ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը

Written by

in

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը Ծաղկաձորում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ իրականացվող «ՓՄՁ-ների թվային վերափոխում» (DT4SME) ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱԱԲ նախարարությունից:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի հետազոտական և նորարարական ներուժի տնտեսական իրացման, տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի զարգացման, գիտական արդյունքների առևտրայնացման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների թվայնացմանն առնչվող հարցեր։

Տաթև Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (TTO) ստեղծման և դրանց շուրջ գործուն էկոհամակարգ ձևավորելու նախարարության տեսլականը։ Ընդգծվել է, որ նպատակը ոչ միայն նման գրասենյակների ստեղծումն է, այլև գիտնականներին և հետազոտողներին անհրաժեշտ աջակցությամբ ապահովելը՝ նրանց գյուտերը, մշակումներն ու գիտական արդյունքները առևտրայնացնելու և մրցունակ արտադրանքի ու բիզնես լուծումների վերածելու համար։

Այս համատեքստում կարևորվել է գիտական և հետազոտական գործունեությամբ զբաղվող մասնագետների բացահայտումը, մասնավորապես՝ այն հետազոտողների նույնականացումը, որոնք կարող են իրենց մշակումների հիման վրա ստարտափներ ստեղծել և ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ գիտնականից ձեռնարկատեր դառնալը պահանջում է լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, ուստի անհրաժեշտ է նրանց տրամադրել գաղափարի գնահատումից և շուկայի պահանջների բացահայտումից մինչև նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) մշակում ու շուկա դուրս գալու գործընթացն ընդգրկող գործնական ուղեցույց և աջակցություն։

Տաթև Ասլանյանն անդրադարձել է նաև ստարտափների, նորարարների և գիտնականների գյուտերի մտավոր սեփականության պաշտպանության հարցերին։ Նշվել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ գիտնականներին իրենց գյուտերի իրավական ամրագրման, պաշտպանության և առևտրայնացման հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ ուղղորդում տրամադրելու նպատակով։ Կարևորվել է այնպիսի մեխանիզմների ձևավորումը, որոնք կպաշտպանեն գիտնականների, համալսարանների և պետության շահերը՝ միաժամանակ խթանելով նորարարական գործունեությունն ու ներդրումների ներգրավումը։

Նախարարի տեղակալը կարևորել է տեխնոլոգիաների փոխանցման ամբողջական էկոհամակարգի ձևավորման գործում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, գիտական համայնքի, համալսարանների, բիզնես գործընկերների և ներդրողների համագործակցությունը։ Ընդգծվել է այս կառույցների և շահագրգիռ կողմերի միջև մեկ հարթակում համախմբվելու, շարունակական հանդիպումներ և երկխոսություն ապահովելու անհրաժեշտությունը՝ գիտական ներուժը տնտեսության կարիքներին կապելու, նորարարական գաղափարները զարգացնելու և տեղական ու միջազգային ներդրումային հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների՝ արհեստական բանականության լուծումների ներդրման և բիզնես գործընթացներում ինտեգրման խոչընդոտներին։ Որպես հիմնական մարտահրավերներ՝ առանձնացվել են համապատասխան մարդկային կապիտալի և մասնագիտական հմտությունների պակասը, ինչպես նաև բիզնեսի կողմից արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և դրա միջոցով ստեղծվող արժեքի ոչ լիարժեք ընկալումը։ Այս համատեքստում կարևորվել է ՓՄՁ-ների համար աջակցության և խթանման մեխանիզմների մշակումը, որոնք կնպաստեն արհեստական բանականության գործիքների հասանելիության ընդլայնմանը և դրանց արդյունավետ կիրառմանը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև ՏՀԶԿ-ի, ԳՄՀԸ-ի և նախարարության համագործակցությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ ՓՄՁ-ների թվայնացման ճանապարհային քարտեզի մշակման արդյունքները։ Տաթև Ասլանյանն անդրադարձել է դրա արդիականացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները, արհեստական բանականության լուծումների ինտեգրման հնարավորությունները և բիզնեսի առջև ծառացած նոր մարտահրավերները։

Նշվել է, որ տեխնոլոգիաների փոխանցման զարգացումը, գիտական ներուժի և առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդյունավետ համադրումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի՝ սեփական մտավոր սեփականություն, նորարարական արտադրանք և միջազգային մրցունակ ընկերություններ ստեղծող տնտեսության զարգացման համար։

«ՓՄՁ-ների թվային վերափոխում» (DT4SME) ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ուղղված են բուհերի և արտադրության միջև համագործակցության ամրապնդմանը, հետազոտությունների՝ բիզնեսի կարիքներին համապատասխանեցմանը, տեխնոլոգիաների փոխանցման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև հայ նորարարների՝ միջազգային փորձին, ներդրումներին և շուկաներին կապելու հնարավորությունների ընդլայնմանը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ համագործակցությամբ։

Աշխատաժողովի շրջանակում Տաթև Ասլանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ՝ առաջիկա շաբաթներին նախարարության կողմից ձևավորված տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (TTO) տեսլականի վավերացման գործընթացին աջակցելու վերաբերյալ։ Գործընթացը կիրականացվի «Բեռլին Էկոնոմիքս» (Berlin Economics) կազմակերպության մասնակցությամբ՝ գնահատելու մշակված տեսլականի հիմնավորվածությունն ու իրագործելիությունը և ներկայացնելու դրա հետագա իրականացմանն ուղղված առաջարկություններ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *