Ռոբերտ Գրիգորյանը համարում ուներ ոչ միայն Կապանում, Սյունիքում, այլ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Կոլորիտային մարդ, բազմակողմանի զարգացած, խորագիտակ անձնավորություն։ Հրաշալի տիրապետում էր հին հայերենին՝ գրաբարին, շատ դեպքերում ավելի լավ, քան բազում բանասերներ։ Անչափ գրագետ գրավոր խոսք ուներ, իսկ բանավորը պարզապես գերում էր զրուցակցին։ Իսկը քայլող հանրագիտարան։
Ավա՜ղ, երկրային կյանքով ապրեց ընդամենը 69 տարի:
Նոյեմբերի 10-ին Քաջարանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Ռոբերտ Գրիգորյան-Էջանանցու ծննդյան 80-րդ տարեդարձին նվիրված հուշ երեկո։
Ծնվել է 1946 թ․ հոկտեմբերի 25-ին Ղափանի Առաջաձոր գյուղում, գյուղական ուսուցիչների ընտանիքում։ 14 տարեկանից ճաշակել է որբության դառը պտուղը՝ մեծանալով Հերիքնազ տատի խնամքի տակ՝ երեք երեխաներով։ Յոթնամյա կրթություն է ստացել Առաջաձորի դպրոցում, ավարտել Շրվենանցի միջնակարգը, ԽՍՀՄ լուսավորության մինիստրության մանկավարժական դասարանը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզմաթ ֆակուլտետը՝ բոլորը գերազանցությամբ։
1964 թ.-ից աշխատել է Լեռնաձորի դպրոցում, եղել է ուսմասվար, 1984-ից` տնօրեն։ 1977-ին նրա մանկավարժական փորձն ուսումնասիրել է հանրապետության լուսավորության նախարարության կոլեգիան, հրապարակել առանձին գրքույկով, կարճամետրաժ ֆիլմ են նկարել այդ մասին։
Ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական ընկերությունների համամիութենական խորհրդի անդամ։
Հրապարակել է լրագրային և ամսագրային տարաբնույթ 600-ից ավելի հոդված։
Հայ մաթեմատիկական պատմական նյութեր է հրապարակել խորհրդային և գերմանական ամսագրերում։ Խմբագրել է յոթ գրքույկ։ Պարգևատրվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության «Գաուս-200» հուշամեդալով (գերմանական մաթեմատիկական ընկերություն), «Մովսես Խորենացի», «Ակսել Բակունց» մեդալներով։ Արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, որից հրաժարվել է։
Ցուցադրվեց տեսանյութ․ էկրանից տարածվում էր նրա կենդանի խոսքը, թե ինչպես սկսեց մանկավարժի ուղին։ Հետո հնչում է Շուշան տատից լսած և գրառած խաղիկը՝ որ որևէ հավաքի կամ միջոցառման ժամանակ սիրում էր երգել ու արտասանել՝ ստեղծելով անմիջական մթնոլորտ։
Հենա օրը նօրալա,
Նօրալա, պիլլորալա,
Քու լըսնենգա իրեսաթ,
Իմ սէրտըս մըլլօրալա:
Հանդիսությունը վարում էր դուստրերից Լիլիթը, ով կարդաց հայրիկի հավաքած ժողովրդկան բանահյուսության նմուշներից՝ հանելուկներ, օրհնանքներ, անեծքներ, խաղիկներ։
Երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի պալատի անհատ կատարողները՝ Նարա Մկրտչյանը (քանոն), Գոհար Հովհաննիսյանը (դաշնամուր), Լիլիթ Գրիգորյանը (ֆլեյտա), երգիչ Վահե Ստեփանյանը։
Վերջում ելույթներ եղան, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը նշեց, որ Էջանանցու տեղը նրա անժամանակ հեռանալուց հետո մնացել է թափուր և երկար ժամանակ դատարկ կլինի։ Նա նաև նկատեց, որ Երվանդ Լալայանից, Ստեփան Լիսիցյանից, Ղևոնդ Ալիշանից, Սերո Խանզադյանից հետո Էջանանցին էր, որ մեր երկրամասում զբաղվեց ֆոլկլորով, ազգագրությամբ և տեղագրությամբ։
Էջանանցու վաստակն իրենց խոսքում արժևորեցին և հուշեր պատմեցին Հասմիկ Համբարձումյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Մերուժան Աթայանը, էլի ուրիշներ։ Իսկ աղանդերի սեղանի շուրջ շարունակվեց հուշերի շղթան։
Վահրամ Օրբելյան
Leave a Reply