Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»։ Այս մասին գրել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Օրերս լրահոսում նկատեցի, որ Սահմանադրական խորհրուրդը քննարկում է «Հանրապետություն» կուսակցության առաջարկով Սահամանադրության նախագծում ներառել Հայաստանի ԵՄ անդամակցության դրույթը։ Արամ Սարգսյանն էլ իր հարցազրույցներից մեկում, անունս չտալով, բայց ակնհայտորեն անդրադառնալով իմ հարցազրույցին, զարմանում է, թե ինչպես կարող է նախկին բարձրաստիճան պաշտոնյան Եվրամիությունից կախվածությունը համեմատել Ռուսաստանից կախվածության հետ։ Իմ նախկին գործընկերնեից ոչ մեկի համար գաղտնիք չի այս հարցի վերաբերյալ իմ տեսակետը։ Ու քանի որ թեման արդեն բացվել է, մտածեցի՝ արժե մի քիչ ավելի հանգամանորեն խոսել այդ մասին։
Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարն առաջին հայացքից գրավիչ է թվում։ Ավելին՝ շատերի համար այն Հայաստանի քաղաքակրթական ընտրության բնական շարունակությունն է։ Բայց ես կարծում եմ, որ այս հարցում մենք հաճախ ցանկալին շփոթում ենք հնարավորի հետ։
Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը գնահատելիս պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական։ Եվ այստեղ է իմ հիմնական մտահոգությունը. ի՞նչ է տեղի ունենալու, երբ Հայաստանը շարունակի հետապնդել մի նպատակ, որի իրագործման իրական հնարավորությունները, ըստ էության, բացակայում են։ Իմ համոզմամբ՝ այդ ճանապարհով արված յուրաքանչյուր նոր քայլ ոչ թե նվազեցնում, այլ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։
Հայաստանի նորագույն պատմությանը նայելիս մի շատ հստակ և դաժան օրինաչափություն է երևում. ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում»։
- 1990-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ մերձենալու փորձերն ավարտվեցին ՀԱՊԿ-ի անդամակցությամբ և 1997 թվականին Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի ստորագրմամբ՝ ամրապնդելով Հայաստանի ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ։
- 2010-ականներին Սերժ Սարգսյանի իշխանության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու փորձն ավարտվեց 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու որոշմամբ, որին հաջորդեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Այսօր այս նույն պատմությունը կարծես կրկնվում է, բայց շատ ավելի վտանգավոր սցենարով։ ԵՄ անդամակցության մասին խոսակցություններին և քայլերին զուգահեռ՝ ես տեսնում եմ Հայաստանը ռուս-բելառուսական «Միութենական պետության» մեջ ներքաշելու սպառնալիքի մեծացում։
Ես ինքս տեսել եմ, թե որքան ազատություն ունեինք Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու հարցում մինչև ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումը, և ինչպես են այդ հնարավորությունները սահմանափակվել դրանից հետո։
Այն ժամանակ, երբ ռուս սահմանապահները դուրս էին գալիս Հայաստան-Ադրբեջան սահմանների 17 կետերից, ՌԴ ԱԴԾ զորքերը դուրս էին գալիս Զվարթնոցի անցակետից, Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա անցակետերից, երբ ԵՄ դիտորդները տեղակայվում էին Հայաստան-Ադրբեջան սահմաններին, երբ ԵՄ-ն Հայաստանին տրամադրում էր խաղաղության գործիքը, երբ Հայաստանը ԵՄ անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն էր սկսում, երբ մեկնարկեց ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, երբ տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը, որի արդյունքում Հայաստանը 270 մլն եվրո աջակցություն ստացավ դիմակայունության ծրագրերի համար, երբ Հայաստանը ԱՄՆ-ի հետ մեկնարկեց «Արծիվ գործընկերներ» զորավարժությունները և ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթղթերը, այդ ամենի ընթացքում Հայաստանը չուներ ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենք։
Սակայն այդ օրենքի բացակայությունը չէր խանգարում Հայաստանին իրական քայլերով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից և խորացնել համագործակցությունն մյուս գործընկերների հետ։
Իսկ ի՞նչ տեղի ունեցավ ԵՄ անդամակցության մասին օրենքն ընդունելուց հետո։
Հայաստանում սկսեց ավելի տեսանելի դառնալ Ռուսաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական ներկայությունը։ Ռուսամետ քաղաքական ուժերին տրված ձայների թիվը 330 հազարից հասավ 546 հազարի, «Ռոսսոտրուդնիչեստվոն» նախաձեռնեց նոր «Ռուսական տների» բացումը Հայաստանի մարզերում, նոր ատոմակայանի կառուցման հարցում այլևս չի բացառվում ռուսական տարբերակը, իսկ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը Ռուսաստանի մասնակցությունն արդեն քննարկվում է։ Այս ամենի խորհրդանշական, բայց շատ խոսուն արտահայտությունն այն է, որ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարումը հայտնվեց ռուսամետ ուժի ձեռքում։
Երբ որ Հայաստանի հանրությունը քննարկում է որևէ համայնքում դպրոց կառուցել, թե՞ հիվանդանոց, թե՞ ճանապարհ Ռուսաստանը գրեթե շանս չի ունենում այդ քննարկումանը մասնակցելու, իսկ երբ սկսում է քննարկել ԵՄ-ին անդամակցության հարցը, ապա դրանով հրավիրում է ՌԴ-ին մասնակցելու այդ հարցի քննարկմանը և արդյունքներն էլ ակնհայտ են։
Սա պատահականություն չէ: ԵՄ անդամակցության մասին հայտարարություններն ու քայլերը կտրուկ սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանի կոշտ և ագրեսիվ հակազդեցության պայմաններում Հայաստանի պետական իմունային համակարգը պարզապես ի վիճակի չէ դիմակայելու Մոսկվայի տնտեսական, քաղաքական և հիբրիդային ճնշումներին: Արդյունքում, չունենալով Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքները՝ Հայաստանը ոչ միայն չի կարողանում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, այլև ավելի խոցելի է դառնում նրա ճնշումների նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
Leave a Reply