Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 28-ին Լոնդոնի Կոմիտաս Ինստիտուտը կազմակերպում է պատմաբան, Հայաստանի առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի նոր գրքի առցանց շնորհանդեսը:
«Որտեղ Սառը պատերազմը երբեք չավարտվեց, իսկ նոր աշխարհակարգն այդպես էլ չհաստատվեց. ղարաբաղյան դիվանագիտությունը 1990-ականներին» (Where the Cold War Never Ended and the New World Order Never Arrived: Karabakh Diplomacy in the 1990s) երկհատոր աշխատությունը Կոմիտաս Ինստիտուտը լույս է ընծայել այս տարի:
Շնորհանդեսի ժամանակ Ժիրայր Լիպարիտյանը «կխոսի այն մասին, թե ինչն էր հնարավոր այն ժամանակ, ինչու բանակցությունները տեւական կարգավորման չհանգեցրին եւ ինչ է այս պատմությունը ուսուցանում Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման դժվարությունների մասին», ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Քննարկմանը կմասնակցեն Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Թուրքիայի եւ Կիպրոսի ծրագրերի տնօրեն Նիգյար Գյոքսելը եւ պատմաբան Ռոնալդ Սյունին։ Քննարկումը վարելու է Armenian Reporter պարբերականի նախկին խմբագիր Վինսենթ Լիման:
«Առաջին հատորը մանրամասն ներկայացնում է բանակցությունները եւ դրանք ձեւավորած քաղաքական ու դիվանագիտական զարգացումները։
Այստեղ խոսվում է 1994 թ. հրադադարի, միջազգային միջնորդների, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ այլ միջազգային դերակատարների ներգրավվածության մասին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առջեւ ծառացած որոշումներին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշմանը եւ այն խոչընդոտներին, որոնք խանգարում էին երկու կողմերի համար ընդունելի կարգավորման հասնելուն։
Երկրորդ հատորում ներառված են ծավալուն հարցազրույցներ քաղաքական գործիչների, դիվանագետների, բանակցողների եւ միջնորդների հետ։ Այդ վկայությունները ներկայացնում են գործընթացի հիմնական մասնակիցների տեսակետները, հաշվարկները, տարաձայնություններն ու հիշողությունները եւ լրացնում են առաջին հատորի պատմական վերլուծությունը», – տեղեկացնում է Կոմիտաս Ինստիտուտը:
Ինստիտուտի կայքից տեղեկանում ենք, որ երկրորդ հատորում ներկայացված են Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցները Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ազգային անվտանգության հարցերով վերջինիս խորհրդական Աշոտ Մանուչարյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, նախագահի, կառավարության աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանի հետ:
Գրքում տեղ են գտել հարցազրույցներ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի եւ դիվանագետներ Արազ Ազիմովի, Թոֆիկ Զիլֆուհարովի, Վաֆա Գոլուզադեի եւ ընդդիմադիր գործիչ Իսա Ղամբարի հետ:
Հեղինակը զրուցել է նաեւ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի, բարձրաստիճան թուրք, ռուս, իրանցի, եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետների հետ:
Leave a Reply