Ինչպես էր Բանդերայի զինակիցը փորձում հավաքագրել Իգոր Տեր-Հովհաննիսյանին

Written by

in

Ավելի քան 20 տարի The New York Times-ում աշխատած Սթիվեն Քինզերը հրատարակել է «Boiling Point: How America Brought War to Ukraine» («Եռման կետ. ինչպես Ամերիկան պատերազմ բերեց Ուկրաինա») գիրքը: 
«Կոմերսանտ»-ը գրքից հատվածներ է հրապարակել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի դրվագ այն մասին, թե ինչպես էր 1960 թվականին Հռոմի Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) փորձել հավաքագրել հեռացատկորդ Իգոր Տեր-Հովհաննիսյանին: 
Ստիվեն Քինզերը գրում է, որ գործողությունը ղեկավարոմ էր Միկոլա Լեբեդը՝ «Ստեփան Բանդերայի մտերիմ զինակիցը»:
«1934 թվականին նրանք միասին կազմակերպել էին Լեհաստանի ներքին գործերի նախարարի սպանությունը, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարում էին լեհերի եւ հրեաների զանգվածային սպանությունները»,- գրում է Քինզերը։
ԿՀՎ գործակալները 1960 թվականի Հռոմի Օլիմպիական խաղերում երեք խորհրդային մարզիկներին առանձնացրել էին որպես «հեռանկարային թիրախներ»: 
Առաջինը Թամարա Պրեսն էր՝ սկավառականետման աշխարհի ամենատիտղոսակիր մարզուհին: Երկրորդը ձողացատկորդ Իգոր Պետրենկոն էր:
Ամենահեռանկարայինը համարվում էր 21-ամյա հայազգի Իգոր Տեր-Հովհաննիսյանը, որը ծնվել էր Կիեւում եւ այդ պատճառով ուկրաինացի էր համարվում:
Տեր-Հովհաննիսյանը՝ հեռացատկի Եվրոպայի չեմպիոնը, ինքնուրույն անգլերեն էր սովորել, հիանում էր Միացյալ Նահանգներով, սիրում էր ջազ եւ պաշտում էր ամերիկացի վազորդ Ջեսի Օուենսին:
Միկոլա Լեբեդը որոշեց, որ Հռոմի Օլիմպիական խաղերում ինքն ու իր գործակալները բոլոր ջանքերը կգործադրեն՝ համոզելու Տեր-Հովհաննիսյանին փախչել Միացյալ Նահանգներ:
Միացյալ Նահանգներում ուկրաինական էմիգրանտական խմբավորումների շատ առաջնորդներ եւ հենց ինքը՝ Լեբեդը, թաթախված էին արյան մեջ, վարկաբեկված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների հետ ունեցած կապերով եւ հազիվ թե ընդունելի լինեին բարեկիրթ հասարակության մեջ: 
Գեղեցկադեմ, երիտասարդ չեմպիոնը դրա լիակատար հակապատկերը կլիներ]
[Թամարա Պրեսն անտեսեց կապ հաստատելու փորձը: Նույն կերպ վարվեց նաեւ մարմնամարզության աստղ Լարիսա Լատինինան:
Տեր-Հովհաննիսյանի հետ կապ հաստատելու համար ԿՀՎ-ն հավաքագրեց Ամերիկայի օլիմպիական հավաքականի երկու հայտնի մարզիկների: Էլ Կանտելոն նախկին ծովային հետեւակային էր եւ նիզականետման աշխարհի գործող չեմպիոն: Ավելի մեծ աստղ էր վազորդ Դեյվ Սայմը:
Հռոմում Կանտելոն գտավ Տեր-Հովհաննիսյանին, խոսեց նրա հետ եւ այն եզրակացության եկավ, որ վերջինս կարող է հեռանալ ԽՍՀՄ-ից: Հաջորդ հանդիպմանը Կանտելոն իր բերեց ԿՀՎ սպային եւ նրանց մենակ թողեց: 
Սակայն,  ԿՀՎ գործակալը վկայել էր, որ «սուբյեկտը որեւէ ազգայնական հայացքներ չարտահայտեց»:
Դեյվ Սայմը նույնպես մոտեցել էր Տեր-Հովհաննիսյանին: Խորհրդային մարզիկը նրան ասել էր, որ «Խորհրդային Միությունում իր մասին հոգ են տանում, նա բնակարան, մեքենա, դասախոսական պաշտոն ունի»: «Եվ ինձ ավելին կտան, եթե ես այստեղ մեդալ նվաճեմ»,- փոխանցել էր նա Տեր-Հովհաննիսյանի խոսքերը:
Հանդիպմանն անսպասելիորեն միացել էր ԿՀՎ-ի գործակալ, ում Սայմը ճանաչում էր որպես «միստր Վուլֆ»:
«Միստր Վուլֆը» խնդրեց Սայմին հեռանալ, որպեսզի կարողանա առանձին խոսել Տեր-Հովհաննիսյանի հետ: Սակայն նրա հրաժարվեց, վեր կացավ եւ հեռացավ Սայմի հետ՝ ճանապարհին նրան ասելով. «Ես վախենում եմ»:
«Դրանով ամեն ինչ ավարտվեց. ԿՀՎ-ն ձախողվեց»,- ավելի ուշ ասել էր Սայմը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *