրատարակիչը գեղարվեստական պատասխան է տալիս։
Նյութական գիրքը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար՝ կոնսերվացման նոր մեթոդ են մշակել։
«Իմ կարծիքով, մեղրը միակ կոնսերվանտն է, որը կարող է օգնել պահպանել գրքերը։ Մեղրը հավերժական է, մենք դա գիտենք Եգիպտական բուրգերից։ Չեք գտնի որեւէ սննդամթերք, որը կարող է պահպանվել այդքան տարի։ Նրանում ջուրը շատ քիչ է, ընդամենը 5%։ Այս նախագծի համար մենք օգտագործում ենք ակացիայի մեղր, որը չի շաքարակալում, բյուրեղներ չեն հայտնվում, ինչը հնարավորություն է տալիս պահպանել գրքերի տեսքը։
Տեխնոլոգիան շատ պարզ է։ Գրքի 3 բլոկները պատվում են մեղրամոմի բարակ շերտով, որպեսզի ապակոնսերվացման ժամանակ էջերը մաքուր մնան։ Գիրքը տեղադրվում է պաշտպանիչ տուփի, հետո թափանցիկ տարայի մեջ, որը լցվում է մեղրով։
Բացելուց հետո անհրաժեշտ է միայն տաք ջրով ու կտորով մաքրել մոմը։ Ես արդեն այդպիսի փորձ արել եմ։ 6 տարի այս եղանակով պահելուց հետո ապակոնսեվացրել եմ, ոչինչ չի փչանում»,- պատմել է Գրիգոր Երիցյանը։
Այս եղանակով հրատարակիչը կոնսերվացրել է ռուս գրականության 100 հատոր, ինչի համար պահանջվել է մոտ 170 կգ մեղր։
«Մատենադարան» ծավալուն աշխատությունը «СЛОВО/SLOVO» հրատարակչության «Աշխարհի մեծագույն թանգարանները» շարքի 43-րդ գիրքն է։
Հեղինակները Մատենադարանի աշխատակիցներն են՝ Էդդա Վարդանյանի գլխավորությամբ։
«Այս հրատարակության անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, որովհետեւ, եթե չեմ սխալվում, Մատենադարանին վերաբերող առանձին աշխատություն հրատարակվել էր 1962 թվականին, բայց այն ներկայացնում էր միայն Մատենադարանի ձեռագրական ժառանգությունը։
Շատերը Մատենադարանը պատկերացնում են որպես թանգարան, գիտնականները՝ որպես գիտահետազոտական ինստիտուտ, շատ մարդիկ Մատենադարանը գիտեն իբրեւ վերականգնման կենտրոն, պահոց, բայց Մատենադարանն այս բոլորի հավաքական միասնությունն է։ Եվ չափազանց կարեւոր է, որ այս աշխատությունն անդրադարձ է կատարել այս բոլոր ուղղություններին»,-շնորհանդեսին ասել է Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։
5 տարվա ընթացքում ստեղծված գիրքը հայերեն եւ ռուսերեն ներկայացնում է Մատենադարանի բոլոր հավաքածուները՝ ձեռագրերը, հնատիպ գրքերը, արխիվային նյութերը։ Առանձին բաժին նվիրված է հավաքածուների զարգացման ու համալրման պատմությանը, Մատենադարանի շենքի ճարտարապետությանը։
«Այս գիրքն այնպես է ստեղծված, որ դառնա ընտանեկան մասունք եւ փոխանցվի սերնդեսերունդ։ Ինչպես հայկական հին ձեռագրերում, այստեղ էլ վերջում ազատ էջեր կան, որպեսզի գրքի տերը կարողանա նոթեր թողնել՝ ում է ուզում փոխանցել այն։ Այսպես սերունդները կարող են գրքի հիման վրա կազմել իրենց տոհմածառը, պահպանել իրենց տոհմը, առանց որի հայ ժողովուրդը վաղուց կորած կլիներ», – ասել է Գրիգոր Երիցյանը։
Նախագծի գաղափարի համաձայն՝ «Մատենադարան» գրքի մեկ օրինակը մեղրի մեջ կպահվի մինչեւ 4052 թվականը։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Leave a Reply